Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի մոտ չթողեցին, ընդունարանում սադրանք արեցին, հետո` դատապարտեցին ազատազրկման

Հունիս 14,2013 15:13

Ճանաչված մարզիկ Արմեն Խալոյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներում և դատապարտվել էր 5 տարի ժամկետով ազատազրկման և նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի` երկու հարյուր հիսուն հազար ՀՀ դրամ գումարի չափով տուգանքի։

Նա ազատազրկված է  2012թ. նոյեմբերի 2-ից։
Այսօր քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը Արմեն Դանիելյանի նախագահությամբ լսեց եւ մերժեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ Արմեն Խալոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանի բերած բողոքը:

Ռոբերտ Ռեւազյանը aravot.am-ի հարցին, թե բողոքարկելո՞ւ են դատավճիռը, ասաց, որ անպայման դիմելու են վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ Արմեն Խալոյանը, ըստ մեղադրանքի, 2012թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 16.45-ի սահմաններում Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության վարչական շենքի ընդունարանում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի մոտ ընդունելություն ստանալու հարցի շուրջ վիճել էր ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Հակոբյանի հետ: Վեճի արդյունքում իբրեւ Ա.Խալոյանը ձեռքերով հարվածել է Մ.Հակոբյանին, նրան պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ըստ մեղադրական եզրակացության՝ ոստիկանությունը  շուրջ 20 րոպե չի կարողացել աշխատել: Ա.Խալոյանին մեղաղրել էին, որ նա կրել է  «սառը զենք հանդիսացող` գործարանային արտադրության քաղաքացիական շեղբավոր դանակ»: Առաջին ատյանի դատարանում Խալոյանն ասաց, որ ցանկացած խանութում այդ դանակից կա, եւ դա կենցաղային նշանակության դանակ է:

Չբավարարվելով դրանով` մի սադրանք էլ կազմակերպվել էր նոյեմբերի 2-ին, ժամը 09.30-ին , երբ հարկադրաբար Ա.Խալոյանին «բերման են ենթարկում» ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին: Ինչպես մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, ըստ դատարանում հրապարակված գործի նյութերի, նա չի ենթարկվում իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հայկ Կարապետյանի պահանջներին, բռունցքներով հարվածում  է վերջինիս դեմքի շրջանին, պատճառում թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով։

Ա.Խալոյանի՝ ոստիկանապետի մոտ ընդունելություն խնդրելու պատճառի մասին որեւէ մեկը չի ուզում լսել: Նա ոստիկանության աշխատակիցների պատճառով կորցրել է ամեն ինչ, տունը, ինչքը, իսկ երբ իրեն «քցած» ոստիկանը ազատազրկվել է, նրա գործընկերները սկսել են այսօրինակ հետապնդումները նրա նկատմամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930