Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ձեզ թվում է, որ մենք այսօր այստեղ հագած-կապած, փողկապով կանգնած ենք՝ չունե՞նք անձնական խնդիրներ»

Հունիս 15,2013 12:25

Հայաստանում ներդրումների ծավալը նվազելու մեջ Վահրամ Բաղդասարյանը     մեղադրում է արտագնա աշխատանքի մեկնողներին

Հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի ավարտին խորհրդարանն ընդունեց 2012 թվականի բյուջեի կատարողականը: Կողմ քվեարկեցին բացառապես իշխանական կոալիցիոն ուժերը՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Ընդդիմությունն ու այլընտրանք ԲՀԿ-ն անբավարար գնահատեցին կառավարության անցյալ տարվա գործունեությունը՝ ըստ էության, նույն կերպ վերաբերվելով նաեւ կառավարության առաջիկա գործունեությանը: Երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցում «Առավոտը» փորձեց հասկանալ՝ նման իրավիճակը դո՞ւր է գալիս իշխող մեծամասնությանը:

– Քննադատություններն ընդունելի են, եւ դրանք զգոն են պահում ցանկացած կառավարության: Բայց ցավալին այն է, որ ընդդիմությունն այսօր խոսում է միայն բացասական կողմերի մասին: Կարելի էր նկատել նաեւ դրականը, այդ ժամանակ ես քննադատությունը կընդունեի որպես առողջ քննադատություն: Բյուջեի հաշվետվությունը բազմիցս քննարկվել է նաեւ ՀՀԿ-ում, արժանացել է քննադատությունների, նշվել են նաեւ այն ճյուղերը, որտեղ կան առաջընթացներ: Իհարկե, ասվել է, որ դրանք բավարար չեն, մենք անելիքներ շատ ունենք, եւ հաշվի առնելով առկա ձեռքբերումները՝ պետք է կարողանանք առաջիկա տարիների ընթացքում լրացնել այն բոլոր բացթողումները, որոնք կան: Բոլոր քննադատություններով հանդերձ՝ համոզված եմ, որ կառավարության ներկայիս ծրագրով բավականին բարեփոխումներ կկատարվեն եւ մեր առաջընթացը կապահովեն:

– Ի՞նչ առաջընթացներ կան, որոնք ընդդիմադիրները եւ հասարակությունը կուրորեն չեն նկատում:

– Ելույթների ժամանակ նշվեցին այն ոլորտները, որտեղ աճ է նկատվել: Օրինակ՝ սոցիալական ոլորտը՝ նախարարության աշխատանքի հետ կապված, վերահսկողությունը բավականին ուժեղացել է: Նախկինի հետ անհամեմատելի է: Կադաստրի ոլորտում այսօր բյուրոկրատական այդ քաշքշուկները վերացած են: Քայլեր են կատարվում դատական, իրավական համակարգում, որտեղ բավականին մեծ բացեր կան. այդտեղ մենք բավականին մեծ աշխատանք ունենք կատարելու: Լուրջ բաներ կան նաեւ գյուղատնտեսության ոլորտում, բայց ցավն այն է, որ բնական աղետները նաեւ կապվեցին կառավարության գործունեության հետ: Ի՞նչ է նշանակում՝ կառավարությունը պետք է հրաժարական տա, որովհետեւ կարկուտ է եկել:

– Կառավարությունը պետք է պատրաստ լինի եւ պատշաճ արձագանքի նման իրավիճակներին:

– Այո: Բայց սկզբում եղան բավականին դժգոհություններ, քննադատություններ, կառավարությունն արեց իր գործը, հետո որեւէ գովեստ չհնչեց, որ կառավարությունը պատրաստակամ, կարճ ժամանակում կարողացավ արձագանքել:

– Բայց գյուղացուն ռեալ դեռ ոչինչ չի հասել:

– Ժամանակ է պետք, հասնում են աստիճանաբար: Եվ եթե այն խոստումները, որոնք տրվեցին կառավարության կողմից, եթե որեւէ մեկը չկատարվի, ես, որպես ՀՀԿ-ական, քաղաքական մեծամասնության անդամ, պատրաստ եմ առաջինը ձայն բարձրացնելու:

Ընդդիմադիրներն ասում են՝ դուք տալիս եք միայն խոստումներ: Այսինքն՝ ի սկզբանե անհավատության մթնոլորտ են ստեղծում հանրության մեջ: Բայց մինչեւ այսօր ինչ-որ ասվել է, ես այդպիսի մեծ շեղումներ չեմ նկատել:

– Առանց ընդդիմության ջանքերի էլ հասարակությունն առանձնակի մեծ հավատ չի տածում կառավարության եւ իշխող քաղաքական ուժի նկատմամբ:

– Դրան, բնականաբար, ավելի շատ նպաստում է նաեւ ընդդիմությունը: Նրանք օրինակներ են բերում՝ տարիների փորձի հետ կապված, բայց եթե կան ռեալ ներկայացված ծրագրեր, եւ արդեն դիֆերենցված ձեւով են ներկայացվում, որ կյանքի են կոչվելու, դեռ 2013-ը չավարտված՝ թողնում են եւ քննադատում  2014-ը: Դա անընդունելի է:

Կառավարության 2012 թվականի գործունեությունը, նախանշված 4,2 տնտեսական աճի եւ ներկայացված 7,2 տոկոս տնտեսական աճի հետ կապված՝ ես էլ եմ քննադատել: Բերվեց դեֆլյատորի գաղափարը, որի հետ ես այդքան էլ համաձայն չեմ: Իրական ՀՆԱ-ի հետ կապված խնդիրների առաջին քննադատողը ես եմ եղել: Մակրոտնտեսական տերմինալոգիայով կարելի է խճճել հանրությանը, բայց պարզ թվաբանություն կա, պարզ լեզվով պետք է խոսել: Ես ընդունում եմ այդ քննադատությունը: 101 միլիարդ բյուջետային մուտքեր ենք ունեցել, 4,2 կանխատեսվող աճի փոխարեն ունեցել ենք 7,2 տոկոս աճ՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ հարկային մուտքերը չավելացան: Լուրջ խնդիրներ կան ֆիսկալ քաղաքականության հետ կապված, որոնք եւս ընդունում եմ: Ինչպե՞ս չընդունեմ: Կային լուրջ քննադատություններ՝ ընդդիմության կողմից, լուրջ հարցադրումներ, որոնց կառավարությունը անգամ դժվարանում էր պատասխանել: Բայց ընդդիմությունը քննադատում է արդեն 2014, 2015 թվականները, ու ինչ-որ անձնավորված հարաբերություններ եմ նաեւ նկատում՝ որոշ ոլորտների ղեկավարների, գուցե նաեւ վարչապետի հետ կապված:

Իսկ 2013-ի ծրագիրը, որի համար հիմք է եղել նաեւ 2012-ի թերությունները, ճիշտ հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում հնարավոր է լուրջ առաջընթացներ գրանցել: Մենք պետք է կարողանանք եւ գնային քաղաքականության վրա ճիշտ վերահսկողություն սահմանել, եւ տնտեսվարող սուբյեկտի համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ՝ նա կարողանա շահույթ ստանալ: Առաջին հերթին պետք է կարողանանք արտագաղթը կանխել: Եթե իմ երկրում փող ծախսող չեղավ, մնացին միայն բյուջետային աշխատողները՝ ո՞վ պետք է սնի նրանց:

– 2012-ին, ըստ բյուջեի կատարողականի, կառավարությունը դեռ երեք տոկոս էլ ավելի տնտեսական աճ է ապահովել, բայց արտագաղթի տեմպերը գնալով մեծանում են. ինչո՞ւ են մարդիկ փախչում տնտեսական աճից ու լավ կյանքից:

– Հիմնական արտագաղթը մարզերից եւ գյուղական բնակավայրերից է: Մենք տարածքային համաչափ զարգացման խնդիրը 15 տարի անընդհատ բաց ենք թողել: Կան գյուղեր, որտեղ երկու տարի ծնունդ չի եղել, կան դպրոցներ, որտեղ մի ուսուցիչը մի քանի առարկաներ է պարապում:  Մենք բուհերում փայլուն շրջանավարտներ ենք տալիս, մեկ տարի հետո այդ մարդը չկա, դրսում այնպիսի աշխատավարձեր են առաջարկում այդ տաղանդաշատ երեխաներին, որ նրանք, բնականաբար, ձգտում են դուրս: Եվ կառավարության ծրագրում այս մտահոգությունների պատասխանները որոշակիորեն կան: Եթե կարողանան հետեւողական լինել եւ իրականացնել ծրագիրը՝ լուրջ առաջընթաց կլինի:

Ռեֆորմներ են պետք՝ բոլոր ոլորտներում եւ հարկային քաղաքականության մեջ: Ի՞նչ է նշանակում այսքան փոքր երկրում՝ այսքան հարկատեսակներ: Օրինակ՝ ստուգումների հետ կապված առողջ ծրագիր էր տեսչությունների կրճատումը: Ողջունել եմ դա. 18-ից ստուգող տեսչությունները 4-ն են դառնում:

– Իսկ Ձեր շրջապատից արտագաղթածները շա՞տ են:

– Չէի ասի: Ցավոք, կան, որ ընտանիքներով են գնացել: Բայց սեզոնային խոպան գնացողներ կան, որոնք պարտաճանաչ վերադառնում են: Բայց ասեմ, ասենք, մեկ տարի առաջ գնացածների ճնշող մեծամասնությունը վերադարձել է տարբեր պատճառներով՝ աշխատանք չեն գտել, աշխատել գումարը չեն ստացել:

Մեր մենթալիտետի մեջ կա, որ դուրս ենք գնում, սկսում ենք մեր երկիրը փնովել. չեն ասում՝ եկել ենք փող աշխատենք՝ տանենք մեր երկիրը շենացնենք, ասում են՝ էնտեղ ապրելու տեղ չի: Երկիրը վատ են ներկայացնում, եւ այդ տրամադրության տակ նաեւ ներդրումներն են պակասում, ռիսկային են դարձնում:

– Այսինքն՝ ռիսկային չէ՞ր…

– Ոչ այնքան, որքան ներկայացնում են՝ իրենց գնալն արդարացնելու համար: Կան լուրջ խնդիրներ, բայց պետք է աշխատենք դրանք հաղթահարել: Ձեզ թվում է, որ մենք այսօր այստեղ հագած-կապած, փողկապով կանգնած ենք՝ չունե՞նք անձնական խնդիրներ: Առաջարկությունները շատ են, շրջապատը մեծ է, մենք էլ այսօր դրսում կարող էինք փափուկ աշխատել: Բայց նպատակներ կան, եւ խնդիրները պետք է լուծվեն: Իմ երեխաները պետք է մեծանան այս երկրում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ   

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930