Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ավագանու նիստի օրակարգը չհաստատելը հակասում է քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությանը:
Դաշինքի տարածած հաղորդագրության համաձայն, ըստ կանոնադրության՝ «որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցողներ՝ գլխադասային հանձնաժողովի եւ քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները կամ քաղաքապետի ներկայացուցիչը», մինչդեռ հարակից զեկուցող չկար: Քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու հաստիքացուցակները հաստատելու վերաբերյալ հարցին «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչները դեմ քվեարկեցին՝ համարելով, որ աշխատակազմը ուռճացված է եւ հարցը պատշաճ քննարկում չի անցել: Օրինակ՝ կան անտրամաբանական բարձր աշխատավարձեր. քաղաքապետարանում վարչության պետերի աշխատավարձը գերազանցում է ՀՀ պատգամավորի աշխատավարձը եւ այլն:
Խմբակցությունը դեմ քվեարկեց նաեւ օրակարգի 2-րդ հարցին, որը վերաբերում էր կանոնադրությունում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաեւ՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հարցերին, որոնք վերաբերում էին քաղաքապետի տեղակալների հաստատմանը: Օրակարգի 7-ից 10-րդ հարցերը վերաբերում էին քաղաքապետարանին որպես նվիրատվություն հանձնված գույքը ընդունելուն, Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/17 հասցեում կառուցվող շենքերում հասցեների տրամադրման դիմաց գանձվող վճարը 15 հազարից 5000 սահմանելուն, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին եւ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գեւորգյանին բնակարան նվիրելուն: Դաշինքը կողմ քվերակեց այդ որոշումներին՝ միաժամանակ նշելով, որ Իրինա Զաքյանին վերաբերող նախագծում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը չէ, որ ներկայացված են ավագանու անդամներին: Դաշինքի ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին նաեւ Սուրեն Սաֆարյանի, Վազրիկ Սեկոյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման թույլտվություն տալու վերաբերյալ հարցերին: