ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ վեցերորդ
Կարդացեք նաև
ԻԳԴԻՐՑԻՆԵՐ
Եվ հիմա ռուսերեն болельщик-ի ու Ռաֆոյի ցավքաշի փոխարեն մեր ունեցած ֆուտբոլասերն օգտագործելով՝ արդեն միանգամայն այլ բան եմ մտածում. հիմա արդեն մտածում եմ, որ էս ֆուտբոլասեր բառը լավ էլ համապատասխանում է մեզ, ընդ որում՝ հավասարապես համապատասխանում է թե՛ ֆուտբոլային հիվանդներին, եւ թե՛ առողջներին, եւ ֆուտբոլային հիվանդ ասելով՝ ոչ միայն ֆանատների փոքր խմբերը նկատի ունեմ, այլեւ՝ ֆուտբոլային հիվանդությունից չբուժված բոլորին, որոնց շարքերում ոչ միայն Արամը, այլեւ ձեր խոնարհ ծառան էլ տեղ չունի, որովհետեւ յոթանասունականների «Արարատից» հետո ֆուտբոլային հիվանդությունս ընդհանրապես հօդս է ցնդել եւ ընդամենը ժամանակ առ ժամանակ՝ չորս տարին մեկ է դրսեւորվում՝ աշխարհի առաջնություններում Բրազիլիայի հավաքականի մասնակցության հետ կապված, եւ ֆուտբոլասիրությունը մեզանում այսօր հիվանդագին դրսեւորումներ ունի հատկապես «Բարսելոնայի» եւ առանձնապես «Ռեալի» երկրպագուների մոտ, ու երբեմն-երբեմն էլ Հայաստանի առաջնության շրջանակներում՝ «Արարատի» հետ կապված կարոտախտի եւ հատկապես Անդրեասյանի անձի հետ կապված, եւ էս հիվանդների առումով երկրպագու բառն օգտագործելով՝ հիմա նաեւ մտածում եմ, որ, ինչպես ֆուտբոլասերը, էս երկրպագուն էլ է միանգամայն հաջողված, որովհետեւ, ֆուտբոլասերի պես էս երկրպագուն էլ է հավասարապես իր մեջ ներառում հիվանդներին ու առողջներին, ֆանատներին ու սովորականներին, եւ սովորական ասելով՝ էս պահին ինձ ու Արամին նկատի ունեմ, որովհետեւ ֆուտբոլային մոլեռանդները ֆուտբոլին էնպիսի մոլեռանդությամբ են նվիրվում՝ ինչպես Արամն իր երաժշտական թեմաներին ու հաղորդումներին է նվիրվում, եւ ձեր խոնարհ ծառան էլ՝ էս անծայրածիր ու անհեթեթ վիպասանությանը, բայց էս առիթից օգտվելով՝ պիտի ասեմ նաեւ, որ մեզանում կան մարդիկ, ովքեր ֆուտբոլին ու իրենց բուն գործին նույն մոլեռանդությամբ են վերաբերվում, եւ դրանցից մեկը դիրիժոր Էդուարդ Թոփչյանն է, որը մեր սիմֆոնիկի գլխավոր դիրիժորը լինելով՝ միաժամանակ նաեւ իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի մոլեռանդ երկրպագուն է, եւ ես, ի տարբերություն ձեզ, էդ մասին գիտեմ, որովհետեւ էն շաբաթ կամ կիրակի օրերին, երբ «Միլանը» խաղում էր, ինքը Տերյանի «Եվրոֆուտբոլ» էր գալիս, որպեսզի էդ սրահի ամենամեծ էկրանին դիտի «Միլանի» խաղը, եւ միասին նայում ու միասին ցավում էինք «Միլանի» համար, եւ դա հատկապես էն շրջանում էր, երբ Ռոնալդոն «Ռեալից» տեղափոխվել էր «Միլան», ու էդ շրջանում ինքս էլ էի «Միլանի» համար ցավում, եւ ահա էս ցավում բառը գրելով՝ եւս մի անգամ զգացի ու հասկացա, որ էս բառն էս իմաստով օգտագործելու համար միանգամայն անպետք բառ է, ու ես ստիպված եմ էդ բառն օգտագործում, որովհետեւ Համբարձումյան Ռաֆոյի առաջարկած տարբերակն էլ առանձնապես մի բան չի, եւ եթե Ռաֆոյի առաջարկած տարբերակն ընդունեի, պիտի գրեի ու ասեի, որ նախանցյալ տարվա ամբողջ մրցաշրջանի ընթացքում շաբաթ կամ կիրակի իրիկունները Թոփչյան Էդիկի հետ նստում ու «Միլանի» համար ցավքաշություն էինք անում, բայց, ինչպես տեսնում եք, էդ բանը չեմ անում, որովհետեւ, չնայած Ռաֆոն յոթանասունականների վերջերին տպագրած իր հոդվածում միանգամայն համոզիչ էր հորդորել, որ սեմուշկային չրթոն ասենք, իսկ բալեշչիկին՝ ցավքաշ, իր առաջարկած էդ երկու նորաբանությունները ոչ մի կերպ մեր բառապաշար չսողոսկեցին, եւ չնայած Համբարձումյան Ռաֆիկը միանգամայն այլ կարծիքի է, եւ չնայած ինքը կարծում է թե՝ իր առաջարկած էդ երկու բառերն էլ արդեն որոշակիորեն օգտագործվում են հայ ժողովրդի կողմից, ես ու դուք հո գիտենք՝ որ էդպես չի, եւ չնայած Ռաֆոն հաստատ կնեղանա էս ասածներիս համար, ես պարտավոր եմ արձանագրել, որ Համբարձումյան Ռաֆիկի առաջարկած էդ երկու բառերն էլ հավասարապես մեռելածին էին եւ կյանք չունեցան, եւ եթե իր նեղանալուն նայեմ, պիտի ոչ թե Համբարձումյան Ռաֆիկ կամ Ռաֆո գրեմ, այլ՝ Համբարձումեան Ռափայէլ՝ ինչպես որ անկախությունից հետո ինքն է գրում ու ստորագրում, եւ քանի դեռ Ռաֆոն կամ մեկ ուրիշն ավելի հարմար բառ չեն գտել, ես պիտի գրեմ ու ասեմ, որ նախանցյալ տարվա ֆուտբոլային ողջ սեզոնի ընթացքում Թոփչյան Էդվարդն ու ես Տերյանի «Եվրոֆուտբոլի» բաժանմունքի ամենամեծ էկրանի առաջ նստում ու Բեռլուսկոնիի «Միլանին» էինք բալետ անում, ու ես էդ տարի «Միլանին» էի բալետ անում, որովհետեւ էդ տարի Ռոնալդոն «Ռեալից» տեղափոխվել էր «Միլան» ու մի ամբողջ տարի «Միլանում» խաղաց, եւ չնայած Անչելոտին չաղացած Ռոնալդոյին խաղավերջի քսան րոպեներին էր խաղադաշտ մտցնում, իր էդ չաղացած վիճակում էլ բրազիլացին իր խոսքն ասում էր, այսինքն՝ իր գոլը խփում էր, եւ նախքան Ռոնալդոյի դաշտ մտնելը Թոփչյան Էդիկը մենմենակ էր էդ ամենամեծ էկրանի առաջ նստում ու «Միլանին» բալետ անում, եւ «Եվրոֆուտբոլի» Արթուրը հիմնականում Թոփչյանի ու մի քիչ էլ իմ խաթեր էր «Միլանի» խաղերն էդ ամենամեծ էկրանին ցուցադրում, որովհետեւ Արթուրը կրթված ու բանիմաց անձնավորություն լինելով՝ ճանաչում էր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին, եւ, ի տարբերություն Էդուարդ Թոփչյանի, վիպասան ու գրող լինելս էլ գիտեր, ընդ որում՝ ոչ միայն գրող ու վիպասան լինելս գիտեր, այլեւ կարդացել ու շարունակում էր կարդալ էս անծայրածիր վեպս՝ առաջին հինգ հատորները գրքով, իսկ մնացածը՝ «Առավոտի» էջերում, եւ երբ Թոփչյանը շաբաթ կամ կիրակի իրիկվա վեցի կամ տասնմեկն անց կեսի կողմերը հայտնվում էր, ես իսկույն հասկանում էի, որ «Միլանի» խաղն ուր որ է սկսվելու է, ու էդ հասկանալով՝ Արթուրին խնդրում էի, որ «Միլանի խաղն ամենամեծ էկրանին ցուցադրի, որովհետեւ Թոփչյանը բավական ճանաչված լինելով՝ ամաչում էր անձամբ խնդրել, քանի որ ինքը, ի տարբերություն ինձ, խաղամոլ ու խաղացող չի, եւ, փաստորեն, էդ տարածքում միանգամայն կողմնակի անձնավորություն էր, բայց Արթուրը կրթված ու բանիմաց անձնավորություն լինելով եւ դիրիժոր Թոփչյանին խորապես հարգելով՝ նաեւ իմ խաթեր էր «Միլանի» խաղն ամենամեծ էկրանին տեղափոխում՝ ոչ միայն էն պատճառով, որ, ի տարբերություն Թոփչյան Էդիկի, Արթուրը տեղյակ է, որ Էդիկի հոր, հորեղբոր ու եղբոր կոլեգան ու մտերիմն եմ, այլեւ էն պատճառով, որ Արթուրը, ի տարբերություն Էդիկի, քաջատեղյակ է, որ Թոփչյաններն ու Շեկոյաններն իգդիրցիներ են, եւ Արթուրը կարդացած անձնավորություն լինելով՝ էս վեպիցս ոչ միայն իգդիրցի լինելս գիտի, այլեւ գիտի, որ Ռոնալդոյին ողջ հոգով եմ երկրպագում ու բալետ անում, եւ քանի դեռ բրազիլացին «Միլանում» էր, Արթուրը նաեւ իմ խաթեր էր «Միլանի» մասնակցությամբ խաղերն իրենց էդ ամենամեծ էկրանին ցուցադրում, եւ չնայած Ռոնալդոյի ֆանատն էի, եւ չնայած Էդիկն էլ «Միլանի» ֆանատն էր, երկուսս էլ չափազանց զուսպ էինք «Միլանին» բալետ անում՝ առանց ավելորդ գոռգոռոցների, եւ եթե երկուսիցս մեկը երբեմն-երբեմն գոռգոռում էլ էր, էդ մեկն անկասկած ձեր խոնարհ ծառան էր, որովհետեւ ձեր խոնարհ ծառան, ի տարբերություն Թոփչյան Էդիկի, էդ տարածքում ոչ թե հյուր էր, այլ՝ համարյա մշտաբնակ, ավելի ճիշտ՝ ձեր խոնարհ ծառան, ի տարբերություն Թոփչյան Էդիկի, էդ տարածքում ոչ թե մտավորական ու սովորական ֆուտբոլասեր էր, այլ՝ սովորական ֆուտբոլասեր ու միանգամայն սովորական խաղամոլ, բայց ժամանակները հանկարծակի փոխվեցին, եւ էս վերջին ամիսներին սովորական խաղամոլներս ու սովորական ֆուտբոլասերներս վերստին իսկական ֆուտբոլասերներ դառանք, եւ իսկական ֆուտբոլասեր ասելով՝ ուրախությունից թռչկոտելն ու կատաղությունից հայհոյելը նկատի ունեմ, եւ չնայած Թոփչյան Էդիկի հետ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերը նայած չկամ, համոզված եմ, որ մեր հավաքականի մանավանդ էս վերջին խաղերը նայելիս Թոփչյան Էդիկն էլ է սովորական մահկանացուներիս պես իր մտավորական լինելը մոռանալով՝ ուրախությունից թռչկոտել եւ կատաղությունից հայհոյել, եւ ավելի քան համոզված եմ, որ Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ բոլորիս պես Թոփչյան Էդիկն էլ էդ իսպանացի մրցավարին մի բոլ հայհոյած կլինի, որովհետեւ, ի տարբերություն «Միլանի», մեր հավաքականը հանդես է գալիս մեր իսկ եռագույնի ներքո եւ մեր իսկ օրհներգի նվագակցությամբ, եւ ավելի քան վստահ եմ, որ իգդիրցիների որակյալ շառավիղ Թոփչյան Էդիկի համար մեր եռագույնն ու մեր օրհներգն անառարկելի արժեքներ են՝ ինչպես որ աշխարհի ֆուտբոլասերների համար ֆուտբոլն է անառարկելի արժեք, եւ եթե ազգդ ուժեղ ֆուտբոլ ունի, արդեն իսկ կարող ես քեզ համաշխարհային ազգի ներկայացուցիչ համարել, եւ եթե մշակույթի ու Նարեկացու դեպքում աշխարհը մեր համաշխարհային ազգ լինելուն որոշ կասկածանքով է վերաբերվում, ֆուտբոլի դեպքում որեւէ կասկած չի կարող լինել, որովհետեւ ֆուտբոլն աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների կողմից ընդունված ու ընկալված անսակարկելի արժեք է, եւ եթե Սլովակիային իր իսկ դաշտում ամբողջ չորս գնդակի տարբերությամբ հաղթել ես, ոչ ոք չի կարող վիճարկել ու սակարկել թե՝ ընդամենը երեք գնդակի տարբերությամբ ես հաղթել, մինչդեռ Նարեկացու դեպքում դժվար է աշխարհի ժողովուրդներին համոզել ու հավատացնել, որ մեր Նարեկացին իրենց պոետներից մի քանի գլուխ բարձր է:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ