Հունիսի 15-ին բացվել է ամառային ուղևորափոխադրումների սեզոնը և Երևանից-Բաթումի մեկնեց այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Սեզոնի բացումն այս տարի հատկապես խորհրդանշական էր, քանի որ Երևան-Բաթումի գնացքի լոկոմոտիվն էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջին անվանական լոկոմոտիվը՝ «Արարատ Խրիմյան»:
Սեզոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի փոխնախարար, Տրանսպորտի և կապի նախարարության Երևանի երկաթուղու դեպարտամենտի պետ (2000-2004 թթ.), «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն (2004-2008 թթ.) Արարատ Խրիմյանի (21.10.1951 – 13.09.2012) այրին ու դուստրը:
Ինչպես հայտնեց «Արմենիա» ֆիրմային գնացքի մեկնման արարողության ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Վալկոն, Ընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ սպասարկման որակի բարելավման և գնացքներում հարմարավետության մակարդակի բարձրացման քաղաքականությանը, և այս տարի հաջողվել է կրճատել Երևանից Բաթումի ճանապարհի ժամանակը ևս կես ժամով:
– Էապես թեթևացավ նաև տոմսերի գնման գործընթացը: Այժմ ուղևորները կարող են տոմսերը գնել ոչ միայն Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Արմավարի կայարանների տոմսարկղերում, այլ նաև օնլայն՝ «ՀԿԵ» ՓԲԸ կայքում: Բացի այդ տոմսարկղը բացվել է նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Տոմսի գնման ժամանակ հերթեր արդեն չեն գոյանում, քանի որ տոմսի ձևակերպման ժամանակը կրճատվել է 10-ից մինչև 2 րոպե, – ընդգծեց Սերգեյ Վալկոն:
Այս տարվա հիմնական նորամուծություններից նա նշեց, մասնավորապես, ննջավագոններում անվճար Wi-Fi կապի գործարկումը և Վրաստանի տարածքում տեղի ոստիկանության կողմից գնացքի ուղեկցությունը:
Սերգեյ Վալկոն նշեց, որ 5 տարվա ընթացքում Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնողների թիվը կրկնապատկվեց 6 անգամ: 2012 թվականին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվը գերազանցեց 50 հազար, ինչը 22 տոկոսով ավելին է, քան 2011-ին:
– Համոզված եմ, որ այս տարի ուղևորների թիվն էլ ավելի կաճի: Մենք պատրաստվում ենք շարունակել արդիակակացման գործընթացը: Այսօր ֆիրմային
գնացքի կազմում 5 վագոն է, իսկ սեզոնին դրանց թիվը կկազմի արդեն 18 վագոն, – հայտարարեց նա:
ՀԿԵ գլխավոր տնօրենի պաշտոնակատարն հատուկ ուշադրություն դարձրեց Արարատ Խրիմյանի ձեռքբերումներին, նկատելով, որ նրա ղեկավարման տարիներին իրականացվեց մի շարք ծրագրեր, իսկ ինքը՝ Խրիմյանը իսկական հայրենասեր էր. 1991-1994 թթ. նա մասնակցում էր Հայայստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը, Արցախյան ազատագրական պատերազմի հերոս էր:
– Բնական է, որ մենք որոշեցինք շնորհել Արարատ Խրիմյանի անունը ՀԿԵ-ի առաջին անվանական լոկոմոտիվին: Դա խորհրդանշական է՝ կյանքից հեռանալուց հետո Արարատ Խրիմյանը շարունակում է աշխատել երկաթուղում: Լոկոմոտիվը սպասարկում է բարձր մասնագիտացված բրիգադը, որն ընտրվել է բավականին խիստ չափանիշներով, – ասաց նա:
Այս տարվա առաջին գնացքով Երևանից դեպի Սև ծով են մեկնել 114 ուղևորներ: Երևանից Բաթումի ճանապարհորդության ժամանակը կազմում է 15 ժամ 45 րոպե:
«ՀԿԵ» ՓԲԸ