Արմեն Ռուստամյանը բավարարված չէ վարչապետի բացատրություններից
Ձեզ բավարարեցի՞ն նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանի տված պարզաբանումները` կապված վերջին օֆշորային սկանդալի հետ: Երեկ «Առավոտը» փորձեց այս հարցի պատասխանը ստանալ պատգամավորներից: Հիշեցնենք, որ «Հետքի» հրապարակման առիթով, որում վարչապետը եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը մեղադրվում են օֆշորային գոտում գրանցված ընկերությունում մասնաբաժին եւ օֆշորային գոտում հաշվեհամարներ ունենալու մեջ, Տիգրան Սարգսյանը խորհրդարանում պարզաբանումներ ներկայացրեց: ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանին, պարզվում է, Տիգրան Սարգսյանի պարզաբանումները չեն գոհացրել: Իսկ թե հատկապես ի՞նչը պատգամավորին չի գոհացրել, ինչո՞վ վարչապետը չի համոզել պատգամավորին, մեզ հետ զրույցում Արմեն Ռուստամյանը պարզաբանեց. «Միայն այն հարցը, որ վարչապետը դիմել է դատախազություն, քիչ է, որովհետեւ այլ երկրում է, ըստ էության, կատարվել այն, ինչը որ կատարվել է, եւ որից, ինչպես ինքն է հայտարարում, տեղյակ չի: Սա մի քիչ ավելի միջազգային մասշտաբներ է պահանջում: Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս պետք է քննվի այս գործը, թե ո՞վ է որոշել վարչապետին վատություն անել՝ այսպես ասած: Դրա հետ կապված նաեւ ինչ-որ գումարների փոխանցման մասին է խոսվում. ամեն դեպքում, եթե պետք է քննություն արվի, ես հակված եմ նրան, որ դա անի վստահություն ներշնչող մարմինը: Որովհետեւ իրենք իրենց քննելը մի քիչ վատ եմ պատկերացնում»: Այս պատճառով Արմեն Ռուստամյանը ճիշտ է համարում մոտեցումը, որ քննությունը կատարեն պատգամավորները, եւ ավելի բացվեն բոլոր ծալքերը, որոնք որ հնարավոր է չանի հասարակության կողմից վստահություն չվայելող քննչական մարմինը: Հիշեցնենք, որ այդ առաջարկը նախօրեին խորհրդարանում բարձրաձայնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ինչը վարչապետը մերժեց` պատճառաբանությամբ, որ պատգամավորներն իրենց բուն գործը թողած՝ դրանով պետք է զբաղվեն, ու դա կարող է նախադեպ ստեղծել: Դաշնակցական պատգամավորին մտահոգում է հենց վարչապետի նման պահվածքը. ՙԲայց չէ՞ որ խոսքը գնում է վարչապետի մասին, ոչ թե ինչ-որ այլ քաղաքացիների՚: Պատգամավորը գտնում է, որ տվյալ պարագայում վարչապետի բարի համբավը վերականգնելը շատ ավելի կարեւոր է ընդհանրապես իշխանությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու, նմանօրինակ խնդիրները ճիշտ կարգավորելու նախադեպ ստեղծելու, վարչապետի եւ կառավարության գործունեության արդյունավետության առումներով: «Սա է ինձ մտահոգում եւ ինձ չի բավարարում: Եթե կա հարց, որ դու վստահ ես, որ ինչ-որ խարդավանք, դավադրություն կա իրականացված, դա միայն վարչապետի անձի նկատմամբ չի: Ի վերջո՝ նաեւ երկրի հեղինակության հետ է կապված: Շատ խնդիրներ կան, որ մեր արտաքին իմիջի հարցեր են առաջացնում: Այդ խորությամբ չի նայվում հարցը: Այս տնավարի մոտեցումներն են, որ ինձ բացարձակ չեն բավարարում»:
Պատգամավորը չի ընդունում բարձրացված հարցին անդրադառնալը զուտ անդրադառնալու համար. «Վարչապետը պետք է նման երեւույթների կանխարգելման հետ կապված մեխանիզմներ, մոտեցումներ, ծրագրեր առաջարկի` հենց ինքն իր տեսակետներին չհակասելու առումով: Վարչապետն ասում է` այո, ես շատ ուրախ եմ, որ սկսել են ինձնից, որովհետեւ մենք այդ մոտեցումն ենք որդեգրել: Դե, որ մոտեցումը որդեգրել եք, «Ա»-ն ասել եք` «Բ»-ն էլ ասեք: Պետք է ինչ-որ քայլեր լինեն նաեւ կասկածները փարատելու ուղղությամբ՚:
Հետաքրքրվեցինք` արդյոք վարչապետի բացատրություններն ամրապնդեցի՞ն պատգամավորի տպավորությունները, որ մեղադրանքներում իրականության հատիկ կա: Արմեն Ռուստամյանն ասաց, որ չի ցանկանում նման հարցերը հավատի վրա դնել: Աշխարհում էլ այդպես չեն գործում: Կան օբյեկտիվ մեխանիզմներ, որոնք փաստացի ապացույցների վրա են հիմնավորում, որ այդպես հեշտ չի կարելի զրպարտել, պատասխան պետք է տան զրպարտողները: Ռուստամյանն անձի խնդիր չի դնում, գտնում է, որ վարչապետի ու կառավարության խնդիրն է նման երեւույթներին հակամեխանիզմներ ունենալը:
ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանն ամբողջովին համամիտ է վարչապետի հետ, որ յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ շատ հաճախ տարածվում են տեղեկություններ, որոնք որեւէ աղերս չունեն իրականության հետ: Ինչ վերաբերում է օֆշորային գոտիներին` «ես ծանոթ չեմ, բայց ես որեւէ հիմք չունեմ` չվստահելու վարչապետի խոսքին, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ բացարձակապես այլ ձեւով»: Հետաքրքրվեցինք` ո՞ր կառույցի թերացումն է, որ բարձրաստիճան պաշտոնյաներին կարող են նման կերպ զրպարտել: Դավիթ Հարությունյանն ասաց, որ նման երեւույթի յուրաքանչյուր երկրում էլ կարելի է հանդիպել: Իր օրինակով էլ մատնանշեց. ՙԻմ մասին էլ բազմաթիվ կարծիքներ եմ լսել, թե ի՞նչ բիզնեսների սեփականատեր եմ: Ավելին, անգամ մեր մի շարք կազմակերպություններ` «մարդու իրավունքների պաշտպանի» համբավ ունեցող, դիմել էին ԵԽԽՎ-ին` փորձելով բացահայտել աղմկահարույց փաստեր իմ մասին: Ես լուրջ փորձել էի պատրաստվել եւ հիմնավորումներ ներկայացնել: Իմ ավելի փորձառու եվրոպացի գործընկերներն ընդամենը ժպտացին եւ ասացին, որ յուրաքանչյուրի մասին նմանատիպ մեղադրանքներ կան, եւ իրենք անգամ հարկ չեն համարում դրանց մեջ խորանալ, որովհետեւ այդ կերպ չէ, որ ներկայացնում են մեղադրանքները քաղաքական գործիչներին: Նման գործելաոճը հավանաբար տարածված է ամենուր: Դրա մասին ես իմացա այնտեղ»: Հարցրինք` իսկ իրականում ի՞նչ բիզնեսների տեր եք: «Ես չունեմ բիզնես իրականում»,- ասաց Դավիթ Հարությունյանը` հումորով հիշելով մի միջադեպ, երբ մի խանութում իրեն փորձել են անվճար սպասարկել` ասելով, որ ինքն այդ խանութի սեփականատերն է: «Ես, իհարկե, վճարեցի»,- ասաց պարոն Հարությունյանը` խոստովանելով կատարվածի հաճելի լինելը, բայց հրաժարվեց ասել` որ խանութի մասին է խոսքը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Վերնագիրն ի՞նչ կապ ունի հրապարակված նյութի հետ:Պարզապես չի կարելի նյութը կարդալու էժանագին և ոչ պրոֆեսիոնալ ճանապարհ ընտրել:
Հարգելի Սպարտակ, վերնագիրը նյութ կարդալու էժանագին ճանապարհ ընտրված էչ, նյութում կա այն մասին ինչ որ վերնագրում է: