Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդի նախագահը «Խտրականության դեմ» օրենքի, միասեռականության եւ կրոնի ենթահանձնաժողովի հայտարարության մասին

Հունիս 15,2013 10:16
vazgen manukyan

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է «Խտրականության դեմ» օրենքի նախագիծ, որը հանրության շրջանում տարակարծությունների և մտահոգության տեղիք է տվել: Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը, ըստ նախագծի հեղինակների, կապված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված խտրականությունն արգելող դրույթների առավել արդյունավետ կիրառման, ինչպես նաև խտրականության դեմ առավել արդյունավետ պայքարի, հակազդման և կանխարգելման հստակ միջոցների սահմանման հետ:

«Այս օրենքով լայն հնարավորություն է ստեղծվում բոլոր մարդկանց օրենքի առջև հավասարության սահմանադրական սկզբունքը կյանքի կոչելու համար՝ անկախ անձի սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակից, առողջական վիճակից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից և կամ անձնական կամ սոցիալական բնույթից և այլ հանգամանքներից»,- ասվում է նախագծի նկարագրության մեջ:

Նշենք, որ նախագծի վերաբերյալ հայտարարության տեսքով իր մտահոգությունն է հայտնել նաև Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովը, որում մասնավորապես նշված է. «Օրինագծով հիմք է դրվում Հայաստանի Հանրապետությունում անբարոյության և այլասերվածության օրինականացմանը: Օրենքի ուժ ստանալու դեպքում հիշյալ օրինագիծն անթաքույց կերպով օրինականացնելու է մեր հայրենիքում սեռական փոքրամասնությունների արմատացումն ու նրանց կենսակերպի քարոզչության տարածումը: Փաստում ենք և ահազանգում, որ վտանգված են ոչ միայն ընտանիքի ինստիտուտը և քրիստոնեական արժեհամակարգի մյուս բաղկացուցիչները, այլ հենց յուրաքանչյուրիս ընտանիքում մեծացող երեխաների ու մեր հայրենիքի ապագան»: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն«Անկախի» հետ զրույցում նախ անդրադարձավ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշմանը, ապա ՀԽ կրոնի ենթահանձնաժողովի հայտարարությանը:

Նա ասաց, որ պաշտպանի աշխատակազմի նախագծին ամբողջությամբ ծանոթ չէ, ընդհանուր է թերթել, բայց կարծում է, որ նման անվանումով օրենքի անհրաժեշտություն այս պահին Հայաստանում գոյություն չունի: «Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որտեղ շատ հստակ են գրված նաև փոքր խմբերի շահերը, ավելին՝ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը հստակ ներկայացնում է, որ որևիցե խտրականություն պետք է բացառվի, իսկ դա նշանակում է, որ ցանկացած օրենք մինչև ընդունվելը պետք է անցնի Մարդու իրավունքների հռչակագրի և Սահմանադրության պրիզմայով: Այնպես որ հատուկ օրենք հնարելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասաց նա: Մանուկյանը չի տեսնում նաև, որ հասարակության կողմից նման խնդիրների վերաբերյալ ահազանգ կա: Նա կարծում է, որ գոնե վերջին 20 տարիների ընթացքում մարդկանց հանդուրժողականությունը տարբեր փոքրամասնությունների, խմբերի նկատմամբ ավելացել է, և արհեստական օրենքներ հնարելը որևէ կերպ գործին չի նպաստի:

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովի հայտարարությանը, ապա Հանրային խորհրդի նախագահը նախ հիշեցնում է, որ խորհրդում կա 70 ենթահանձնաժողով, որտեղ էլ՝ հազարավոր մարդիկ, և ցանկացած մարդ կամ խումբ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը. «Այդ առումով Հանրային խորհրդում լիակատար ազատություն է,- ասաց նա,- ճիշտ է, անձամբ ես կարծում եմ, որ կրոնի ենթահանձնաժողովի հայտարարության մեջ եղած ձևակերպումներն ու մտքերը չեն համապատասխանում XXI դարին, բայց ես լրիվ հասկանում եմ նրանց մտահոգությունը: Եթե մենք խոսենք ոչ թե հայտարարության տեքստի մասին, այլ մտահոգության, ապա իրոք իրականություն կա»: Մանուկյանը, անդրադառնալով միասեռականության խնդրին, որի վերաբերյալ էր ենթահանձնաժողովն իր մտահոգությունը հայտնել, հիշեցնում է, որ ի տարբերություն Եվրոպայի, մենք այդ փորձն ունենք: 1920-ական թվականներին Խորհրդային Միությունը որդեգրել էր սեռական լիակատար ազատության սկզբունքը՝ անգամ հայտարարելով, որ ընտանիքը բուրժուական գաղափար է. «20-30-ականների այդ ազատությունը աշխարհը դեռ չի տեսել,- ասում է Մանուկյանը,- ազատություն տրվեց ազատ սեռական հարաբերություններին, միասեռականությանը, ինչն առաջ բերեց մի շարք խնդիրներ, նոր հիվանդություններ: Դրան հետևեց մյուս ծայրահեղությունը. բոլշևիկները միասեռականությունը համարեցին քրեական հանցագործություն»:

Խորհրդային Միության փլուզման հետ միասին քրեական հետապնդումը միասեռականների նկատմամբ վերացավ, ինչը նա ճիշտ քայլ է համարում, բայց միաժամանակ նկատում է, որ հիմա կարծես թե հակառակն է տեղի ունենում. միասեռականությունը քարոզվում է. «Նորից մի ծայրահեղությունից մյուսն ենք ընկնում: Եթե կոպիտ ասենք՝ խտրականություն է առաջանում մեծամասնության նկատմամբ,- ասում է նա:- Ընդհանրապես այն, որ եվրոպական մի շարք երկրներում օրինականացնում են միասեռ ամուսնությունները, ինձ համար անհասկանալի է, այն, որ օրենքով թույլատրվում է երեխա որդեգրել, ինձ համար անընդունելի է, իսկ որ հայր ու մայր հասկացությունները փոխարինվում ծնող մեկ, ծնող երկուսով, իմ կարծիքով՝ դա արդեն խտրականություն է մեծամասնություն կազմող ավանդական ընտանիքների նկատմամբ»:

Ինչ վերաբերում է «Խտրականության դեմ» օրինագծին, ապա Հանրային խորհրդի նախագահը հայտնեց, որ այն առաջիկայում քննարկվելու է Հանրային խորհրդի մի քանի հանձնաժողովներում, որից հետո միայն Հանրային խորհուրդն իր կարծիքը կհայտնի:
«Խտրականության դեմ» օրենքի նախագծի վերաբերյալ «Անկախին» մեկնաբանություն տվեց նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա ասաց, որ դեմ է այդ օրենքի ընդունմանը, քանի որ կարծում է, որ խտրականության վերաբերյալ դրույթները պետք է ամրագրված լինեն ՀՀ բոլոր օրենքներում: «Խտրականության դեմ սկզբունքը սահմանված է Սահմանադրությամբ, իսկ մեր Սահմանադրությունն ասում է, որ ընտանիքը հասարակության բնականոն բջիջն է, և ցանկացած բջիջ բազմանալու ունակություն ունի: Մեր երկրում, մեր Սահմանադրության համաձայն` չի կարող նման բան լինել»:

Նշենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բարձրացված աղմուկին զուգահեռ վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ հայտարարություններով՝ պարզաբանելով նախագծի «բուն նպատակը», այն է` պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական ու աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա: Օրենքի նպատակն է նաև ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու կամ հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու և մի շարք այլ իրավունքներ, որոնք չեն իրագործվում կամ էապես սահմանափակվում են կրթական հաստատությունների կամ հասարակական նշանակության շենքերի ֆիզիկական անմատչելիությամբ, ինչն ուղղակի խտրական դրսևորում է այս անձանց նկատմամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2005 թ. ընդունված աշխատանքային օրենսգիրքն անդրադարձ է կատարել աշխատանքային ոլորտում առկա բոլոր այդ խնդիրներին և այս ընթացքում ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների՝ հաշվի առնելով այդ խնդիրները. «Մեր աշխատանքային օրենսգիրքն ամբողջությամբ համապատասխանում է միջազգայնորեն ստանձնած մեր պարտավորություններին, այդ թվում` Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին, որոնք ՀՀ-ն վավերացրել է, իսկ մենք վավերացրել ենք մի քանի տասնյակից ավելի կոնվենցիաներ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` որպես լիազոր մարմին, պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ, և եթե մենք ստանում ենք որևէ դիտողություն կամ մտահոգություն ինչ-ինչ դրույթների վերաբերյալ, ապա փորձում ենք լուծումներ տալ այդ խնդիրներին: Դա անընդհատ պրոցես է: Այս պահին մենք չունենք էնպիսի սուր հարց, որ պիտի լուծեինք, բայց չենք լուծել»:

Օրենքի նախագիծն առայժմ Ազգային ժողովում չէ, այն ուղարկվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողով` փորձագիտական կարծիք ստանալու համար, սակայն փաստ է, որ այն արդեն իսկ գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, և դրա վերաբերյալ կարծիքները խիստ հակասական են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vardan says:

    Ինչպիսի անկում կարիերայում: 1990-1991 թ. ՀՀ վարչապետ, 1992-1993 թ. Պաշտպանության նախարար, 2013- … համասեռամոլների խնդիրների էքսպերտ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930