Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մուրադ Մեժլումյանի հայցը` հանրակացարանում բնակվող Ամալյա Գալուստյանի դեմ:
Տնօրենը հայցադիմումում անդրադարձել էր քաղաքացի Ամալյա Գալուստյանի՝ հանրակացարանում բնակվելու հարցին:
Ամալյան հանրակացարանում զբաղեցնում է երկու սենյականոց տարածք, իսկ ըստ Մուրադ Մեժլումյանի՝ պատասխանողին հասնում է 6 քառակուսի մետր տարածք, քանի որ նա միայնակ է բնակվում:
Ամալյան բնակվում է Մոլդովական փողոցի հանրակացարանի 627, 628 սենյակներում, որը նրան տրամադրել են դեռեւս 2005 թվականին:
Նրա զբաղեցրած սենյակների տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 32 քառակուսի մետր: Քանի որ նա ցանկանում էր սեփականաշնորհել սենյակները եւ այդ կապացկությամբ դիմել էր հանրակացարանի տնօրինությանը, իսկ իրեն մերժել էին, դա էլ եղավ հետեւանք, որպեսզի նրա սենյակներից մեկը վերադարձվի դատական կարգով: Այժմ Մուրադ Մեժլումյանը հայցադիմում է ներկայացրել դատարան, որպեսզի պատասխանողը վերադարձնի մեկ սենյակը: Դեռեւս 2008-2011 թվականներին Ամալյան կնքել է պայմանագրեր՝ սենյակներում օրինական վարձակալությամբ բնակվելու մասին: Նա տեղահանվել է ԼՂՀ-ից 1992 թվականին` ռազմական գործողությունների հետեւանքով եւ բնակություն հաստատել Հայաստանում:
Անդրադառնալով դատական նիստերին՝ տեղեկացնենք, որ նախնական դատական նիստը կայացել էր եւ նշանակվել էր դատական քննություն, սակայն դատական քննությունը նախորդ անգամ չկայացավ` համակարգչի խաթարման պատճառով: Վերջին դատական նիստն իր հերթին հետաձգվեց, քանի որ շահագրգիռ կողմը՝ հայցվոր Մուրադ Մեժլումյանը, միջնորդություն էր ներկայացրել դատարան` գրության տեսքով, որտեղ նշված էր հետեւյալը. «Նկատի ունենալով, որ հունիսի 8-ից մինչեւ 21-ը գտնվելու եմ արձակուրդում եւ բացակայելու եմ Հայաստանի Հանրապետությունից, խնդրում եմ Ձեր վարույթում գտնվող` 2013 թվականի հունիսի 11-ին նշանակված քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգել եւ նշանակել հունիսի 21-ից հետո»:
Դատական նիստին, բացի հացվոր կողմից, ներկա էր պատասխանող կողմի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը: Փախստականների ներկայացուցիչը՝ Ա. Եսայանը, ցանկացավ մինչ դատական նիստն ավարտելը միջնորդություն կատարել: Նա նշեց. «Միջնորդությունս լրացուցիչ ապացույց ներկայացնելու մասին է, քանի որ 12. 04. 2013 թվականին Երեւանի ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու եւ 30. 04. 2013 թվականին նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը պատասխանողը` Ամալյա Գալուստյանը, ստացել է 20. 04. 2013 թվականին: 30. 04. 2013 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության: Նույն օրը դատարանի գրասենյակ է մուտք եղել հայցադիմումի պատասխան, սակայն վիճելի սենյակների սեփականատիրոջ հետ կապված հայցադիմումում արտահայտած դիրքորոշման վերաբերյալ պատասխանողի մոտ առկա չի եղել գրավոր ապացույց»:
Խնդիրն այն է, որ պատասխանող կողմը փոստային ծանուցումը ստացել է մայիսի 2-ին, իսկ դատաքննությունը նշանակվել էր ապրիլի 30-ին: Միջնորդությանը կից Աշխեն Եսայանը դատարանին ներկայացրեց փոստային ծանուցման պատճենները:
Դատավոր Էդուարդ Ամալյանը բավարարեց ներկայացուցչի միջնորդությունը եւ այն կցեց քաղաքացիական գործին: Քանի որ դատարանը գտնվելու է արձակուրդի մեջ՝ այդ իսկ պատճառով հաջորդ դատական նիստի օր նշանակվեց օգոստոսի 13-ը:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ