Այսօր Բուսաբանական այգում մի շարք կամավորներ «Ժողովրդական դիվանագիտական առաքելություն», «Բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի և «Մաքրենք աշխարհը 2013» շարժման շրջանակներում կազմակերպեցին աղբահավաք: Աղբահավաքին մասնակցում էին
մարդիկ` աշխարհի տարբեր անկյուններից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Էստոնիայից և այլն: Քեվինը, ով ԱՄՆ-ի Ջորջիա նահանգից է և աշխատում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը, նախաձեռնության մասին իմացել էր Facebook սոցիալական ցանցից և շտապել բուսաբանական այգի:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքն անտարբեր չէր կարող լինել մի վայրի նկատմամբ, որտեղ երեխաներն են խաղում: «Սա շատ կարևոր վայր է, այդ պատճառով պարտադիր է, որ այստեղ մաքուր լինի: Մարդիկ պետք է սովորեն բնությունը մաքուր պահել»,-ասաց նա:
Մի խումբ օտարազգի ներկայացուցիչների հետ աղբահավաքին էր մասնակցում նաև Էլեն Խաչատրյանը: Նա նշեց, որ ինքը հաճախ է մասնակցում նման նախաձեռնությունների, սակայն առաջին անգամն է, որ օտարազգիների է հանդիպում:
«Այս փաստն ինձ ավելի ուրախացրեց, քանի որ սրա միջոցով միջմշակութային կապեր կստեղծվեն: Մենք հաճախ ենք ընկերներով տարբեր տարածքներ մաքրում, վերջերս աղբահավաք անցկացրել էինք բուսաբանական այգում, բայց կարծես նորից աղբ է հավաքվել»,-ասաց նա:
Օվսաննա Սիմոնյան