Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում շատերն են ուզում սեռափոխվել

Հունիս 14,2013 14:48

Բայց այդ մասին օրենք դեռեւս չկա 

Չնայած մեր երկրում ամեն քայլափոխի դատապարտում են տրանսսեքսուալիստներին, նույնիսկ անցած տարի հրդեհեցին գեյերի ակումբը, ԱԺ որոշ պատգամավորներ էլ իրենց զզվանքը հայտնեցին այդպիսի մարդկանց նկատմամբ, այդուհանդերձ՝ Հայաստանում մինչեւ օրս ընդունված չէ սեռափոխության մասին օրենք, որը հնարավորություն կտա պլաստիկ վիրաբույժներին շտկել գոնե բնությունից հիվանդ ծնվածների արատը ու որոշակի չափով վերացնել տրանսսեքսուալիզմը: Մինչդեռ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի եւ Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանի փաստմամբ՝ հայ պլաստիկ վիրաբույժները տեխնիկապես պատրաստ են նման բարդ վիրահատությունների, ոչնչով չեն զիջում եվրոպացիներին:
«Առավոտ»-ի հետ զրույցում 12 տարվա պլաստիկ վիրաբույժն ասաց, որ իրենց չափից շատ են դիմում սեռափոխ լինելու խնդրանքով, բայց քանի որ դեռ չկա օրենք, իրենք հրաժարվում են հանձն առնել: ՙՀայաստանում սեռափոխության մասին օրենք դեռ չկա, մենք ներկայումս աշխատում ենք էդ ուղղությամբ առողջապահության նախարարության հետ, ինձ թվում է, որ մոտ ապագայում կունենանք այդ օրենքը կամ որոշումը, եւ այն մասսային, ովքեր կոչվում են տրանսսեքսուալներ, կկարողանանք վիրահատել ու ադապտացնել այս կյանքին: Մեզ դիմողները շատ են, մենք, բնական է, ասում ենք` պիտի սպասեք, մարդիկ կամ սպասում են, կամ գնում են այլ երկիր: Հիմա մի քիչ սպասողական վճակում ենք՚,- ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, բժիշկները չեն կարող վիրահատել նաեւ այն պատճառով, որպեսզի հետագայում չառաջանան խնդիրներ` անձնագրի, անվանափոխության հետ կապված: Փաստորեն օրենքը ոչ միայն սեռափոխվելու հնարավորություն պիտի տա, այլեւ կարգավորի տվյալ մարդու անվանափոխումը: Մեր այն հարցին էլ, թե կարելի՞ է տրանսսեքսուալիզմը համարել բնության անոմալ երեւույթ, մեր զրուցակիցն ասաց. ՙԱյո, դա ֆիզիկական շեղում է, հիվանդություն է համարվում, գենետիկորեն, ինչ-որ նպատակի վրա շեղումով, բնակչության մեջ մոտ 100 000-ից 1-2 հոգին տառապում է այդ խնդրով: Մենք օգնում ենք տրանսսեքսուալին, ովքեր որ այս կյանքում իրենց չեն գտնում, այսինքն՝ իրենց ուղեղը մի սեռի է, հավակնում են այլ սեռի, մենք համապատասխանեցնում ենք, ուղիղ սեռի ենք բերում: Եթե մենք դա չանենք, իրենք կամ իրենց կյանքին վերջ են դնում, կամ փոխում բնակավայրը՝ գնում այլ երկիր: Մենք ինչ-որ ձեւով պետք է ադապտացնենք այս միջավայրին՚: Ըստ բժշկի՝ այդ վիրահատությունը անչափ կարեւոր է. եթե գործի սեռափոխության մասին օրենքը, հալածանքները այդպիսի մարդկանց նկատմամբ կդադարեն: Հասարակությունը կամաց-կամաց կհասկանա, որ դա հիվանդություն է, եւ վիրաբույժները բուժում են այդ մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հետագա կյանքը շարունակել: ՙԵս կրթվել եմ Մոսկվայի Պետրովսկու անվան վիրաբուժական կենտրոնում, Ռուսաստանում այդ տիպի վիրահատության ամենամեծ փորձը այդ կենտրոնն ունի: Գալով Հայաստան՝ ես, բնականաբար, կուզենայի իմ օգնությունը ցուցաբերել հայ մարդկանց եւ երջանկացնել՚,- ասում է պլաստիկ վիրաբույժը: Մեր այն հարցին էլ` կարելի՞ է ասել, որ արտերկիր մեկնելու եւ դրսի պլաստիկ վիրաբույժներին դիմելու կարիք չկա, որովհետեւ Հայաստանում այս ճյուղը զարգացած է, մեծ պահանջարկ ունեցող, մեր զրուցակիցն ասաց, որ հայ պլաստիկ վիրաբույժները համահունչ են շարժվում եվրոպացիներին, մեծ կապեր ունեն եվրոպական պլաստիկ վիրաբույժների միություններում: Կարեն Պետրոսյանի ասելով՝ հայ պլաստիկ վիրաբույժներին անգամ դիմում են Ռուսաստանից, Եվրոպայից ու ԱՄՆ-ից, նախ՝ որակի, այնուհետեւ վիրահատության գների մատչելի լինելու համար: Իսկ Հայաստանում գները Ռուսաստանից ցածր են 2-4 անգամ, ԱՄՆ-ից էլ` 5 եւ ավելի անգամ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Մասնագիտանալով այս ուղղությամբ` վիրաբույժը իր համար շուկա է ստեղծում նման վիրահատությունների համար: Սա հասկանալի է: Բայց կարծում եմ` կարիք չկա, որ սենսացիայի հետևից ընկնելով Առավոտը նման բաներ փաստորեն գովազդի: Առավել ևս, որ պատրանք է ստեղծվում, թե նման վիրաբուժությունը կարող է 100 տոկոսանոց սեռափոխութոյւն կատարել; Իրականում վիրահատությունից հետո մի դժբախտը մի այլ դժբախտ է դառնում:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Բացարձակ համաձայն չեմ ձեր կարծիքին: Նախ՝ սեռափոխությունից հետո մեծագույն մասը գտնում է հոգու անդորր, երկրորդ՝ դա լրիվ սեռափոխություն է և երրորդ՝ սա սենսացիա չէ. մինչև սեռափոխվելը մարդիկ ՏԱՐԻՆԵՐՈՎ մտածում/պատրաստվում են. սա քթի օպերացիա չէ,որ «սիրուն քիթ» ունենան. սեռափոխությունը էության, լինել-չլինելու հարց է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930