Արդեն գիտեինք, որ այս տարի Հայաստանը առաջին անգամ մասնակցելու է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթին, որը տեղի էր ունենալու հունիսի 14-ին Լեհաստանում, Հայաստանի մասնակիցն էլ Վահագն Մարգարյանն էր: Եվ ահա մրցույթը կայացավ ու հաղթողի կոչմանն արժանացավ Նիդերլանդների ներկայացուցիչը:
Մասնակիցները նախ հանդես եկան անհատական պարով, այնուհետև խմբակային: Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց երկու մասնակցի` Գերմանիայի ու Նիդեռլանդների ներկայացուցիչներին, այնուհետև հաղթողին, այս մասին գրել է panorama.am-ը:
Մեկ այլ մրցույթում հաջողություն է ունեցել «Eva RockBand» խմբի վոկալիստ Եվա Ոսկանյանը: Խոսքը Գերմանիայում տեղի ունեցած «Կոմիտասյան երգի» մրցույթ-փառատոնի մասին է, որին Եվան երկրորդ տարին է մասնակցում, և երկրորդ անգամը նրան մեծ հաջողություն բերեց, նա հաղթեց մրցույթում. «Առաջին անգամ անցյալ տարի եմ մասնակցել, բայց միայն փառատոնի հատվածում՝ ներկայացնելով Կոմիտասի «Դլե յաման» երգն ու արժանանացել հանդիսատեսի համակրանքին»,- esyes.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին, ով այս տարի մասնակցել է նաև մրցութային փուլին` կատարելով Կոմիտասի «Գարուն» և «Դլե յաման» երգերն ու կրկին արժանացել People’s Choice Award (հանդիսատեսի համակրանք) մրցանակին: «Այս տարվա մասնակցությունս շատ պատահական եղավ. երգեցի կոմիտասյան երկու երգ` ավելի ռոքային ոճում, ինչպես նաև՝ ժողովրդական «Կիլիկիա» երգը, որը, ի դեպ, 4 տարեկանից երգում եմ»,- նշել է Եվան:
Վերջերս ծննդյան 11-ամյակը նշած երգչուհի Անգելինա Գասպարյանը առաջին ձայնասկավառակը թողարկելուց հետո անգործ չի նստել: esyes.am –ի տեղեկությունների համաձայն՝ Անգելինան այս ընթացքում զուգերգ է պատրաստում «Եվրատեսիլ 2008»-ին Ուկրաինան ներկայացրած երգչուհի Անի Լորակի հետ: Անգելինան և Անի Լորակը զուգերգով հանդիսատեսին կներկայանան առաջիկայում կայանալիք «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթին:
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով վերջին տարիներին ապրում և սովորում է Բարսելոնայում, վերջերս վերադարձել էր Հայաստան, և արդեն նորություններ ունի: 168.am-ը հետաքրքրվել է նրա նոր երգի մասին, որի ձայնագրությունն արդեն ավարտել է. «Այժմ սպասում եմ, որ երգը բերվի վերջնական պատրաստի տեսքի: Համագործակցել եմ Leon Gris-ի և Deep Danny-ի հետ: Տղաների հետ միասին որոշեցինք, որ երգը պետք է լինի համատեղ աշխատանք: Երգի գործիքավորումը գրվեց նրանց կողմից, իսկ ես գրեցի երգի երաժշտությունն ու խոսքը: Շատ գեղեցիկ, նոր և հետաքրքիր գործ է ստացվել, ակումբային House երաժշտական ոճի և Pop/Rock ոճի համատեղ մի աշխատանք է»:
Շաբաթվա պրեմիերաները. Արամե «Մամա», Մի քանի հոգի «Էս պահին», Տիգրան Համասյան «Road song», Լիլիթ Հովհաննիսյան «Գնչու»
Տիգրանուհի Թասլակյան