Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը խորհրդարանական ճեպազրույցներին եկավ դստեր հետ

Հունիս 14,2013 11:59

«Զարուհու չորրորդ աղջիկն է, առայժմ»,- երեխային ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանը

Իրար հաջորդող ընտրություններն ինչ-որ տեղ պասիվացնում էին խորհրդարանի աշխատանքը, բայց, այնուհանդերձ, խորհրդարանն արդյունավետ աշխատեց: Սա խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի գնահատականն է հինգերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի աշխատանքներին: Ըստ Հակոբյանի, անկախ նրանից, որ ընդդիմությունը քանակով քիչ է ներկայացված խորհրդարանում, բայց ակտիվ եւ որակով մասնակցել է քննարկումներին, ինչի արդյունքում էլ պառլամենտական մշակույթն ավելի բովանդակային նշաձող ունեցավ։ Ընդդիմադիր ուժերը պետք է ձևավորեն միասնական օրակարգ և հանդես գան մի շարք օրենսդրական նախաձեռնություններով։
Լրագրողները հետաքրքրվեցին`ի՞նչն էր պատճառը, որ հատկապես ՀՀԿ-ականների քննադատությանն ու որակումներին արժանացավ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը: «Զավեշտի է նման, որ գլխադասային հանձնաժողովը ներկայանում եւ ասում է, որ ժամանակ չենք ունեցել քննարկելու, այն դեպքում, երբ ծով ժամանակ է եղել»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը: «Ժառանգությունն» իր գնահատականը կտա, երբ քննարկումներն ավարտվեն եւ հասկանալի դառնա, թե ինչն-ինչոց է: Այս պահին, ըստ Հակոբյանի, ինչ-որ բան իշխանության ներսում այն չէ: Զարուհի Փոստանջյանն էլ համարում է, որ եթե այն, ինչը տեղի ունեցավ խորհրդարանի դահլիճում, թատրոն չէր, այդ փաստաթղթի մեծ մասը բոլոր խմբակցությունների ղեկավարների կողմից  պետք է վերնագրվի «հաղորդում հանցագործության մասին» եւ ուղղարկվի դատախազություն: Մարդիկ պետք է ներգրավվեն որպես մեղադրյալներ. «Հովիկ Աբրահամյանն ինքն է խոսել թալանչիների մասին, ուստի նրանց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն»։
Հարց հնչեց այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ իր որդին ընդամենն ինքնապաշտպանվել է. ընդհանրապես, հնարավոր համարում ե՞ք, որ այս գործով իշխանությունն արդար քննություն կիրականացնի: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ բնական է, որ նա նման դիրքորոշում պետք է հայտներ, բայց առկա է վարույթի իրականացման կանխակալ մոտեցում։  Նա նկատի ունի զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունները, որոնք հնչեցին միջադեպից մեկ-երկու օր անց: «Եթե գնում ենք այդ ուղղությամբ, ապա այդ հանցագործությունը չի բացահայտվի, գոնե այնպես, ինչպես հասարակությունն է ուզում եվ գիտակցում։ Հավատ ներշնչող քննություն մենք չենք տեսնում»,- ասաց բանախոսը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930