Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական կարծիք ընկերների միջավայրո՞ւմ, թե՞ լրատվամիջոցի իմիջի վրա բացասաբար ազդած գրառում

Հունիս 14,2013 16:04

Տարբեր երկրների փորձագետները տարբեր տեսակետներ ունեն ֆեյսբուքյան գրառման եւ դրա՝ աշխատանքի հետ կապվածության  վերաբերյալ

Օրեր առաջ իր ֆեյսբուքյան գրառման պատճառով աշխատանքից ազատվեց լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանը, ով աշխատում էր «Շանթ» հեռուստաընկերությունում:

Aravot.am-ը տարբեր երկրների` խոսքի ազատության բնագավառի փորձագետների հետ զրույցում հետաքրքրվեց` որքանո՞վ է իրավաչափ ֆեյսբուքյան գրառման պատճառով անձին աշխատանքից ազատելը: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, թե նախ պետք է պարզել` իրավական ի՞նչ ձևակերպում է տվել հեռուստաընկերությունն իր աշխատակցին ազատելով, հրամանն ի՞նչ հիմքով է եղել ու շարունակեց.  «Ինչ վերաբերում է լրագրողի իրավունքների պաշտպանությանը, ապա այստեղ առկա է գրքաննության դասական օրինակ, երբ քաղաքացին, մարդն իր ֆեյսբուքյան էջում  գրում է կարծիք, որի համար հետապնդվում է ֆիզիկական ու տնտեսական միջոցներով: Տվյալ դեպքում Դուլյանը ենթարկվել է տնտեսական ճնշման: Բոլորին հայտնի է, որ Արմեն Դուլյանի` աշխատանքից ազատումը հաջորդել է իր ֆեյսբուքյան գրառումներին, ինչը դատապարտելի է»:

Ըստ Շ. Դոյդոյանի` այս երևույթները ՀՀ-ի համար նոր չեն, ուղղակի Ա. Դուլյանի անձը` որպես կայացած լրագրող, բոլորին է հայտնի, դրա համար էլ կա ընդվզում: Ուստի տիկին Դոյդոյանը կարծում է, որ սա նախադեպ պիտի դառնա, որ լրագրողական դաշտը միավորվի.« Յուրաքանչյուր անձ ազատ է մտածել ինչպես ուզում է և արտահայտվել իր անձնական միջավայրում: Արմեն Դուլյանն իր հաղորդումը, մասնագիտական միջավայրը չի օգտագործել այդ կարծիքը արտահայտելու համար: Այս դեպքում խոսքը վերաբերում է անձնական ընկերների շրջանում արտահայտած կարծիքին»:

50Բուլղարիայի Տեղեկատվության մատչելիության ծրագրի նախաձեռնող Գերգենա Ժուլեվան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նման հարցերն իրենց երկրում կարգավորվում են էթիկական կանոնագրերով և էթիկական խորհուրդների միջոցով: Այնուհետև մանրամասնեց. «Անշուշտ, խնդիրը կապված է մամուլի ազատության հարցի հետ: Բայց եթե ունենանք խնդրի կարգավորման լավ մեխանիզմներ, այսպիսի դեպքերում հօգուտ լրագրողների որոշումներ կունենանք: Սակայն  դատապարտելի են այն դեպքերը, երբ լրատվամիջոցի ղեկավարությունը ինչ-ինչ քաղաքական հայացքներով պայմանավորված ճնշումներ է իրականացնում լրագրողների նկատմամբ: Կարծում եմ`խոսքի, մամուլի ազատությունը մի արժեք է, որի համար պիտի պայքարենք միասնականորեն»:

51

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Ազգային անվտանգության արխիվի ՏԱ համակարգող Նեյթ Ջոնսն էլ հավաստիացրեց, որ ԱՄՆ-ում լրագրողներն ունեն իրավունք իրենց ֆեյսբուքյան էջում գրել այն, ինչ ուզում են.«Բայց եղել են դեպքեր, երբ լրագրողն իր ֆեյսբուքյան հրապարակման համար ենթարկվել է պատասխանատվության, երբ նա այդ գրառմամբ ռասիզմ ու բռնություն է քարոզել, կամ այդ գրառումը բացասական է անդրադարձել լրատվամիջոցի վարկանիշի վրա: Մեր երկրում պաշտոնապես ընդունված էթիկական կանոնագրեր չկան, բայց կան այսպես ասած չգրված օրենքներ, որոնց հետևում են լրագրողները: Կարծում եմ, որ ԱՄՆ-ում  այնքան հարթ է իրավիճակը տեղեկատվական դաշտում, որ նաև կանոնագրերի անհրաժեշտություն չի առաջանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սվետա says:

    Պարզից էլ պարզ է, որ պարոն Դուլյանը նկատի է ունեցել ոչ թե Շանթի ղեկավարությանը, այլ այն պաշտոնյաներին, ովքեր վերահսկում են հեռուստաեթերը: Գոնե ինձ համար՝ որպես շարքային հեռուստադիտող, դա հասկանալի էր: Կարող եմ միայն ասել, որ պարոն Դուլյանն էր պատճառը, որ նորություններին հետեվում էինք այդ ալիքով, թե չէ ոչ մի հեռուստաալիքի էլ չենք վստահում:

  2. Armine G says:

    Կարծում եք Շանթը վատությո՞ւն է արել Դուլյանին: Շանթը սրանով գցել է հենց իր վարկանիշը, հաստատելով որ հենց իր ընկերությունում չկա խոսքի ազատություն: Իսկ Դուլյանին փոխարինող աղջիկը պարզապես վանում է հեռուստադիտողին: Շանթը եթե խելացի գտնվեր կարող էր նույնիսկ օգտվել այս ֆեյսբուքյան գրառումից ասելով որ Դուլյանը նկատի ունի այլ լրատվամիջոցներին բայց ոչ մեզ, որովհետև նա մեր աշխատողն է, և մեզ մոտ խոսքի ազատություն է :
    Դուլյանը սրանից միայն շահեց, շատացնելով ու համախմբելով իր համախոհների ու երկապագուների բանակը:

  3. Աննա Վանաձորից says:

    Մեր հայկական եթերների միապաղաղ ֆոնին Դուլյանն ուրիշ էր, բոլոր հայկական լրատվամիջոցները կարճ ժամանակով լսելուց հիշում ես խորհրդային տարիները , բոլորը հաղորդում են նույն լուրերը, նույն տոնայնությամբ, հիմա այդ ստահոտ ոճը զզվանք կամ ծիծաղ է առաջացնում, առանց այն էլ երեխաներից սկսած հեռավոր գյուղերով վերջացրած մարդիկ համացանցից են օգտվում, եթերները նման դատարկությամբ, կամ իմաստազուրկ, գռեհիկ սերիալներով լցնելը , օրը մի քանի անգամ, շաբաթ կիրակի ողջ տափակաբանության կրկնությամբ, մի բան է հետապնդում, ամբողջովին մարդիկ հրաժարվեն հեռուստացույցից, համացանցից կախվածություն ունենան, գլոբալիզացիայի հետևորդները այդ ցանցի միջոցով վերահսկում են բոլորին։
    Շանթը այլևս առաջվանը չէ, իրենք էլ դա լավ գիտեն, 15 տարեկան աղջիկս անգամ սպասում էր Արմեն Դուլյանի հետաքրքրաշարժ լուրերի թողարկմանը։ Ավելացավ ևս մի գաղջ մթնոլորտ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930