Հայաստանի կոմպոզիտորների միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանը՝ ծավալուն համերգաշարի մասին
Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 16-րդ համագումարին ընդառաջ եւ ի նշանավորումն Հայաստանի կոմպոզիտորների միության ստեղծման 80-ամյակի` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը 2013 թ. մարտ-հունիս ամիսներին ներկայացնում է 8 համերգներից բաղկացած հայ կոմպոզիտորների համերգաշար-փառատոն, որի առաքելությունն է` հանրությանը ներկայացնել հնարավորինս շատ հայ կոմպոզիտորների, հատկապես հայ ժամանակակից կոմպոզիտորների երկեր: Այս նշանակալից ձեռնարկի մասին զրուցեցինք Հայաստանի կոմպոզիտորների միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանի հետ: Նա տեղեկացրեց, որ ողջ համերգաշարի ընթացքում հնչում են շուրջ 40 կոմպոզիտորի (որոնց գերակշիռ մեծամասնությունը Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է) հիմնականում կամերային ժանրի ստեղծագործություններ: Միությունն ունի 80 կոմպոզիտոր անդամ, եւ այս համերգաշարին ընդգրկված է նրանց մոտ 50 տոկոսը. սա, իրոք, պատկառելի թիվ է: Դ. Առաքելյանը հաղորդեց, որ առանձին համերգով անդրադարձել են խմբերգային եւ կվարտետային երաժշտությանը (հնչել են Մ. Երկանյանի, Դ. Հալաջյանի, Խ. Մարտիրոսյանի, Ա. Ղազարյանի, Մ. Վարդազարյանի, Ջ. Տեր-Թադեւոսյանի երկերը), մի համերգ նվիրել են Մ. Իսրայելյանի 75- ամյակին (հնչել են նրա կամերային երկերը), մեկ այլ համերգի ընթացքում դիրիժոր Ռ. Մլքեյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետ. կամերային երգչախմբի, Երեւանի պետ. կամերային երգչախմբի, «Հովեր» պետ. կամերային երգչախմբի, Երեւանի պետ. կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախմբի եւ մենակատար երգչուհի Ս. Ամիր-Կարայանի կատարմամբ հնչել է Ռ. Ամիրխանյանի «Կանտատ սիրո» ստեղծագործությունը, մի համերգ հատկացվել է երիտասարդ կոմպոզիտորների վոկալ-գործիքային ժանրի երկերին: Օրեր առաջ` հունիսի 12-ին, Ա. Բաբաջանյան համերգասրահում կայացել է համերգաշարի` կամերային անսամբլներից եւ վոկալ-գործիքային երկերից բաղկացած 6-րդ համերգը, որի ընթացքում հնչել են Էդ. Միրզոյանի, Գ. Գրիգորյանի, Գ. Չթչյանի, Կ. Անանյանի, Մ. Մանասյանի, Յ. Հարությունյանի, Մ. Ուլիխանյանի եւ Ն. Զարիֆյանի երկերը: Հունիսի 18-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում «Հայաստանի ազգային նվագարաններ» պետ. նվագախումբը` Ն. Դավթյանի ղեկավարությամբ, կներկայացնի 14 կոմպոզիտորի (Ա. Խաչատրյան, Ե. Սարդարյան, Վ. Կոտոյան, Մ. Բեգլարյան, Վ. Բալյան, Ծ. Համբարձումյան, Գ. Հախինյան, Խ. Ավետիսյան, Ա. Հեքիմյան, Ռ. Պետրոսյան, Ռ. Ալթունյան, Ա. Ոսկանյան, Գ. Մանասյան, Ա. Ներսիսյան)` ժողովրդական նվագարանների համար գրված երկեր:
Ամփոփիչ համերգը տեղի կունենա հունիսի 24-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը. դիրիժորներ Ռ. Ասատրյանը եւ Յ. Գալստյանը կղեկավարեն ԵՊԿ-ի ուսանողներից կազմված Կամերային նվագախումբը` ներկայացնելով Ա. Ահարոնյանի, Ա. Բոյամյանի, Է. Բեյլերյանի, Է. Սադոյանի ստեղծագործությունները: Կարեւոր է նաեւ այն փաստը, որ համերգաշարի ընթացքում նշվել եւ նշվելու են Մարտուն Իսրայելյանի, Մարտին Վարդազարյանի եւ Էդվարդ Սադոյանի 75-ամյա հոբելյանները:
ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱ
«Առավոտ» օրաթերթ