«Արմեն Դուլյանի՝ աշխատանքային պայմանագրի լուծումը տեղի է ունեցել Աշխատանքայի օրենսգրքի բազում խախտումներով»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը: Հղում անելով ՀՀ օրենսդրությանը՝ նա նշեց, որ պարբերաբար՝ երկուսից ավելի նման խախտումներ իրականացնելու դեպքում միայն գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, ավելին, աշխատողն առնվազն երկու անգամ համանման խախտումների համար պիտի կարգապահական տույժի ներկայացված լինի: Պարոն Փիլիպոսյանը նկատեց, որ այս դեպքում, երբ կոնկրետ ազատման հրաման ձեռքի տակ չկա, կարող ենք ենթադրել միայն, որ աշխատանքային պայմանագրի լուծման համար հիմք է հանդիսացել կարգապահական խախտումը, իսկ դա պետք է հիմնավորվի օրենքի դրույթներով և համապատասխան հոդվածներով:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանն էլ նույն հարցի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց. «Աշխատողի անձնական տեսակետը չի կարող հիմք հանդիսանալ նրա աշխատանքից ազատման համար: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա նկատենք, որ այստեղ տեղի է ունեցել անհատական աշխատանքային հարաբերությունների, վիճաբանության փաստ և նման դեպքում հարցերը կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով: Անձն ինքը պետք է կամք և ցանկություն դրսևորի, որ որևէ կառույց ներկայացնի և պաշտպանի իր շահերը: Ինչ վերաբերում է հարցի քննությանը՝ խոսքի ազատության տեսանկյունից, ապա չեմ կարող ասել, թե որևէ իրավական ակտով սահմանված է ինչ է խոսքի ազատությունը: Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության հոդվածը, որով սահմանված է, որ բոլորը ունեն հավասար իրավունքներ և հասավար են օրենքի առաջ, համոզմունքներն ու տեսակետները չեն կարող հիմք հանդիսանալ աշխատանքային հարաբերությունների լուծման համար: Մյուս կողմից էլ սա արդեն դառնում է բարոյական խնդիր յուրաքանչյուրի համար, դա արդեն օրենքի կարգավորման խնդիր չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ