«IDEAS. ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» եռամյա, տարածաշրջանային ծրագրի «Future Search» համաժողովին մասնակցում է նաեւ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը: Նա նշեց, որ իրենց բուհում նախկինում Նախադպրոցական, սկզբնական եւ հատուկ կրթության ֆակուլտետ էր գործում, անցյալ տարի հատուկ կրթությունն առանձին ֆակուլտետ է դարձել: «Մեր ֆակուլտետը պատրաստում է մասնագետներ, ովքեր հետագայում ծառայություն են մատուցում հաշմանդամություն ունեցող մարդկանց, պատրաստում ենք տիֆլոմանկավարժներ, սուրդոմանկավարժներ, լոգոպեդներ, հոգեբաններ, նախադպրոցական հատուկ մանկավարժներ»,-հայտնեց նա «Առավոտի» հետ զրույցում:
Հետաքրքրվեցինք, թե պրակտիկայի շրջանակում ուր են այցելում իրենց ուսանողները: «Նախկինում պրակտիկայի շրջանակում այցելել են հատուկ դպրոցներ, հիմա ընդլայնել ենք պրակտիկայի վայրը, կրթական հաստատություններ են գնում եւ բժշկական, կրթական հաստատություններում նախապատվությունը տալիս ենք ներառական կրթություն իրականացնող դպրոցներին: Հաշվի ենք առնում այսօրվա տենդենցները եւ մեր երկրի՝ դեպի ներառական կրթություն ուղղությունը, որպեսզի հետագայում մեր պատրաստած մասնագետները կարողանան այդ կրթական համակարգում արդյունավետորեն աշխատել»,-ասաց դեկանը:
Մեր հարցին՝ 2001-ից Հայաստանում ներդրվել է ներառական կրթության համակարգը, եթե իբրեւ մասնագետ տասը միավորանոց սանդղակով գնահատելու լիներ, քանի միավոր կնշանակեր ներդրման արդյունավետությունը բնորոշելիս, Արմինե Ավագյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ չորս կգնահատեի, բայց միեւնույն ժամանակ չի կարելի ասել, որ ամեն ինչ լիարժեք չէ, մինչեւ ներառական կրթություն չիրականացնենք, դպրոցը թեքահարթակ չի կառուցի, համապատասխան ծառայություն մատուցող աշխատակիցներ աշխատանքի չի ընդունի: Ես գտնում եմ, որ ճիշտ էր սկսելը, իսկ ընթացիկ դժվարությունները բնականոն են: Այս օրերին Անգլիայի փորձի մասին էլ լսեցինք, ցանկացած երկիր, որ անցել է այդ գործընթացի միջով, ունեցել է դժվարություններ, այնպես որ, ես լավատես եմ»:
Հավելենք, որ ներառական կրթության հիմքում կրթություն ստանալու մարդու իրավունքն է, որն արտացոլված է 1948 թ. ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:
Ներառական կրթությունը ուսուցման եւ դաստիարակության գործընթաց է, որտեղ բոլոր աշակերտները, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողները, ունեն հավասար իրավունքներ եւ ուսուցման համար անհրաժեշտ պայմանների հնարավորություններ:
2005 թ. սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը: Մինչ այդ, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունից հինգ տարի պահանջվեց Երեւանի 5 դպրոցներում այն իրականացնելու եւ որպես հաջողված փորձ՝ ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար:
Այժմ Հայաստանի տարածքում գործում է շուրջ 60 ներառական դպրոց: Ինչ վերաբերում է Երեւանին, այս պահին մայրաքաղաքի դպրոցներում ներառական կրթություն է ստանում 1180 աշակերտ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ