Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սխալ» համաներման պատճառով ԱԱԾ նախկին քննիչը 180 օր անազատ է եղել…

Հունիս 14,2013 14:41

Հունիսի 7-ին արդարադատության նախարարության ՙԵրեւան-Կենտրոն՚ հիմնարկից ազատվեց ԱԱԾ նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանը, ով 3,5 տարի գտնվեց անազատության մեջ, մեկը, որի նկատմամբ հարուցված քրեական գործի ողջ դատական գործընթացները լուսաբանել է «Առավոտը»:
Մեր զրույցը Վլադիմիր Կոթոլյանի պաշտպանի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանի հետ է:

-Պարոն Գրիգորյան, խնդրում եմ հակիրճ ներկայացրեք գործի նախապատմությունը:
-Նախ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կաշառքի համար Վլադիմիր Կոթոլյանին դատապարտել էր կաշառքի հոդվածով, 7 տարվա ազատազրկման, հետագայում բեկանվել էր դատավճիռը եւ գործը ուղարկվել նոր քննության:
Այդ ժամանակ դատավոր Մխիթար Պապոյանը արարքի վերաորակում էր կատարել եւ փաստական հանգամանքներում գտել էր, որ առկա է ոչ թե կաշառքի, այլ՝ խարդախության հանցակազմ: Իսկ խարդախության շրջանակներում նշանակել էր 5 տարի ժամկետով ազատազրկում:
Միաժամանակ, դատարանը կիրառել էր ԱԺ 2011թ. մայիսի 26-ի Համաներում հայտարարելու մասին որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետը, եւ Վլ.Կոթոլյանի պատժի չկրած մասը կրճատել էր 1/3-ով:
-Այդ դեպքում, ինչո՞ւ դատավճիռը բողոքարկեցիք:
-Երբ դատավոր Մխիթար Պապոյանի դատավճիռը մենք բողոքարկեցինք ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան, միաժամանակ, նաեւ հայտնաբերեցինք, որ դատավորը կիրառել է Համաներման ոչ այն կետը, որը ենթակա էր կիրառման: Այսինքն, կա երկու տարբերակ. առաջին անգամ դիտավորությամբ հանցագործություն կատարած անձանց համար մի դեպքում, երբ նրանք դատապարտվել են մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկման, եւ երկրորդ դեպքում, երբ նրանք դատապարտվել են մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկման. ՙՊատժից ենթակա են ազատման բացառությամբ 8-րդ կետի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերի՚ (հանցագործությունների ցանկի համաձայն-Ռ.Մ.):
Իմ պաշտպանյալի դեպքը չէր ներառվում այդ բացառությունների շարքում, բայց խնդիրը նրանում էր, որ ՙմինչեւ 10 տարին՚ էլ, նաեւ 5 տարին էլ, մտնում է այդ 10 տարվա մեջ: Չնայած կար հատուկ կետ՝ մինչեւ 5 տարին:
-Այս դեպքում, ի՞նչ էր տեղի ունեցել:
-Դատավորը կիրառել էր մինչեւ 10 տարի տարբերակը, եւ պատժի չկրած մասը կրճատել էր 1/3-ով: Ստացվել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին, երբ դատավճիռը հրապարակեց Մ. Պապոյանը, դատարանի դահլիճից 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ նրան պիտի պատժից ազատեին:
Ես միջնորդություն ներկայացրեցի վերաքննիչ դատարան, որը քննել էր բողոքը, թողել էր անփոփոխ, հայտնեցի, որ համաներման մասով սխալ կա, եւ խնդրեցի կալանքից անհապաղ ազատել:
Ապօրինի անազատության մեջ պահելու խնդիրը դատարանների պարտականությունը պիտի լինի, անկախ նրանից, թե կողմը դրա հետ կապված դիրքորոշում հայտնել է, թե ոչ: Դա մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի պահանջն է, որտեղ պետության պարտականությունն է հետեւել, որպեսզի որեւէ մարդ գեթ մեկ օրով չմնա ապօրինի կալանքի տակ:
Վերաքննիչ դատարանն իմ միջնորդության հետ կապված որեւէ գործողություն չկատարեց, ոչ էլ քննարկեց, մինչ ստացա Վճռաբեկի բողոքը՝ արդարացման հետ կապված, գործը ուղարկեց Վճռաբեկ դատարան՝ ՙսենատորներին՚:
-Հայտնի է, որ այս տարվա մայիսի 15-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրեց բողոքը:
-Վերադարձրեց, ինչպես լինում է հաճախ, սակայն մի շատ հետաքրքիր դրույթ նշեց, որ ՙԻնչ վերաբերում է համաներման տվյալ կետի կիրառմանը, ապա դա ոչ թե դատարանները անեին, այլ՝ ուղղիչ հիմնարկների պետերը՚: Բնականաբար, դա այդպես չի: Դա կախված է նրանից, թե ո՞ր փուլում է գործը գտնվում. դատարանո՞ւմ, քրեակատարողական հիմնարկո՞ւմ:
Ասացինք, շատ լավ է, հերթական անգամ Վճռաբեկ դատարանն ասել է՝ մածունը սեւ է, ուրեմն, դրա ելակետը ընդունելով, դիմենք ՔԿՀ վարչակազմին:
Դիմեցինք ԱՆ ՙԵրեւան-Կենտրոն՚ ՔԿՀ պետին, համապատասխան պատճառաբանված դիմումով, Վճռաբեկի որոշումը կցված, իսկ գլխավոր դատախազության վերահսկող վարչությունը գրավոր մերժում տվեց:
ՔԿՀ-ն դիմեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին: Չեմ կարող մեր գոհունակությունը չհայտնել, քանի որ Հայաստանում բացառիկ դեպքերից է, երբ դատավորը կարող է իր սխալը շտկել:
-Այսինքն, ինչպե՞ս է շտկվել:
-Դատավորը պարզաբանման կարգով որոշում կայացրեց, որ, իրոք, տվյալ դեպքում Վլադիմիր Կոթոլյանի նկատմամբ պիտի կիրառվեր Համաներման մասին որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը: Այդ որոշումը հիմք ընդունելով՝ Վլադիմիրը ազատ արձակվեց: Ուզենք, թե չուզենք, արձանագրենք, որ իմ պաշտպանյալը 180 օր գտնվեց ապօրինի կալանքի տակ:
-Դիմելո՞ւ եք մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
-Իրավական կողմն իմ պաշտպանյալին պարզաբանել եմ: Մենք ունենք ՄԻԵԴ-ի բավական հարուստ նախադեպային որոշումներ:
Կդիմենք ներպետական ատյաններին, կպահանջենք վնասի հատուցում, ապա՝ ՄԻԵԴ:
Քանի որ վերաքննիչում, վճռաբեկ ատյանում այդ հարցերը բարձրացրել էինք, ներպետական միջոցների չսպառման հարց չի առաջանա:
Երբ մենք ասում ենք դատավոր Մխիթար Պապոյանի մասին, նա իրականում կարող էր ավելի համարձակ դատավճիռ կայացնել: Ակնհայտ է, որ ի սկզբանե Վլադիմիր Կոթոլյանի նկատմամբ ամբողջ գործը եղել է հորինված, նախապատրաստված, շինծու: Երբ գործադիրը ամեն կերպ դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելով, չի թողնում, որ արդարացման դատավճիռներ լինեն, որպեսզի արդարադատությունը բուն իմաստով իրականացվի, բնականաբար, դա իր ազդեցությունը ունեցել է: 3,5 տարի, փաստորեն, Կոթոլյանը համակարգի զոհը դարձավ. չգիտես ինչու որոշվեց, որ նա լինի:
Հիշենք, որ սկզբում Կոթոլյանին փորձեցին գործակալի միջոցով վերագրեն պետական գաղտնիք հրապարկելու, հետո թմրամոլի կողմից իբրեւ թե կաշառքը, հետո՝ խարդախությունը……ԱԱԾ քննչական վարչություն է բերման ենթարկվում ոմն Հովհաննես Գեւորգյան՝ ՙկաշառք տալու կասկածանքով՚:
Ոչ թե կաշառք վերցնելու, այլ՝ տալու կասկածանքով: Տեղեկություն կամ հիմք չկա, որ այդ կասկածանքն առաջացավ: Ոնց որ մարդը փողոցում ման գալուց լիներ, օպերները տեսնեին, ասեին՝ հըլը արի, աչքիս ոնց որ կաշառք ես տվել, քո աչքերից երեւում է, որ դու կաշառք տվող ես:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930