Այսօրվա քանդակներից մեծ մասը գեղարվեստական արժեքներ չեն ներկայացնում, կարծում է քանդակագործ, նկարիչ Լեւոն Թոքմաջյանը: «Ես կուզենայի, որ մեր քաղաքում լինեին սիմվոլիկ քանդակներ, չնայած պետք չէ միանգամից քար նետել ու քննադատել, ժամանակ է պետք, որպեսզի ընտրենք, թե որն է արժանի, որն իր մեջ ունի գեղարվեստական արժեք: Ես հավատացած եմ, որ այն գործում, որտեղ կա գեղարվեստական արժեք, այն մնայուն է»,- ասաց նա:
Բանախոսը սխալ է համարում այն, որ վերջին շրջանում կինոյի կադրերը վերածվում են քանդակի եւ որպես օրինակ՝ նշում է «Նվագախմբի տղաները» ֆիլմի արձանը, որն ըստ նրա խճճված պատկեր է: «Կինոն կինո է , ունի իր պլաստիկ լեզուն: Գուցե նայում են, ասում հետաքրքիր է, սակայն դա քանդակագործության հետ ոչ մի կապ չունի»,- ասաց նկարիչը:
Մարտիրոս Սարյանի, Գեւորգ Չաուշի կերպարները քանդակած վարպետը մեծ ցանկություն ունի ունենալ թեկուզ մեկ կոպոզիցիոն քանդակ, որում մարդիկ ոչ միայն դեմք կտեսնեն, այլ նաեւ միտք: «Ես կուզենայի մեր քաղաքում ավելի սիմվոլիկ պատկերներ լինեն, որը կզարգացնի, ազգին ավելի ճանաչելի դարձնի»,- հայտնեց նա:
Քանդակագործը կոչ է անում թողնել կենտրոնը եւ ուշադրություն դարձնել նաեւ ծայրամասերին. «Նորից մի նոր շինություն, հերիք է կենտրոնը հանգիստ թողնենք, գնանք ծայրամաս:Քաղաք մտնողը պետք է պատկերացնի, թե ուր է գալիս»:
Կարդացեք նաև
Լեւոն Թոքմաջյանը վրդովված էր նաեւ այն հանգամանքից, որ ամեն բան արվում վերջացվում է, այնուհետեւ նոր իրենք իմանում են դրա մասին: «Այս քաղաքքը միայն օլիգարխներինը չէ: Որոշում, իրականացնում են, այնուհետեւ նոր զանգում ասում ինչ կարծիք ունեք: Չնայած մեզ ով է լսելու»:
Հանրապետության հրապարակի հետ կապված էլ քանդակագործն այն կարծիքին է, որ հայտարարված մրցույթը զուտ ձեւական բնույթ է կրում:
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ