Հարազատներից ոմանք ամեն գնով ցանկացել են ազատազրկված տեսնել նրան
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սուրեն Բաղդասարյանի, ամբողջությամբ արդարացնող դատական ակտ է կայացրել վանաձորցի Աստղիկ Հովհաննիսյանի վերաբերյալ:
Աստղիկ Հովհաննիսյանը մեղադրվում էր ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի վնաս:
Նրան մեղադրանք էր առաջադրվել հարազատ եղբոր դիմումի հիման վրա:
Համաձայն մեղադրական եզրակացության` Աստղիկ Հովհաննիսյանը 2005-2009 թվականների ընթացքում, առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման, Վանաձոր քաղաքի Թումանյան 1 հասցեում տեղակայված տարածքն օգտագործել է որպես սրճարան եւ իրականացրել հասարակական սննդի սպասարկման գործունեություն, ստացել հասույթ, այսինքն` իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, որով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի՝ 7,440,000 դրամի վնաս, որից 7.200.000 դրամը՝ որպես հաստատագրված վճար, իսկ 240.000 դրամը՝ որպես պետբյուջե վճարման ենթակա պարտադիր սոցապահովության վճար։
Դատարանը, սակայն, կայացրած վճռում Աստղիկ Հովհաննիսյանին անմեղ է ճանաչել, արդարացրել նրան` վերացնելով խափանման միջոցը, ինչպես նաեւ գույքն ազատել արգելանքից:
Նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը ՙԱռավոտի՚ հետ զրույցում ասում է, որ ի սկզբանե պաշտպանական կողմը բարձրաձայնել է իր պաշտպանյալին վերագրվող արարքում հանցագործության դեպքի բացակայության մասին:
ՙ«Պաշտպանական կողմը ի սկզբանե գտնում էր, որ Աստղիկ Հովհաննիսյանին վերագրվող արարքում բացակայում է հանցագործության դեպքը: Հարկային տեսչության աշխատակիցների, քաղաքապետարանի, համատիրության, ոստիկանության, հարկային ոստիկանության, աշխատանքի պետական տեսչության եւ մի շարք այլ հիմնարկներից ստացված գրությունների համաձայն` այդ օբյեկտն այդ ժամանակահատվածում որպես գործող սրճարան չի աշխատել: Վանաձորի հարկային տեսչության աշխատակիցները դատարանում ցուցմունքներ տվեցին, նաեւ պաշտպանի հարցմանն ի պատասխան՝ հրավիրվեցին եւ հարցաքննվեցին այդ շենքի բնակիչներ, կողքի շենքի բնակիչներ, դիմացի շենքի գործող օբյեկտների աշխատողներ, ցուցմունքներ տվեցին, որ այդ սրճարանը չի աշխատել»,-դատաքննության ընթացքում պաշտպանական կողմի կատարած աշխատանքների եւ արդյունքների մասին է պատմում փաստաբանը:
Նա տեղեկացնում է, որ վերոնշյալ սրճարանը սկզբում պատկանել է Աստղիկ Հովհաննիսյանի մորը, ապա եւ 2010 թվականին նվիրատվությամբ փոխանցվել իր պաշտպանյալին:
Փաստաբանը մանրամասնում է, որ համաձայն չլինելով նման որոշման հետ` Աստղիկ Հովհաննիսյանի եղբայրը, քույրն ու քրոջ աղջիկը որոշել են դիմել պետական կառույցների եւ հաղորդում ներկայացրել նրա դեմ:
ՙ«Իմ պաշտպանյալի հասցեին հնչեցրած բազմաթիվ սպառնալիքներից, վիրավորանքներից եւ զրպարտություններից հետո նրանք որոշել էին այդկերպ հարցին լուծում տալ: Նրանց նպատակը մեկն է եղել, ցանկացել են, որ քույրը դատապարտվի ազատազրկման, իրենք էլ կարողանան այդ օբյեկտը իրենցը դարձնել»,-եզրափակում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ