Չի կարելի ասել, թե Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինների ամուսնալուծության փաստը աղմկահարույց թե սկանդալային իրադարձություն դարձավ ոուսաստանյան լրատվամթնոլորտում։ Ինչ-որ տեղ դա սպասելի էր, քանզի արդեն տևական ժամանակ երկրի ղեկավարը հրապարակային միջոցառումներին ներկայանում էր առանց կնոջ ուղեկցության։ Էլ չենք ասում ասեկոսեների մասին, ըստ որոնց՝ Պուտինը, իբր, «մտերիմ» հարաբերությունների մեջ է Պետդումայի պատգամավոր գեղեցկուհի Ալինա Կաբաևայի հետ։ Այ, եթե Պուտինը փորձի օրինականացնել այդ կապը, դա արդեն պայթած ռումբի ազդեցություն կունենա։
Այդուհանդերձ, մեծ պետության առաջին անձի 30-ամյա ամուսնական կյանքի խզումը չի կարող նաև քաղաքական հետևանքներ չունենալ։ Եվրոպայում բեռլուսկոնիները սովորական երևույթ են (Ֆրանսիայի ներկայիս առաջին տիկինն ընդամենը Օլանդի քաղաքացիական կինն է): Իսկ ահա Պուտինի բաժանումը առաջինն է Պետրոս Մեծի ժամանակներից ի վեր։ Ուստի դրվում է ցինիկ հարցը՝ դրակա՞ն, թե՞ բացասական քաղաքական շահաբաժիններ կբերի դա Պուտինին։
Ահա և հետամուսնական համեմատությունը ամենակայսրապետական այրի՝ Իոսիֆ Ստալինի հետ, որը, կորցնելով կնոջը, այդպես էլ նորից չամուսնացավ, իր կյանքը լիովին նվիրաբերելով աշխարհի մեծագույն պետության՝ խորհրդային կայսրության ստեղծմանը։
Հնարավոր է, որ մենությունը նպաստել է Ստալինի հզոր կամքին ու դաժանությանը, սակայն արդյոք Լյուդմիլա՞ն էր խանգարում ամուսնուն վերջինիս «իմպերիալիստական-ռուսասիրական» նկրտումներում։ Եվ բանը բանաստեղծական պատկերների մեջ չէ, երբ ռուս քաղաքագետներից մեկը գոչում է՝ Պուտինը չէր կարող ամուսնացած մնալ, որովհետև նա ամուսնացած է Ռուսաստանի հետ, ինչպես Ստալինը, որը, կորցնելով իր Նադեժդային, մեն-մենակ մնաց երկրի հետ, նրան վերածելով անծայրածիր գերտերության (Ելցինն էլ էր միշտ ասում, որ իր առաջին սերը Ռուսաստանն է, նոր միայն Նաինան, բայց դա նրան չխանգարեց առավելագույնս քայքայելու երկիրը):
Եթե անաչառ լինենք, հազիվ թե կողք կողքի դնենք հետպետրոսմեծյան երկու «մենակյաց» ռուսական կայսրերին՝ Ստալինին ու Պուտինին։ Այլ են ժամանակները, անհատականության մասշտաբները։ Որ Պուտինն իր գործունեությամբ իրոք միտված է ռուսական կայսրության վերածնմանը նոր ձևաչափով, անտարակույս է։ Կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ, ցույց կտա ապագան։ Իսկ ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, ապա չի էլ կարելի բացառել, որ ամեն ինչ շատ ավելի պրոզաիկ է ու սովորական և հանգում է սոսկ… Կաբաևային։
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում