Վարչապետը խոստացել է հետաձգել Ստամբուլի զբոսայգու կառուցապատումը մինչև դատարանի կողմից կառուցապատման նախագծի վերաբերյալ որոշման ընդունումը:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հինգշաբթի ուշ երեկոյան հանդիպած հակակառավարական բողոքի մասնակիցների համաձայն, վարչապետը խոստացել է հետաձգել Ստամբուլի զբոսայգու կառուցապատումը մինչև դատարանի կողմից կառուցապատման նախագծի վերաբերյալ որոշման ընդունումը:
Էրդողանի հետ հանդիպած ընդդիմության պատվիրակության կազմում էին երաժիշտներ, դերասաններ և երգիչներ: Պատվիրակության անդամների համաձայն, դատարանի կողմից կառավարության օգտին որոշում կայացնելու դեպքում զբոսայգու կառուցապատման նախագիծը կդրվի հանրաքվեի:
Ստամբուլի Գեզի այգում հավաքված ցուցարարները խոստացել են չլքել զբոսայգին՝ չնայած Էրդողանի կողմից ցուցարարներին նախօրեին տրված «վերջին նախազգուշացման»:
Կարդացեք նաև
Վարչապետ Էրդողանն ասել էր, թե ոստիկանությունը 24 ժամվա ընթացքում Ստամբուլի Թաքսիմ հրապարակից կհեռացնի «բոլոր խռովարարներին», սակայն ուրբաթ առավոտյան հրապարակում դեռևս կային բազմաթիվ ցուցարարներ:
Էրդողանը չորեքշաբթի օրը հանդիպում էր անցկացրել ցուցարարների պատվիրակության հետ, որոնցից շատերը սակայն չէին ցանկացել մասնակցել բանակցությունների՝ ասելով, թե կառավարությունն ինքն էր ընտրել ցուցարարների պատվիրակության մասնակիցներին:
Թուրքիայում երկու շաբաթ առաջ սկսված բողոքի ցույցերի ընթացքում, որոնք ցրելու համար ոստիկանության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ, ջրցաններ և լուսաձայնային նռնակներ, զոհվել է չորս մարդ, վնասվածքներ է ստացել մոտ 5 հազար ցուցարար, ձերբակալվել է բողոքի ցույցերի մի քանի հազար մասնակից:
Թուրքիայի ընդդիմությունը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում է լարվածություն առաջացնելու և բախումների պատճառը դարձած քաղաքականություն վարելու մեջ:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջենիֆեր Փսաքին ասել է, թե Միացյալ Նահանգները ողջունում են երկխոսության միջոցով Թուրքիայում առկա խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը: Արտգործնախարարության խոսնակը նշել է սակայն, որ Միացյալ Նահանգների անհանգստությունն են առաջացնում բողոքի ցույցերի լուսաբանումն իրականացնող լրատվամիջոցների նկատմամբ ճնշում գործադրելու մասին հաղորդագրությունները: