Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Բոլորը գնում են Երևան» ծրագրի շրջանակում Երևանում գտնվող Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքապետի տեղակալ Կալլե Կլանդորֆի հետ:
Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունն ու ներկայում ընթացող զարգացման ծրագրերը` քաղաքապետն ընդգծել է, որ Երևանը կարևորում է ակտիվ համագործակցությունն այլ քաղաքների հետ` քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման և համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
«Երևանն այսօր աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ ունի լավ հիմքերի վրա դրված գործընկերային հարաբերություններ, և վստահ եմ, որ Տալլինի հետ ևս կարող ենք ձևավորել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ: Երևանն օրեցօր զարգացող քաղաք է, և ձեւավորված բարենպաստ ներդրումային միջավայրը լավ հնարավորություն է ընձեռում զարգացնելու նաև գործարար հարաբերությունները: Հուսամ՝ առաջիկայում համատեղ ծրագրեր քննարկելու և դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենանք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և «Բոլորը գնում են Երևան» ծրագրի կայացման հարցում ցուցաբերած աջակցության համար, Կալլե Կլանդորֆը շնորհավորել է Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և իր տպավորություններն է կիսել Երևանի մասին:
Կարդացեք նաև
«Վերջին անգամ Երևանում եղել էի 1973 թվականին: Փոփոխությունն ու զարգացումն ակնհայտ են: Ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Համոզված եմ, որ մեր հաջորդ զրույցը կունենա գործնական հիմքեր»,- նշել է Տալլինի քաղաքապետի տեղակալը:
Օգտվելով առիթից՝ Կալլե Կլանդորֆը Տալլինի քաղաքապետի անունից Տարոն Մարգարյանին հրավիրել է այցելել Էստոնիայի մայրաքաղաք:
Կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության զարգացման, մշակութային և կրթական կապերի ամրապնդման և զարգացման հետ կապված հարցեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն