Նախորդ օրը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը հոդված էր տպագրել ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ունեցվածքի մասին:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում, պատասխանելով այդ առիթով լրագրողներից մեկի հարցին, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը որեւէ բիզնես չունի.«Բավականին բարի մարդ եմ: Կամեցող մարդ եմ` որպես գյումրեցի, ու ալրաղացներ որ ունենայի, թեփը` որպես անասնակեր, կուղղարկեի հոդվածի պատվիրատուներին»: Էլիտար շենքերում իր բնակարանների մասին էլ ասաց. «Որոշ գաճաճների համար խրուշչովկաները երեւի էլիտար շենք են: Չունեմ երկու բնակարան, սուտ է: Քանաքեռ-Զեյթունում 64 մ քառակուսի է, հիպոթեկային վարկով վերցրած: Հարեւաններս ասում են, ինչ լավ է, պարոն Մարգարյան, փաստորեն, մեր շենքն էլ է էլիտար: Չգիտեմ`էդ էլիտար է»: Պատգամավորն ասաց, որ Գյումրիում էլ հայրական տանն է բնակվում: «Իմ կյանքի ընթացքում որեւէ գործով որեւէ անգամ դատապարտված չեմ եղել»,- հավելեց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ