Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանին երեկ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են նույն հոսպիտալի պալատ:
168.am-ը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան հոսպիտալ են այցելել գնդապետի կրտսեր եղբայրն ու հայրը, որպեսզի նրան հայտնեն մյուս եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի մահվան մասին: Հոսպիտալի մոտ Բուդաղյանների հարազատներից մեկը հաստատել է լուրը եւ ասել, որ գնդապետը դեռ դեղերի ազդեցության տակ էր եւ դժվարությամբ էր արտահայտում էմոցիաները:
ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ փոխգնդապետ Արամ Ասատուրյանը հաստատել է լուրը. «Քանի դեռ նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում եւ վիճակը ծայրահեղ ծանր էր, մենք հարազատներին հորդորում էինք, որ այդ մասին ոչ մի խոսք չասեն: Այժմ Բուդաղյանն արդեն հիվանդասենյակում է եւ բարեկամները պետք է որոշեին՝ երբ ասեն»,- «168 ժամին» ասել է Ասատուրյանը: