Aravot.am-ը տեղեկացրել է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր Սամսոն Ղազարյանը խարդախության համար դատապարվեց 4 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, իսկ վաշխառության հոդվածով՝ 1 տարի: Վերջինի համար դատարանը Սամսոն Ղազարյանի նկատմամբ կիրառեց անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը: Սամսոն Ղազարյանը դիմեց ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան, որն անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճիռը:
Սամսոն Ղազարյանի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդան Զուռնաչյանը. մեր հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ մայիսի 15-ից դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե երբ է նշանակվել դատական նիստը, բողոքն ընդունվե՞լ է վարույթ, թե` ոչ:
Պաշտպան Վարդան Զուռնաչյանը նաեւ ասաց. «Նախկին ընկերների միջեւ կան հաշտության եզրեր, այդ ուղղությամբ քայլեր արդեն արվել են»:
Հիշեցնենք, որ Սամսոն Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով տուժող էր ճանաչվել ԳԽ մեկ այլ պատգամավոր, Դաշնակցության խմբակցության նախկին ղեկավար Մեխակ Գաբրիելյանը:
Ըստ մեղադրանքի, Սամսոն Ղազարյանը Մեխակ Գաբրիելյանին տվել էր 120 հազար դոլար գումար, նա էլ հայտարարել էր, թե իբր Սամսոնը տոկոսով գումար է տվել: Վարդան Զուռնաչյանը դատարանում պաշտպանական ճառի ժամանակ ասաց, թե իրականությանը չի համապատասխանում մեղադրանքում նշված 190.725 ԱՄՆ դոլար գումարը մինչեւ 10% հավելավճարով Ս. Ղազարյանի կողմից ստանալը: Նա խնդրել էր արդարացնել իր պաշտպանյալին հանցակազմի բացակայության հիմքով: