Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բեռլին՝ հին ու նոր քաղաք

Հունիս 14,2013 11:23

Գերմանիայում, մասնավորապես Բեռլինում, առաջինն աչք է զարնում տարեցների մեծ թիվը: Երիտասարդները, առավել եւս՝ երեխաները, քիչ են: Երեխաների քչությանը միախառնվում է նրանց անաղմուկ լինելը՝ ոչ ճչում են, ոչ կամակորություն անում, ու թվում է, թե այս քաղաքում ընդհանրապես երեխա չկա: Բեռլինյան անդորրն օրվա մեջ մի քանի անգամ խաթարվում է շտապօգնության եւ ոստիկանության մեքենաների տագնապի ազդանշաններից: Դրանց ձայնն այնքան բարձր է, որ անգամ առողջ մարդիկ կարող են վախից շտապօգնության կարիք ունենալ: Դրանք կարող են իրենց ահասարսուռ ձայնը տարածել անգամ ուշ գիշերին, երբ քաղաքում համատարած լռություն է:

Բեռլինն ընդհանրապես շատ խաղաղ, հանդարտ քաղաք է: Ինչպես մի ֆրանկֆուրտցի լրագրող էր պատմում. «Երբ Ֆրանկֆուրտից գալիս եմ Բեռլին, բոլորը զարմացած ինձ են նայում, թե ինչո՞ւ եմ այսպես արագ քայլում, ո՞ւր եմ շտապում: Հետո, երբ սովորում եմ Բեռլինի դանդաղ ռիթմին, վերադառնալով Ֆրանկֆուրտ, նորից ինձ վրա բռնում եմ զարմացած մարդկանց հայացքները՝ այս ո՞վ է այս դանդաղաշարժը, ինչո՞ւ չի շտապում՝ ինչպես բոլորս»:

Բեռլինում շտապելու կարիք չկա, քանի որ այնտեղ քաղաքային տրանսպորտն այնքան ճշգրիտ է աշխատում, որ դու հստակ գիտես՝ 16.02 տանից դուրս գալով 16.04 կհասնես մետրոյի կայարան կամ ավտոբուսի կանգառ եւ 16.05-ի գնացքը կամ ավտոբուսը հենց 16.05 կգա եւ քեզ կտանի քո ցանկացած տեղը: Ավելին, մինչեւ տանից դուրս գալը, բեռլինցին կարող է մտնել bvg.de կայքը, նշել, թե որտեղից ուր է ցանկանում գնալ եւ ժամը քանիսին լինել տեղում, կայքը նրա փոխարեն կընտրի ճանապարհը, տրանսպորտը, կհուշի, թե ժամը քանիսին տանից դուրս գա ճիշտ ժամանակին հասնելու համար:

Ընդհանրապես, Բեռլինի քաղաքային տրանսպորտային համակարգն աշխատում է գրեթե կատարելության հասցրած համակցությամբ. ավտոբուսների, տրամվայների, մետրոյի, գնացքների ուղղություններն այնքան մանրամասն են մշակված, եւ դրանք այնպիսի պարբերականությամբ են աշխատում, որ բեռլինցիներից շատերը որեւէ իմաստ չեն տեսնում սեփական մեքենայով տանից դուրս գալու մեջ: Գիշերը նույնպես տրանսպորտը չի դադարում աշխատել, իհարկե, ոչ նույն ինտենսիվությամբ, ինչ օրվա ընթացքում, սակայն որեւէ մեկը դրսում չի մնա: Քաղաքային տրանսպորտում թույլատրված է ոչ միայն ընտանի շների եւ կատուների մուտքը, այլեւ՝ հեծանիվների: Իսկ հեծանվորդները Բեռլինում, ինչպես ողջ Եվրոպայում, շատ-շատ են, նրանց թվում են անգամ 70-80 տարեկան կանայք եւ տղամարդիկ: Հեծանվորդների համար ողջ քաղաքում ճանապարհներ են առանձնացված, եւ վայ քեզ, եթե համարձակվես անցնել այդ ճանապարհով՝ սովորաբար խաղաղ բեռլինցին կվերածվի ագրեսիվ հեծանվորդի, որը պատրաստ է անգամ ոտնատակ տալ «անհասկացող հետիոտնին»:

Գուցե հեծանիվներն են պատճառը, գուցե՝ ճիշտ սնունդը, բայց Բեռլինում գեր մարդիկ գրեթե չկան: Անկախ տարիքից՝ բեռլինցիները բարեկազմ են, թեեւ, պետք է նշել, որ իրենց արտաքինի հանդեպ ահավոր անտարբեր են, անգամ՝ անխնամ: Բարձրակրունկներով կանանց եւ աղջիկների կարելի է հանդիպել միայն տոնակատարությունների ժամանակ, անգամ համերգասրահներում դժվար է գտնել բարձր կրունկների վրա տառապող գերմանուհիների: Իսկ փողոցում, տրանսպորտի մեջ բոլորը համատարած սպորտային կոշիկներով են: Կանայք չեն մտածում ոչ միայն դիմահարդարման եւ մազահարդարման մասին, այլեւ՝ կոշիկների ու պայուսակների մաքրության կամ տաբատը բլուզի հետ համապատասխանելու մասին: Այն տպավորությունն է, որ արթնանալուն պես առաջին իսկ պատահածը գցում են վրաները եւ դուրս գալիս տանից: Միայն եւ միայն հարմարավետություն: Զոհեր պահանջող գեղեցկությունը Բեռլինում հարգի չէ: Եվ սա այնքան վարակիչ է, որ Բեռլինում ապրելու առաջին իսկ տասնօրյակից հետո կարող ես քեզ բռնել այն մտքի վրա, որ՝ ահ, խնդիր չէ, եթե ճամպրուկից հանեցիր երկու տարբեր զույգերի գուլպաներ, հենց դրանք էլ կհագնես, միեւնույն է, ոչ ոք ուշադրություն չի դարձնում քո արտաքին տեսքին: Եթե դիմահարդարված եւ ճաշակով հագնված եվրոպական արտաքինով կին ես տեսնում, կարող ես հանգիստ գրազ գալ ընկերոջդ հետ, որ այդ կինն օտարերկրացի է՝ ֆրանսուհի, իտալուհի, ռուս, ծայրահեղ դեպքում՝ գերմանուհի, բայց՝ ոչ Բեռլինից:

Ճղճղված կոշիկներն ու չսանրված մազերը բեռլինցի երիտասարդները «փոխհատուցում էին» տատուների եւ պիրսինգների առատությամբ: Բայց նույնիսկ անհավանական տատուաժով եւ մարմնի բոլոր մասերը դակած բեռլինցիները թողնում էին իրենց ձեռքի գիրքը կամ գարեջուրը, որպեսզի պատրաստակամորեն  օգնեն օտարերկրացուն, որը ճանապարհ է հարցնում:

Այս քաղաքում եւ ընդհանրապես Գերմանիայում ամեն ինչ անում են շարքային քաղաքացու՝ սպառողի, հարմարավետության համար: Տրանսպորտի հարմարավետության մասին արդեն նշեցինք, մեկ այլ հոդվածում նկարագրել ենք, թե ինչպես է սպառողների շահերով զբաղվող հիմնադրամը շարքային սպառողին օգնում՝ ճիշտ ընտրություն կատարել խանութում: Կա նաեւ այլ կայք՝ otendo.de, որը հուշում է, թե, ո՞րն է, ասենք, տվյալ օրը Բեռլին-Փարիզ ուղղությամբ ամենամատչելի թռիչքը: Կայքը տեսակավորում եւ ցույց է տալիս այդ ուղղությամբ գնացող գրեթե բոլոր ավիաընկերությունների հնարավոր թռիչքները, անգամ՝ գնացքով ուղեւորությունները, որոնցից կարող ես ընտրել քեզ ամենահարմարը: Կան այլ կայքեր, որոնք նման համեմատականներ են անցկացնում զբոսաշրջային փաթեթների, ապահովագրությունների, այլ ծառայությունների համար: Այս կարգի պորտալները խնայում են սպառողի ժամանակը եւ էներգիան՝ նրա փոխարեն փնտրտուք անցկացնելով:

Մեկ այլ կայքում էլ, նախապես գրանցվելուց հետո, կարող ես քեզ համար ճանապարհի ընկեր գտնել: Ասենք, տեղեկացնում ես, որ այսինչ օրը մեկնում ես Քյոլնից Մյունխեն եւ մեքենայում ունես երկու ազատ տեղ: Քո հրավերին արձագանքողներից ընտրում ես նրան, ում ցանկանում ես, եւ բենզինի ծախսն եք միասին անում եւ ճանապարհին զրուցակից ես ունենում, որն էլ գնացքով կամ միջքաղաքային ավտոբուսով երթեւեկելու փոխարեն գրեթե նույն գումարը վճարելով մեքենայով է տեղ հասնում: Բնականաբար, անվտանգության նկատառումներից ելնելով, կայքում գրանցումը չափազանց խիստ է, որպեսզի հանկարծ ինչ-որ մոլագար չօգտվի առիթից:

 Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Բեռլին-Երեւան

Լուսանկարում՝ Բեռլինի սովորական ավտոբուսային կանգառներից մեկն է: Այստեղ լուսացույցի վրա պարզ երեւում է, թե յուրաքանչյուր ավտոբուսը քանի րոպեից կհասնի: Ոչ մի կասկած չունենաք, որ ճիշտ գրված պահին էլ գալու է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Andranik says:

    Ճիշտ և ճիշտ մեր երկրի տրանսպորտի նման ՃՃՃՃՃՃՃՃ

  2. Gabby says:

    ամեն ինչի հետ համաձայն եմ բացի հագուստի վերաբերյալ գրվածից: Բեռլինցիներն ունեն յուրահատուկ ոճ, որը տարբերվում է բայց նրանք անճաշակ չեն հաստատ 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930