ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրվող Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման խնդիրը:
Երկրորդ հարցը, որի մասին խոսել է Արմեն Աշոտյանը, վերաբերել է միջբուհական համագործակցության ընդլայնմանը և զարգացմանը, այդ թվում` Հայաստանում Ամերիկյան համալսարանի` այս տարի առաջին անգամ իրականացվող բակալավրիական կրթության, կրկնակի դիպլոմների տրամադրման, ինչպես նաև Հայաստանի ագրարային ակադեմիայի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի գործունեությանը. կենտրոնի շրջանավարտները ստանում են նաև Տեխասի А&М համալսարանի վկայական: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանի պետական համալսարանում ամերիկագիտության կենտրոն հիմնելու գաղափարին:
Մյուս խնդիրը, որը քննարկել են նախարարն ու դիվանագետը, վերաբերել է բուհերի միջազգային հավատարմագրմանը, մասնավորապես, նախարար Արմեն Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից, համաձայն որի` ԵՊԲՀ-ի այն շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ուսանել են հայերենով, հնարավորություն կստանան դիմել Կալիֆորնիայի հետբուհական վերապատրաստման վկայական ստանալու համար: Նախարարը նաև Ջոն Հեֆերնին տեղեկացրել .է, որ ներկայումս համալսարանը համապատասխան աշխատանքներ է տանում` Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից անգլերենով և ռուսերենով դասավանդվող համալսարանական ծրագրերի ճանաչման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առցանց կուրսերի, դիստանցիոն, ցկյանս կրթության հիմնախնդիրներն, մասնավորապես, կողմերը քննարկել են այդ թեմայով համապատասխան սեմինար անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում կներկայացվի ամերիկյան հայտնի բուհերի փորձն ու օրինակը` դիստանցիոն կրթության ոլորտում:
Ամերիկյան կողմն անդրադարձել է նաև Հայաստանում բիզնես կրթության ներդրման և դրա զարգացման հնարավորությանը, որին ի պատասխան` նախարարն ընդգծել է, որ նմանատիպ կրթությունը համեմատաբար թանկ ծառայություն է` այն նախևառաջ պայմանավորելով համապատասխան կրթական բովանդակության բացակայությամբ:Դեսպանին հետաքրքրել է նաև Հայաստանում ներառական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որի համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է երրորդ ընթերցմամբ ընդունել “Կրթության մասին” և “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի` մինչև 2022 թվականը նախատեսվում է աստիճանաբար անցում կատարել դեպի համընդհանուր ներառականության սկզբունքը: Արդյունքում` կնվազի հատուկ դպրոցների թիվը. կկգործեն միայն հատուկ ուղղվածության, օրինակ, լսողության, տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներ, որտեղ երեխաները կընդունվեն միայն բժշկահոգեբանամանկավարժական-փորձագիտական կենտրոնի տրամադրած ուղեգրով:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Հայաստանում տնտեսագիտական կրթությանը, բուհերի ինքնավարությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ կրթական հարցերին առնչվող խնդիրներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայություն