Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանում» ֆիլմերի «սարսափելի» հոսք է եղել

Հունիս 14,2013 14:34

Այսօր «Գոլդեն Թյուլիփ»  հյուրանոցում «Ոսկե ծիրան»  10-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները ներկայացրին այս տարվա մրցութային ծրագրերը  եւ ժյուրիի կազմը:

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ խաղարկային ֆիլմերի ծրագիրը 12 ֆիլմ է ընդգրկում: Մեկ թուրքական ֆիլմի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, եթե բարդություն ծագի, պարոն Ստամբոլցյանի խոսքով այն կփոխարինվի այլ ֆիլմով: Խաղարկային ժյուրին գլխավորելու է անվանի ռեժիսոր Իշվան Սաբոն, անդամներն  էլ ոչ պակաս անվանի կինոմարդիկ են:

Խաղարկային մրցույթում, ի թիվս այլ ֆիլմերի, կլինեն  Նիկոս  Կորնիլիուսի «11 հանդիպում հորս հետ», Սանհուն Փարկի «Սոսկ կյանք», Սրդան Գոլուբիչի «Շրջաններ», Միրա ֆորնայի «Իմ մարդասպան շունը», Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը», Պիտեր Բրոսենսի եւ Ջեսիքա Վուդոուրֆի «Հինգերորդ եղանակը», վավերագրական մրցույթում ՝ Մահդի Ֆլեյֆելի «Աշխարհ, որ մերը չէ»,  Լորանս Պերիգոյի «Երկու հոգու միջեւ», Սթիվ Հուվերի «Արյունակից եղբայր» ֆիլմերը եւ այլն:

Փառատոնի  փոխտնօրեն Արա Խանջյանը նշեց, որ Վավերագրական մրցույթի համար 700 ֆիլմ են ստացել՝ 63 երկրից, մրցույթում ընդգրկված է 11-ը: Պարոն Խանջյանն ասում  է, որ բավականին բազմազան ֆիլմեր են՝ տարբեր սյուժեներով՝ սկսված ոչ արտոնյալ ձկնորսության ու մարդկային հարաբերությունների թեմայից, ավարտած սեռափոխության մասին երազող մարդու պատմությամբ: Նրա ձեւակերպմամբ, ֆիլմերը բազմազան են ժանրային եւ մյուս առումներով:

«Հայկական  համայնապատկեր» ծրագրի  համակարգող Րաֆֆի Մովսիսյանն էլ հայտնեց, ոի  կներկայացվեն 23 խաղարկային, վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմեր: Շուրջ հարյուր ֆիլմի հայտ է ստացվել, ընտրվել է 23-ը: Նրա խոսքով «Հայկական համայնապատկերում» կբաժանվեն խաղարկային եւ վավերագրական ֆիլմերը: Դրանք 12 երկրից են, ու բանախոսի ձեւակերպմամբ՝ շատ ուժեղ ծրագիր է ստացվել: «Հայկական համայնապատկերի» ժյուրիի կազմում մարդիկ են, որոնք տարբեր հեղինակավոր կինոծրագրերի ղեկավարներ են: Նրանց թվում են  կինոքննադատ Դեյվիդ դ՛Արսին, սոցիոլոգ Ժան Ռադվանին, կինոքննադատ Նիք Ջեյմսը եւ ուրիշներ:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի համակարգող Արամ Շահբազյանը հայտնեց, որ «Կորիզի» համար  ընտրվել են  մասնավորապես գեղարվեստական կուռ դրամատուրգիա եւ ուժեղ ասելիք ունեցող ֆիլմեր, հասցեատերը հիմնականում երիտասարդությունն է: Այս տարի, նրա խոսքով մեծ հոսք է եղել, ավելի քան 900  հայտ:

Միքայել Ստամբոլցյանն էլ  հավելեց, որ այս տարի ֆիլմերի այնքան առատ հոսք է եղել, որ ինքը, պատկերավոր ասած, սարսափած է: Միայն 200-ից ավելի լիամետրաժ, խաղարկային ֆիլմի մասնակցության հայտ է ներկայացվել, որից ընտրվել է 12-ը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930