Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարական է տվել Պռոշյանի գյուղապետի պաշտոնակատարը

Հունիս 16,2013 21:32

2013 թվականի ապրիլի 2-ի առավոտյան սպանեցին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանին: ՀՀ կառավարության որոշմամբ Պռոշյանում նոր գյուղապետ կընտրեն հուլիսի 14-ին, իսկ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ավագանու նախկին անդամ, անկուսակցական Արմենուհի Մելիքյանը:

Ենթադրվում է, որ ամեն ինչ արվել է  հարթ ընթացք ունենալու համար, սակայն լրատվամիջոցներն արդեն ահազանգել են, որ Պռոշյանում անառողջ լարվածություն կա` սպանված գյուղապետի կողմնակիցները խոչընդոտում են Արմենուհի Մելիքյանին, թույլ չեն տալիս  մտնել գյուղապետարան: Եվ սա այն դեպքում, երբ գյուղապետի պաշտոնակատարը խիստ սահմանափակ իրավունքներ ունի: Aravot.am-ի հետ  զրույցում տիկին Մելիքյանն ասաց, որ համաձայնել է ժամանակավորապես կատարել գյուղապետի պարականությունները հենց այդ լարվածությունը չեզոքացնելու, մեղմելու համար. «Ես չեմ էլ մտածում գյուղապետի ընտրությունում թեկնածու առաջադրվելու մասին, թող իմ վրա այդ լարվածությունը մեղմվեր, մարեր, բայց մարդիկ որոշեցին սենսացիա ու խարդախություն անել: Ու ես որոշեցի հրաժարվել միայն այդ ամենին մասնակից չլինելու համար»,-ասաց տիկին Մելիքյանը:

Արմենուհի Մելիքյանը հաստատ է որոշել, որ հրաժարվում է Պռոշյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Նա նաեւ հայտարարություն է անում.

«Հաշվի առնելով գյուղում գռեհիկ վարքագիծ դրսեւորող խմբի անկառավարելի, հակաօրինական, անհանդուրժող գործողությունները, վախը իմ անձի նկատմամբ` ֆիզիկական հաշվեհարդարի, իմ արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունների հետագա ծավալումից խուսափելու համար, ես խնդրել եմ Կոտայքի մարզպետ Շահգալդյանին դադարեցնել իմ կողմից Պռոշյան համայնքի ղեկավարի ժամանականավոր պաշտոնակատարի լիազորությունները: Միեւնույն ժամանակ դատապարտում եմ մարզպետարանի, ոստիկանության անգործությունը, ովքեր չկարողացան պաշտպանել օրենքի պահանջները, ինչպես նաեւ չկարողացան իրացնել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները: Իմ լավագույն ցանկությունները գյուղում թուլացնելու ստեղծված լարվածությունը, որոշ ուժերի կողմից բերեցին մի նոր`արդեն արհեստական լարվածության մարդկանց կողմից, ովքեր ունեն զենք կիրառելու մեծ մշակույթ: Դատապարտում եմ, որ ոչ մի պատկան մարմին չկարողացավ համայնքային ծառայողներին կարգի հրավիրել, կոռեկտության կոչ անել եւ ստիպել, որ կատարեն իրենց ծառայողական պարտականությունները: Ես դեռեւս շարունակելու եմ  ապրել Պռոշյանում եւ թող ամաչեն իմ աչքերին նայել այն մարդիկ, ովքեր դեռեւս չեն կարողանում տիրապետել հասարակ հոդաբաշխ խոսքով հարաբերվելու մշակույթին: Յուրաքանչյուր ոք դիմացինի մեջ տեսնում է իր պատկերը, դիմացինի մասին մտածում է իր բարոյականության չափանիշներով: Ես արհամարհում եմ իմ հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները, կոչ եմ անում իմ համագյուղացիներին ցուցաբերել զսպվածություն, բարձր կամք, չտրվել սադրանքներին: Կոչ եմ անում պատկան մարմիններին կանխել հետագա սանձարձակությունների դրսեւորումները, կանխել անչափահասների ներգրավումը որոշ լկտի մարդկանց կեղտոտ քաղաքական շահարկումներին: Դիմում եմ Հրաչ Մուրադյանի հարազատներին` մի տրվեք բանսարկությունների, որոշ մարդիկ ինքնագովազդի նպատակով խաղում են ձեր ազնիվ ու նվիրական զգացմունքների հետ: Որպես համագյուղացի եւ իրար ճանաչող մարդիկ, ձեզ հետ կիսում եմ ձեր վիշտը եւ ձեզ հետ հավասար շահագրգիռ եմ ստոր հանցագործների բացահայտմանը»:

Ու հիմա տուժում է գյուղը, չկա ոչ գյուղապետ, ոչ գյուղապետի ԺՊ: Փոխարենը Պռոշյանում կա բաց կոյուղի, անբարեկարգ փողոցներ եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մնացական says:

    Խնդիրը կարծում եմ ոչ թե տիկնոջ անձի մեջ է, այլ որ Կովալենկոն է այդպես ցանկացել

  2. արամ says:

    Խնդիրն այն է, որ «Իրար ուտում» ենք ու չենք կշտանում… դրանից հետո ՋՀԱՆԴԱՄԸ թե գազը չի թանկանա….

  3. armen says:

    Կովալենկոյի ցանկությանը նայող չկա,թող պռոշյանցիք չկիսվեն երկու բանակի, բայց կիսվում են ինչպես 1, 10, 100, 10000 տարի առաջ եւ հիմա բոլոր հայերը…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930