Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են գնում մեր փողերը

Հունիս 14,2013 13:42

Ենթադրենք, ես մեծ ցանկություն ունեմ տունս «եվրառեմոնտ» անելու եւ փայտից կահույք ունենալու: (Ասում եմ՝ «ենթադրենք», որովհետեւ իրականում նման հարցերն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում՝ մանուկ հասակում ծնողներս բացատրել են, որ դա քաղքենիություն է): Եվ ահա ես կնոջս ու երեխաներիս առաջ գլուխ եմ գովում ՝ «գիտեք, հիմա ես ինչե՛ր եմ անելու», ընտանիքս էլ բերանը բաց լսում է իմ բոնապարտյան պլանների մասին: Բայց ես գիտեմ, որ նման ծրագրերն իրականացնելու համար ոչ փող ունեմ, ոչ էլ նորմալ վերանորոգման բրիգադ: Բայց ես արդեն, այսպես ասած, խճճվել եմ ստերի մեջ եւ միանգամից չեմ կարող, Րաֆֆիի ասած, «զադնի դնել»: Եվ ես ստիպված եմ կանչել եվրառեմոնտի անհաջող բրիգադ, տալ իմ ունեցած գումարը, որ նա կիսատ-պռատ սկսի ինչ-որ անորակ գործ անել եւ այն, բնականաբար, չի ավարտի: Երբ կգա քանդածը ինչ-որ կերպ վերականգնելու ժամանակը եւ անհրաժեշտություն կառաջանա կանչելու վարպետ Գասպարին, որպեսզի նա ապրելու նվազագույն պայմաններ ստեղծի, ես չեմ ունենա նույնիսկ դրա գումարները:

Մեր կառավարության գործելակերպը մոտավորապես նույնն է՝ տան ծեփը թափվում է, պատուհանների անցքերից փչում է, ծորակները չեն աշխատում, Գասպարին կանչելու ժամանակն է, սակայն  գումարները շարունակում է ծախսել կասկածելի եւ անիրագործելի նախագծերի վրա՝ սկսած տիեզերքի նվաճումից, վերջացրած Գյումրիի տեխնոպարկով: Այդ զավեշտական պլանները, որոնք բացահայտվել են ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, բնականաբար, տապալվել են եւ տապալվելու են մոտակա տասնամյակների ընթացքում: Բայց շատ դեպքերում փողը դուրս է գրվել: Ո՞ւր է գնացել՝ հարցրեք ԱԺ Վերահսկիչ պալատին:

Ես այդպես էլ մինչեւ վերջ չհասկացա, թե ինչ է նշանակում՝ բյուջեի գումարները արդյունավետ չեն ծախսվել: Կրկին  դիմենք կենցաղային օրինակի: Եթե ես՝ հարկատուս, տալիս եմ իմ տան առեւտուր անողին` կառավարությանը, հազար դրամ եւ ասում եմ՝ գնա, չորս կիլո կարտոֆիլ առ, իսկ նա ինձ բերում է կես կիլո փտած կարտոֆիլ, ես ի՞նչ պիտի մտածեմ: Դա կոչվում է գումարների ոչ արդյունավետ ծա՞խս: Կամ, նույնն է, նա ասում է՝  ես կարտոֆիլի փոխարեն որոշել եմ ՙՄերսեդեսի՚ անվադող առնեմ, որը, իհարկե, չի առնում:

Որպեսզի հարցը լուծվի՝ այդ առեւտուր անողի գլխին պետք է լինի վերակացու՝ պառլամենտ, որը կարգելի անիմաստ ծախսերը եւ, առավել եւս, վատնումները: Բայց եթե ծախսողն ու վերակացուն նույն՝ հանրապետական ՙկանտորայից՚ են, վիճակը կլինի այն, որը կա: Երբ ասվում է՝ հակակշիռ, հենց դրա մասին է խոսքը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Albert says:

    Ճիշտ եք ասում, բայց լսողն ո՞վ է: Ոնց որ փնթիյից մաքրասիրություն կամ անբարոյականից բարոյականություն պահանջեք… Սկսելու են Գյուլնազ տատու հեքիաթները պատմել: Ոչ մի բանով չեն տարբերվում…Էսպես եմ գրում, որ եթե կարդան գոնե մի քիչ ամաչեն կամ վիրավորվեն, եթե ազգ, պետություն, նամուս…հասկացությունները իսպառ չի վերացել մոտներից…

  2. գոհար says:

    Ամեն ինչ հասկացա, բացի եվրոռեմոնտից;Ինչու,լավ տուն ու կահույք ունենալը քաղքենիություն է?Քաղքենիությունը կյանքը դրան նվիրելն է;

  3. Viktor A Badalyan says:

    Համեմատությունը ճիշտ չի: Պետք է ավելացնել որ այդ գումարը կար ու դուք ծախսել էք Ձեր սիրուհու վրա ու մի փոքր մասն էլ ընտրակաշառքի/կաշառքի տեսքով տվել էք Ձեր ընտանիքի անդամներին:

    Best Regards,
    Viktor A Badalyan

  4. Armine G says:

    Շատ պարզ լուծում կա այս դեպքում՝ կառավարությունը որ մինչև ուղն ու ծուծը կոռումպացված ու նեխած է, լուծարել և ստեղծել նոր կառավարություն այն հայրենասեր ու ազնիվ մարդկանցից որ վարակաված չեն էգոիզմով ու ագահության մոլուցքով:

    • Albert says:

      Ճիշտ եք ասում —–ջան, բայց այդ փոփոխությունը չի կատարվի այսօրվա նախագահի և իր անձնակազմի միջոցով, քանի որ իրենք էլ են այդպիսին: Ձեր ասած՝ կոռումպացվածներն ու նեխածներն, էս վերջերս «վերընտրվեցին» կամ օգտվեցին մեր թույլությունից: Սրանք իրար հետ լավ փոխկապված են: Երևի առայժմ մեզ սազու՞մ են…

  5. ani says:

    Պետության բյուջեն արդյունավետ չծախսելը նշանակում է վատնել, մսխել, քոռուփուչ անել, կողոպտել մեզ` հարկատուներիս, վտանգել պետականությունը, խեղել մի ամբողջ պետության ու սերունդների ճակատագրերը: Դա այն ծանրագույն պետական տնտեսական հանցագործությունն է, որի համար երևի դեմ չէի լինի վերականգնել մահապատիժը որպես պատժի տեսակ: Առհասարակ դեմ եմ ծանր պատիժներին ու առավել ևս մահապատժին, սակայն սա այն դեպքն է, որ որ անողոք եմ, սիրտս մի գրամ չի ցավա

  6. Կարո Մելիքյան says:

    Լկտիության ու ցինիզմի ինչպիսի գլուխ գործոց։
    Վերահսկիչ պալատի նախագահ ՀՀԿ-ական Իշխան Զաքարյանի մտքի փայլատակումը ,որ բյուջետային միջոցների այս ալան-թալանի մասին բարձրաձայնելը՝արդեն առաձընթաց է մեր երկրի համար,այնինչ՝ դա բոլորին հայնի էր դեռ 10-15 տարի առաջ( բա ավազակապետությունը ում մասին էր)։ Ռուբեն Հակոբյանի (Ժառանգություն), մի քանի անգամ հնչեցրած հարցադրումը,որ նշվի ՝միլիարդները մսխող որեւե կազմակերպության կամ անձնավորության անուն,որը անմիջական կապ ունի տվյալ թալանի հետ՝՝հանուն կուսակցական համերաշխության՝-մնաց անպատասխան։

  7. harut says:

    Ձեր յիշողութիւնը շատ փայլուն է Պ Աբրահամեան։ Ինչ լաւ պիտի ըլլար եթէ անգամի մը համար
    քովէ քով բերէիք իշխանութեան այն բոլոր խոստումները որ պարբերաբար հանդիսաւոր բեմերէ արձակուած եւ փուչիկի պէս ցնդած են օդին մէջ։ ԱՐԻ ՏՈՒՆԸ դարձած է ԳՆԱ ԷՍՏԵՂԻՑ – ՅԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆին լաւ պիտի ըլլար աւելցնել ԴԷՊԻ ԱՆԴՈՒՆԴ Եւ այլն եւ այլն ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930