2005թ. Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով 1930թ. Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:
Մարդուց մարդուն արյան փոխներարկում առաջին անգամ կատարվեց 1819թ. Անգլիայում: Ներկայումս արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Հաճախ արյան բաղադրամասի ժամանակին իրականացված փոխներարկումը մարդկային կյանք է փրկում:
Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2012թ. կատարվել է մոտ 15 000: Սակայն մենք դեռևս հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր ունենք: Ըստ ԱՀԿ երաշխավորագրերի` արյան բաղադրամասերով և պատրաստուկներով Հայաստանի պահանջարկն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել 60000 արյունատվություն:
Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ տվյալ հիվանդների հարազատներն ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այս հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասեր:
Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են փոխհատուցվող դոնորները` 43.8%, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անվարձահատույց կամավոր դոնորները, որոնք Հայաստանում կազմում են 3.4 %: Այս խնդրի լուծումն անհատույց կամավոր դոնորության քարոզչությունն է հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում:
Արյունաբանական կենտրոնում 2013թվականի առաջին 5 ամսվա ընթացքում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ արյունատվությունների թիվն աճել է 16.8%-ով` հասնելով 1819-ի: Դրական է այն փաստը, որ արձանագրվում է անհատույց դոնորներից հավաքագրվող արյան քանակների աճ /4.5 անգամ/:
Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի մեր հասարակության մեջ հնարավորինս վաղ հասակից: Պետք է ձգտենք, որ
Հայաստանում, ինչպես զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր և անհատույց:
Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ` պետք է նշել, որ անհատույց դոնորությունն ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզել և խրախուսել:
Խորին հարգանքի ու երախտիքի են արժանի բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց արյունն են նվիրում դրա կարիքն ունեցողներին։ Առավել ևս նրանք, ովքեր բազմիցս դոնոր են հանդիսացել:
ՀՀ առողջապահության նախարարություն