Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգության» պարզաբանումը ԵԺԿ նախագահի անհասկանալի եւ անհասցե նամակի կապակցությամբ

Հունիս 14,2013 13:17

Հունիսի 12-ի առավոտյան www.tert.am կայքում հրապարակվեց նախօրեի երեկոյան Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրեդ Մարթենսի՝ «Ժառանգություն» կուսակցությանն ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հղած հունիսի 3-ի թվակիր նամակը, որի պատճենը ԵԺԿ նախագահի աշխատակազմից ուղարկվել էր նաեւ ՀՀԿ եւ ՕԵԿ միջազգային քարտուղարներին` ակնհայտորեն այն հրապարակայնացնելու եւ անհաջող տեղեկատվական օպերացիա իրականացնելու պայմանավորվածությամբ:

Աննախադեպ է, որ հեղինակավոր եվրոպական կուսակցական ընտանիքի ղեկավարի աշխատակազմը ԵԺԿ նախագահի նամակի «ասելիքի» համար հիմք է ընդունում հայաստանյան լրատվամիջոցում` հենց նույն www.tert.am կայքում, «Ժառանգության» միջազգային քարտուղար Ստյոպա Սաֆարյանի պատասխանները` առանց վերջինիս հետ կանխավ պարզելու դրանց վերաշարադրման պատշաճությունը եւ համատեքստը: Իրականում Սաֆարյանին ուղղված հարցերն ու նրա տված պատասխանները վերաբերել են «Ժառանգություն»-ԵԺԿ հարաբերությունների հետագա շարունակման հնարավորությանը, առաջիկայում ԵԺԿ ղեկավար մարմինների` այդ թվում հունիսի 3-ի քաղաքական համաժողովին, առաջիկա համագումարին եւ այլ միջոցառումների մասնակցելուն:

Զավեշտալի է, որ ԵԺԿ նախագահն արձագանքում է մի խնդրի` ԵԺԿ գագաթաժողովին «Ժառանգության» մասնակցությանը, որը, ինչպես «Ժառանգության» միջազգային քարտուղարն էր նշել, կուսակցությունում չի քննարկվել, եւ որի կապակցությամբ «Ժառանգությունն» առաջարկ կամ խնդրանք չի ներկայացրել ԵԺԿ-ին: Առավել եւս՝ «Ժառանգությունը» ԵԺԿ-ին չի դիմել կուսակցական ընտանիքի կանոնակարգը մեկնաբանելու պաշտոնական խնդրանքով: Մինչդեռ ԵԺԿ նախագահն իր նամակում բացառապես դա է անում` տպավորություն ստեղծելով, թե ինչ-որ մեկը նման հարցով դիմել է իրեն: Հետեւաբար, պարզ չէ, թե ում եւ ինչին է պատասխանել ԵԺԿ նախագահը:

Անշուշտ, ԵԺԿ նախագահի որոշելիքն է՝ գագաթաժողովներին մասնակցելու նպատակով սեփական նախաձեռնությամբ հրավիրել անգամ նրանց, ովքեր պատասխանատու են ընտրությունները կեղծելու եւ եվրոպական արժեքներին, ԵԺԿ-ի ու եվրոպական կառույցների առջեւ ստանձնած պարտավորություններին դեմ գործելու համար: Սակայն դա որեւէ մեկին չի կարող հիմք տալ Րաֆֆի Հովհաննիսյանին վերագրելու նման հավաքին մասնակցելու ցանկությունը: Ավելին՝ մեզ չի թվում, որ «Ժառանգությանն» ուղղված նամակը ամենահարմար առիթն է առ ՀՀԿ ղեկավարը տածած սերը ցուցադրելու համար: Հենց այս հանգամանքն առավել տեսանելի է դարձնում, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանին հասցեագրված նամակը հընթացս ուղարկվել ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, ի՞նչ խողովակով է այն հայտնվել լրատվամիջոցում եւ հատկապես ո՞ր նախադասության համար:

ԵԺԿ ղեկավարությունն է, որ պետք է լրջագույնս մտածի, թե ով եւ ինչու է նախագահ Վիլֆրեդ Մարթենսի համար ստեղծել նման անհեթեթ իրավիճակ, եւ ով է նրա անունը օգտագործում ՀՀԿ-ի ու նրա ղեկավարի «միջազգային վստահելիության» մասին ներքին քարոզչական արշավում: Եթե ԵԺԿ նախագահը դեմ չէ իր անունն այդ նպատակով շահարկելուն, կամ եթե այս անհաջող տեղեկատվական օպերացիան իրականացվում է նրա գիտությամբ եւ համաձայնությամբ, ապա ցանկալի կլինի, որ դա արվի առանց «Ժառանգությանը» հղումներ կատարելու եւ դրանում ներքաշելու:

Վերջապես՝ ԵԺԿ-ն է, որ պետք շահագրգիռ լինի Հայաստանի ներքին իրավիճակի եւ զարգացման ուղղությունների մասին համակողմանի տեղեկատվություն ստանալու նպատակով հրավիրել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր անդամ-կուսակցությունների ղեկավարներին, եթե, իհարկե, տվյալ երկրի ժողովրդավարացմանն օգնելու հարցը նրա առաջնայնությունների մեջ է:

 «Ժառանգություն» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930