Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրահավաք Կապանում

Հունիս 17,2013 11:18

Կապանում այսօրվանից ստորագրահավաք է մեկնարկում՝ ընդդեմ Կապանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու համայնքի ավագանու հունիսի 7-ին կայացրած որոշման: Վերջերս Կապանում բարձրացած բողոքի ալիքը շարունակում է մեծ թափ ստանալ, քաղաքապետարանի եւ մարզպետարանի մոտակայքում կտեդադրվեն սեղաններ ՝ հատուկ ստորագրահավաքի անցկացման համար, որտեղ կապանցիները հնարավորություն կունենան իրենց կարծիքը հայտնելու «Պահանջում ենք Կապանի ջրամատակարարման կառավարումը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից քաղաքային իշխանություններին վերադարձնել» նախաձեռնող խմբի այս պահանջի վերաբերյալ՝ դեմ կամ կողմ քվեարկելու միջոցով:

Իսկ «Իրավական հասարակություն» հասարակական կազմակերպությունը ուրբաթ օրը դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն  Պատրիկ Լորենին՝ պահանջելով օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում տրամադրել իր ղեկավարած հիմնարկի վերջին 5 տարիների տարեկան բյուջեի եկամուտների, ծախսերի և ներդրումների, ինչպես նաեւ մի շարք այլ կարեւոր հարցերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն, որոնք առնչվում են Կապանի տեղամասին: Միեւնույն ժամանակ, մարզկենտրոնում ստեղծված նախաձեռնող խումբը գրություն է ուղարկել Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին եւ համայնքի ավագանուն՝ նշված որոշումը կից հիմնավորումներով հանդերձ իրենց տրամադրելու, ներկայացնելու նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից ներկայացված աշխատանքային նախագծի և կից գրության պատճենները, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հետ նախկինում կնքված պայմանագրի/պայմանագրերի և դրանց համար հիմք հանդիսացած ավագանու նախկին որոշումների, ինչպես նաև աշխատանքային նախագծերի և դրանց կատարողականների պատճենները եւ այլն: «Առաջարկում ենք նաև պարզաբանել, թե ինչու հանրային նշանակություն ունեցող տվյալ հարցին Կապանի համայնքը չի փորձել լուծում տալ տեղական հանրաքվեի կազմակերպման միջոցով»,-նշված է գրության մեջ:

Նշենք, որ Կապանի հասարակության շրջանում բարձրացած բողոքի ալիքը հիմնավորվում է նրանով, որ տեղացիները դժգոհ են «Հայջրմուղկոյուղու»  մատուցած ծառայություններից, հաճախակի տեղի ունեցեղ վթարներից, անորակ ջրի մատակարարումից, հորդառատ տեղումների ժամանակ բաժանորդներին ոչ պիտանի ջուր մատակարարելուց, ջրագրաֆիկ խախտումներից եւ անընդունելի են համարում առանց հանրության կարծիքը հաշվի առնելու նման որոշում կայացնելու հանգամանքը:

Խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաեւ Պատրիկ Լորենի հետ, որը հավաստիացրեց, թե 2004թ-ից ի վեր Կապանում բարելավվել է ջրամատակարարման համակարգը, ներդրումներ են արվել այս տարիների ընթացքում, ներքին ցանցի նորոգման, ջրագրաֆիկի բարելավման աշխատանքներ են տարվել եւ այլն : Իսկ մեր այն հարցին, թե այնուամենայնիվ ավագանու որոշումը ուժի մեջ չմտնելու դեպքում ինչպե՞ս կարձագանքի ջրմուղը եւ իր հետագա գործունեությունն ինչպե՞ս է մտադիր կազմակերպել, պարոն Լորենը պատասխանեց. «Մեկ բան պարզ է, եթե քաղաքապետարանը այդ համաձայնագիրը չստորագրի, առաջին հերթին մենք ոչ մի ներդրումներ չենք իրականացնի, եւ մեզանից միայն կմնա այն, որ քաղաքի մուտքի մոտ կտեղադրենք ընդհանուր մեկ մեծ ջրաչափ, ու քանի որ մենք ենք այդ աղբյուրի եւ մայր ջրատարի տերը, ապա մեր եկամուտը կլինի 10 անգամ ավելին: Սակագինը քիչ կլինի, չի բարձրանա, բայց ջրի քանակը շատ կլինի ու մեր եկամուտը 10 անգամ ավելին կլինի», – ասաց Պատրիկ Լորենը:

Պարոն Լորենի հետ ամբողջական հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930