Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտիկ շրջանում էլ են «հակաթատրոնական» ճառեր գրվել»

Հունիս 15,2013 12:10

Թատերագետ Արա Խզմալյանը՝ թատրոնի լույսի եւ ստվերի մասին

Հայաստանյան մշակութային կյանքի, մասնավորաբար՝ թատերական իրականության մեջ ամենից հաճախ հոլովվող բառը ճգնաժամն է: Խոսվում է   թատրոնների նկատմամբ պետական վերաբերմունքի պակասի կամ բացակայության եւ շատ քիչ՝ առկա խնդիրների մասին:

Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում թատերագետ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանն ասաց, թե թատրոնի ճգնաժամի մասին խոսվել է բոլոր ժամանակներում՝ անտիկ շրջանից, միջնադարից՝ երբ արդեն գրվում էին «հակաթատրոնական» ճառեր, մինչեւ մեր օրերը: Խոսելով մեր ժամանակների մասին, պարոն Խզմալյանը նշեց, որ ինքը այս հարցում տեսնում է  հիմնական՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: «Թատրոնում առկա փոփոխություններն ու ճգնաժամը պայմանավորված են սոցիալական իրականությամբ եւ փոխում են մարդկային հարաբերությունների, հասարակական հաղորդակցության, ազգային ու միջազգային կյանքի որակները: Հետեւաբար, այս ամենից թատրոնը պարզապես  չի կարող խուսափել, քանի որ այն ընթացիկ կյանքով պայմանավորված արվեստ է եւ որպես այդպիսին՝ չի կարող չունենալ վերաբերմունք սեփական ժամանակի հանդեպ: Եվ վերջապես՝ ունենք պրոֆեսիոնալ կադրերի դեֆիցիտ»,- ասաց թատերագետը: Խնդրեցինք մանրամասնել վերջին միտքը:

Մասնագետի խոսքերով. «Ապրում ենք դերասանական ունիվերսալիզմի ժամանակներում, երբ արտիստը փայլուն պետք է տիրապետի մասնագիտական զինանոցին՝ մարմին, ձայն, դիմախաղ եւ այլն»: Պարոն Խզմալյանը հավելեց նաեւ. «21-րդ դարի դերասանը չի կարող չունենալ կրթված միտք, ինտելեկտի որոշ աստիճան, քանի որ  նա դուրս է գալիս բեմ ու ջանում լինել հետաքրքիր: Հարյուրավոր դերասաններից քանի՞սն է իրեն հարց տալիս, թե ինչով կարող է արժանանալ հանդիսատեսի ուշադրությանն ու գնահատանքին: Ավելին, թատերագետի ամենաթեթեւ ակնարկն անգամ հաճախ հանդիպում է ծայրահեղ մերժողականության, նույնիսկ վիրավորական խոսքերի: Ցավալի է, բայց նման կերպ է իրեն դրսեւորում շուրջ տասը տարի բարձրագույն կրթական հաստատություն ղեկավարած անձը»:

Ռեպլիկին, թե ստեղծված իրավիճակից ելք տեսնո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այսօր երիտասարդներն ազատ են գաղափարական հարկադրանքներից, ինչը որոշ դեպքերում զուգահեռվում է գաղափարազրկությամբ: Անշուշտ կան երիտասարդներ էլ, որ նվիրված են սեփական մասնագիտությանն ու համապատասխանում են պահանջվող մասնագիտական չափորոշիչներին»: Պարոն Խզմալյանը իբրեւ օրինակ բերեց դերասան-բեմադրիչ Նարինե Գրիգորյանին, նշելով, թե նա արտիստ է բառի լիարժեք իմաստով եւ բեմադրիչ Վահան Բադալյանին. «Վերջերս դիտեցի Բադալյանի «Խելագարի հիշատակարանը» պիեսը: Հիացած եմ նրա մասնագիտական բծախնդրությամբ, դերասանական աշխատանքի հղկվածությամբ ու մաքրությամբ»: Մի բեմադրիչի անուն էլ ասաց՝ Աիդա Սիմոն, որը, թատերագետի ներկայացմամբ՝ փորձում է նպաստել մեզանում պլաստիկ պարային թատրոնի հաստատմանը:

Հետաքրքրվեցինք՝ թատրոնի մարդու վերաբերմունքը սեփական գործի հանդեպ պայմանավորվա՞ծ է,  արդյոք, ստացվող եկամուտով: «Ընդհանրապես մարդու սոցիալական վիճակով շատ բան է պայմանավորված, առավել եւս՝ ստեղծագործողը պետք է ունենա ինքնակենտրոնացման եւ մեկուսացման հնարավորություն, բայց պրոֆեսիոնալը չի կարող լինել ոչ պրոֆեսիոնալ, այնպես, ինչպես տաղանդավորը՝ ապաշնորհ»,-ասաց նա:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930