Եվ հերքում է ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի հիմնական խոսնակներին՝ մինչեւ սեպտեմբեր լռելու մասին «իջեցված հրահանգը»
– Տիկին Զոհրաբյան, չնայած Գագիկ Ծառուկյանը հերքեց, թե ԲՀԿ քաղաքական թիմին եւ հատկապես Ձեզ հանձնարարված է այլեւս սուր քննադատական ելույթներ չունենալ, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Անցած քառօրյան ցույց տվեց, որ ԲՀԿ-ն ամենապասիվն էր։ Անգամ ՀՀԿ-ն ԲՀԿ-ից ակտիվ էր երկրում արատավոր երեւույթները քննադատելու հարցում։ Չե՞ք կարծում, որ նման քաղաքական պասիվությունը կարող է կուսակցությանն ընդհանրապես թողնել լուսանցքում։
– Համաձայն չեմ գնահատականի հետ, թե ԲՀԿ-ն պասիվ էր եւ քաղաքական օրակարգի շուրջ իր տեսակետները չի հայտնել։ Գագիկ Ծառուկյանը հստակ պատասխանեց լրագրողների այդօրինակ հարցերին, եւ լրացուցիչ մեկնաբանության խնդիր ես չեմ տեսնում։ Իսկ ինչ օրակարգային հարց, որ այսօր կա երկրի ներքին կամ արտաքին քաղաքական սեղանին, դրանց շուրջ ԲՀԿ անդամները տվել են մեկնաբանություններ եւ գնահատականներ։
– Լինենք անկեղծ՝ Դուք լռում եք, Վարդան Օսկանյանը լռում է, այսինքն՝ սուր գնահատական չի հնչում, փոխարենը ԲՀԿ-ից հնչած մեկ-երկու ելույթները, ինչպես արդեն մամուլում են բնութագրել, խիստ «ուլտրա-լայթս» են։ Առնվազն զարմանալի էր, որ, օրինակ, վարչապետի անվան հետ կապված օֆշորի, կառավարության ծրագրի կատարողականի, գորիսյան ողբերգության եւ հանրությանը հուզող այլ կարեւոր հարցերի շուրջ Դուք անձամբ լռեցիք, երբ մինչ այդ Ձեր քննադատությունը արմատական ընդդիմությունից առավել սուր էր։
Կարդացեք նաև
– Իմ գնահատականները չեն փոխվել, եւ դրանք ես արտահայտել եմ իմ քվեարկություններով։ Կրկնում եմ՝ իմ գործընկերները բոլոր ձեր նշած հարցերին անդրադարձել են։
– Գիտեք, հասկանալի չէ, որ կառավարության հարցուպատասխանին, երբ բոլորը սպասում էին լրջագույն հարցադրումների, ԲՀԿ-ից մեկ հարց է հնչում, այն էլ՝ նեղ կուսակցական հարց՝ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի մասին։
– Եթե օրենք է խախտվում, եթե նախարարն իրեն թույլ է տալիս արհամարհել օրենքը, ապա խորհրդարանում այդ հարցի բարձրացումը եմ չեմ համարում աննպատակահարմար։
– Երեկ Ձեր գործընկեր, պատգամավոր Աբրահամ Մանուկյանը մի քանի կայքերին տված հարցազրույցում իր գոհունակությունն էր հայտնել կառավարության գործունեությունից։ Արդյոք սա հերթական անգամ չի՞ ապացուցում, որ ԲՀԿ-ում կա երկու իրար հետ հակամարտող թեւ՝ գործարար եւ քաղաքական, որոնց քաղաքական շահերը բոլորովին տարբեր են։
– ԲՀԿ-ում չկան հակամարտող թեւեր, կան գործիչներ, անհատներ, որոնք կարող են տարբեր հարցերի վերաբերյալ ունենալ տարբեր դիրքորոշումներ, եւ դա միանգամայն բնական է։ Այլ հարց է, երբ արդեն կա քաղաքական որոշում՝ այդ որոշումը պարտադիր է բոլորի համար։ Այս կառավարության գործունեության վերաբերյալ ԲՀԿ պաշտոնական տեսակետը բազմիցս հնչել է եւ արտահայտվել «դեմ» քվեարկություններով։ Ինչ վերաբերում է Աբրահամ Մանուկյանին, ապա այդ հրապարակումներից հետո ես զրուցել եմ պարոն Մանուկյանի հետ, եւ ինքը եւս տարակուսած էր, թե ինչպես կարող էր լրագրողն իր հումորով հայտնած մի քանի դիտարկումը համարել պաշտոնապես տրված հարցազրույց։
– Դուք վերջերս ասել էիք, որ մինչեւ սեպտեմբեր ձեռնպահ եք մնում քաղաքական մեկնաբանություններից, երեկ նման հայտարարություն արեց նաեւ Արմեն Աշոտյանը։ Արդեն իսկ տեսակետ է շրջանառվում, որ երկու կողմերի հիմնական խոսնակներին հրահանգված է լռել։ Կա՞ նման բան։
– Արդեն պատասխանեցի՝ ոչ։
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ