Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը` զարգանա մեր ֆուտբոլը

Հունիս 15,2013 15:41

Բաց նամակ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին

 

Հարգելի պ-ն Հայրապետյան, ընթերցելով Ձեր վերջին հարցազրույցները, ստացա այն տպավորությունը, թե հարցազրույց է տալիս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Դուք ասում եք, որ չեք միջամտում հիմնական կազմի ընտրությանը, բայց այն հարցին, թե ինչու չի խաղում Խաչատուրովը, պատասխանում եք, որ լավ մարզավիճակում չէ, եւ որ իր խաղալու ժամանակը դեռ կգա: Արդարացիորեն մատնանշում եք, որ Էդգար Մանուչարյանի ոտքին գնդակը կպավ ընդամենը մեկ անգամ:

Բայց պ-ն Հայրապետյան, դուք նշանակել եք գլխավոր մարզիչ, խնդիր եք դրել իր առջեւ: Եվ ոչ միայն մեր ֆուտբոլի զարգացման առումով, այլ նաեւ էթիկայի տեսանկյունից, դուք իրավունք ունեք քննադատել միայն ու միայն գլխավոր մարզչին, քանզի գլխավոր մարզիչն է պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է խաղադաշտում: Հակառակ պարագայում կարող եք ինքներդ մարզել հավաքականը. վերցնում եք երկու օգնական մարզիչներ, մեկը` ֆիզ. պատրաստության գծով, մյուսը` տակտիկական մոտեցումները մշակելու գծով եւ վերջ. ինչու եք փչացնում Մինասյանին որպես մարզիչ. ափսոս է:

Իսկ հիմա ամենակարեւորը` բազմաթիվ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվի ֆուտբոլի ֆեդերացիան:

Օրինակ` Հայաստան –  Չեխիա պարտության հիմքը դրեցիք հենց Դուք պ-ն Հայրապետյան, հայտարարելով, որ խաղը կանցնի Հանրապետական մարզադաշտում, քանզի Հրազդան մարզադաշտում տրիբունաները կիսադատարկ է երեւում, իսկ այդ նույն քանակի մարդկանց պարագայում Հանրապետականը լեփ լեցուն է, եւ դա կարեւոր է թիմի համար:

Այո, լեփ լեցուն մարզադաշտը շատ կարեւոր է, էլ ավելի կարեւոր է թե որքան մարդ է աջակցում մեր թիմին՝ 15000, թե 50000: Իսկ ինչու չեք կարողանում լցնել Հրազդան մարզադաշտը: Այո, հենց այս խնդիրը պիտի լուծի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Կարծում եմ, Ձեր այսօրվա մոտեցումներով եւ գործելաոճով այդ խնդիրը երբեք չի լուծվի: Դուք հույսը դրել եք միայն  ֆուտբոլի մոլի երկրպագուների վրա եւ ֆուտբոլը համեմատում եք Թաթայի համերգի հետ, ու զարմանում՝ համերգին թանկ տոմսերով գնում են, իսկ ֆուտբոլին` ոչ: Այդպես հեռու չենք գնա:

Ֆուտբոլն ու համերգը բացարձակապես տարբեր երեւույթներ են: Որպեսզի ֆեդերացիան լցնի Հրազդան մարզադաշտը  պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի: Դուք մեր թիմից պահանջում եք հաղթել Իտալիային, որ մոռանանք Մալթայից պարտությունը: Բայց որպեսզի տղաները հաղթեն Իտալիային, դուք էլ պետք է կարողանաք Հրազդան մարզադաշտը առաջիկա խաղերին լցնել հանդիսականներով:

Ես բախտ եմ ունեցել հետեւել ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունը, եւ չնայած մենք անգիր գիտեինք, թե երբ եւ ում հետ է մրցելու Արարատը, բայց Հայաստանի բոլոր քաղաքների բազմաթիվ շենքերին  փակցված էին աֆիշաներ, եւ տոմսերը կարող էիր գնել  ցանկացած կրպակից: Իսկ այսօր նույնիսկ Երեւանում հազիվ կարող ես հանդիպել աֆիշաների, տոմսերը կարող ես գնել սահմանափակ կետերից, իսկ գների մասին էլ չեմ խոսում:

Պ-ն Հայրապետյան, պետք է ամեն գնով լցնել մարզադաշտը, աշխատել դպրոցների հետ, երեխաներին տոմսերը տրամադրել ԱՆՎՃԱՐ /երեխան եթե երկու անգամ գա մարզադաշտ նա ընդմիշտ կկապվի ֆուտբոլի հետ/, պետք է նպաստել երկրպագուների ձեւավորմանը, այլ ոչ թե անել այնպես, որ նույնիսկ կայացած երկրպագուն որոշ խաղերին չկարողանա տոմս գնել, էլ չեմ ասում, որ գնում է տոմսը եւ չի կարողանում մտնել խաղադաշտ:

Ես մատնանշեցի ընդամենը մեկ խնդիր, բայց խնդիրները շատ են. եւ ինձ համար կարեւոր չէ, թե ինչ ճանապարհով կլուծվեն դրանք. Դուք հրաժարական կտաք եւ կգան նոր մարդիկ նոր մտածելակերպով, թե Դուք ինքներդ կփոխեք Ձեր գործելաոճը. կարեւորը, որ զարգանա մեր ֆուտբոլը:

 

Հարգանքներով Գրիգորի Դոխոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930