Այն կարող է ծառայել որպես շուկա
Հունիսի 8-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսման ժամանկ անակնկալ եղավ: Միջոցառման ավարտին հայտարարվեց, որ սահմանափակ կարողություններով մանուկների, փախստական եւ ազգային փոքրամասնության ընտանիքների երեխաների հիմնախնդիրներով զբաղվող վրացական բարեգործական «Լիբերտի» կազմակերպությունը «Թեքալի» գործընթացին է նվիրել 20 մարդու բնակվելու համար նախատեսված վրան: Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը հայտարարեց, որ սա «Թեքալի» գործընթացին նվիրաբերված 3-րդ նվերն է : Առաջին նվերը 500 եվրոյի չափով մատուցել է 22-ամյա ադրբեջանուհի Զամիրա Աբբասովան, ով խաղաղարար գործընթացի համար նվիրաբերել է 500 եվրո: Այդ փողով Թեքալիում կայացող միջոցառումների մասնակիցների համար պլաստմասայից աթոռներ են գնվել:
Երկրորդ նվերը մատուցել է Թեքալի գյուղի բնակիչ Մուշվիգ Նամազովը, ով սահմանամերձ տարածքում իրեն պատկանող 4 հա տարածքը նվիրաբերել է Թեքալիում ազատ առեւտրի գոտի ստեղծելու համար: Գ. Վանյանն ասաց, որ նվիրաբերված վրանը կարող է տեղադրվել Նամազովի ընծայած տարածքում: Նրա խոսքերով՝ նախատեսվում է սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների առեւտրական այցի կազմակերպում Թեքալի: Այդտեղ՝ Մուշվիգ Նամազովի ընծայած տարածքում, նվիրաբերած վրանի ներքո գյուղմթերքների առեւտուր կիրականացվի, կստեղծվեն հարավկովկասյան ազատ շուկայի հիմքերը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ