Ազատամարտիկները շարունակում են արտոնություններ պահանջել կառավարությունից եւ իրենց պահանջը մտադիր են վաղը չէ մյուս օրը բարձրացնել Ազատության հրապարակում իրենց նախատեսած հանրահավաքի ժամանակ: Նրանք նաեւ պնդում են ՝պատերազմին մասնակցած կամավորներին օրենքով կարգավիճակ պետք է տան:
«Օրենքով մինչ այժմ կար մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի հետ կապված արտոնություն: Մեր ընդհանուր պայքարի նպատակը նյութական արտոնություններ տալն է»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ազատամարտիկ Մհեր Մազմանյանը:
Ռուդիկ Ներսիսյանն էլ ազատամարտիկների անունից մի հարց բարձրացրեց. «Եթե նույն հայն է, նույն զոհն է, նույն հաղթանակը… ինչպես է ստացվում է, որ մեկը կարող է սանատորիա գնալ, Պրահայում տուն ստանալ, պատվավոր քաղաքացու կոչում, այն դեպքում, երբ պաշտպանել է Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի հողը: Բայց եթե ազատամարտիկը պաշտպանել է Հայաստանի հողը, ոչ մի բանի արժանի չէ, ի՞նչն է պատճառը»:
Մ. Մազմանյանն էլ պատմեց վարչապետի հետ ունեցած ազատամարտիկների հանդիպման մանրամասները. «Բոլոր խնդիրները ներկայացրինք: Վարչապետը հանձնարարականներ տվեց գերատեսչական մարմիններին: Հանձնարարականներից մեկը՝ մասնակիցների թվաքանակի հստակեցում, որը կարող է լուծել մեր պահանջը՝ ամսական նյութական աջակցություն տալու առումով»:
Կարդացեք նաև
Ազատամարտիկներին մտահոգել է նաեւ կառավարության երեկ հաստատած մի օրենսդրական նախագիծ: Ըստ որի, կառավարությունը առաջարկում է սահմանել երկրապահ հասկացությունը , կարգավիճակ տալ կամավորականներին, նրանց համարել զինծառայողներին հավասարեցված անձինք՝ սոցիալական պարտադիր երաշխիքներով:
Ազատամարտիկների խոսքերով, սոցիալական երաշխիք այդ օրենսդրական նախագիծը չի տալիս:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ