Երեւան քաղաքի ավագանու այսօր` հունիսի 15-ին, կայացած արտահերթ նիստում ընդունվել է Երեւանի քաղաքապետարանի եւ Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, Երեւանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի եւ այլ աշխատատեղերի մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում:
News.am-ը հաղորդում է, որ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները իրենց դժգոհությունը հայտնեցին` նշելով, որ աշխատակազմը եւ աշխատավարձերը ուռճացված են, հաստիքացուցակները վերանայման կարիք ունեն: Հարցին կողմ քվեարկեց ՀՀԿ-ն` 42 ձայն, 6 դեմ` «Բարեւ Երեւանը», 16 ձեռնպահ՝ ԲՀԿ-ն:
Ավագանու արտահերթ նիստում կնշանակվեն նաեւ քաղաքապետի տեղակալները: Մալաթիա Սեբաստիա համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանը կնշանակվի քաղաքապետի տեղակալ: Դեռ հայտնի չէ, թե նրան ով կփոխարինի, սակայն շրջանառվող տեղեկությունների համաձայն, նրան կփոխարինի Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին` 25-ամյա Արտակ Ալեքսանյանը:
Քաղաքապետի առաջին տեղակալ կնշանակվի Կամո Արեյանը, որը նախկինում տեղակալներից մեկն էր, տեղակալի պաշտոնում կվերանշանակվի նաեւ Վահե Նիկոյանը: Չորրորդ տեղակալի պաշտոնը կզբաղեցնի Տարոն Մարգարյանի խորհրդականը Արամ Սուքիասյանը: Ամենայն հավանականությամբ, պաշտոնանկ կարվի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, որը երկար տարիներ զբաղեցնում է այդ պաշտոնը: