Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մնաս բարով, կոմպլեմենտարիզմ

Հունիս 14,2013 11:04

Հայաստանի  ընդդիմությունը  երբեք  այսքան  պարապ  չի  եղել`  ինչքան  հիմա:  Ընդդիմությունը  մեզանում  միանգամայն  հարաբերական  հասկացություն  է,  և  ընդդիմություն  ասելով`  նկատի  ունենք  բոլոր  նրանց,  ովքեր  իրենց  ընդդիմություն  են  համարում:  Իսկ  իրենց  էդպիսին  համարողները,  ինչպես  գիտեք,  մեզանում  չափազանց  շատ  են:  Եվ  նրանք  բոլորն  էլ  հիմա`  էս  պահին  պարապուրդի  մեջ  են:

Հասկանալի  է,  որ  մարդիկ  ամառային  հանգստի  են  նախապատրաստվում:  Ինչքան  էլ  մարդը  ընդդիմադիր  լինի,  ամառային  հանգստի  պահանջ  ու  կարիք  ունի,  մանավանդ`  եթե  նյութապես  հնարավորություն  ունի  հանգստանալու,  և  եթե  հնարավորություն  ունի,  հաստատ  էս  ամառ  էլ  էդ  հնարավորությունից  կօգտվի:

Այսուհանդերձ,  ընդդիմադիրները  թեև  կոնկրետ  գործունություն  ու  գործողություններ  չեն  ծավալում,  առանձնապես  լռություն  էլ  չեն  պահպանում:  Առիթի  դեպքում  լավ  էլ  խոսում  են:  Պատգամավոր  ընդդիմադիրներն  ԱԺ-ում  են  խոսում,  իսկ  ոչ  պատգամավորները  ոչ  միայն  իրենք  են  խոսում,  այլև  Կուրղինյանին  հրավիրում  ու  Կուրղինյանին  էլ  են  խոսեցնում:   Արևմտամետներն  էլ  արևմուտքից  են  մարդ  բերում  ու  խոսեցնում:

Չնայած  ասացինք,  որ  ընդդիմությունը  գործնականում  պարապուրդի  մեջ  է,  այդուհանդերձ,  արևմտամետության  ու  ռուսամետության  թեմաները  երբևէ  այսքան  աշխույժ  քննարկումների  չեն  արժանացել:  Չնայած  դեմդիմաց  գրեթե  չեն  նստում,  հեռակա  կարգով  իրար  անխնա  պախարակում  ու  ոչնչացնում  են:  Ռուսամետներն  արևմտամետությունը  գրեթե  նույնացնում  են  այլասերվածության  հետ,  իսկ  արևմտամետները  ռուսամետությունը`  ստրկամտության  հետ:  Օսկանյանի  կոմպլեմենտարության  հետքն  անգամ  չկա:  Եթե  կա  էլ`  ընդհանուր  աղմուկի  մեջ  մարած  է:  Կամաց-կամաց  բոլորի  համար  հասկանալի  է  դառնում,  որ  մենք  կոմպլեմենտար  կարող  ենք  լինել  միայն  այն  դեպքում,  եթե  Ռուսաստանն  ու  Արևմուտքն  են  դա  ցանկանում,  ընդ  որում`  համատեղ:

Այսուհանդերձ,  արևմտամետության  ու  ռուսամետության  շուրջ  այս  ոխերիմ  բանավեճը  ընդդիմադիր  ծայրահեղականների  մոտ  է  առկա:  Առավել  գործնական  ու  առավել  խորագետ  ընդդիմադիրներն  այս  թեմայի  շուրջ  փիլիսոփայական  լռություն  են  պահպանում:  Թե՛  արևմտամետները  և  թե՛  ռուսամետները  սպասում  են  տեսնեն`  քամին  որ  կողմից  ոնց  կփչի:

Ասացինք,  որ  գործնական  իմաստով  այս  պահին  մեր  ընդդիմադիրները  պարապուրդի  մեջ  են:  Եվ  եթե  խոսում  էլ  են,  հիմնականում  պարապությունից  են  խոսում:  Ասվածը  հիմնականում  վերաբերում  է  ընդդիմադիր  կուսակցություններին  ու  կուսակցականներին:

Ինչ  վերաբերում  է  անկուսակցականներին  ու  քաղաքացիական  նախաձեռնությունների  նախաձեռնողներին,  նրանք  իրենց  հնարավորության  սահմաններում  լավ  էլ  գործում  են:

Օրինակ`  նախախորհրդարանի  ներկայացուցիչները:  Նրանք  մարզից  մարզ  են  գնում  և  մինի  հանրահավաքներ  են  կազմակերպում:  Րաֆֆի  Հովհաննիսյանի  օրինակը,  փաստորեն,  վարակիչ  էր:  Լավ  իմաստով,  իհարկե:  Հարկ  եղած  դեպքերում  նրանք  նաև  Ազատության  հրապարակում  են  հանրահավաքներ  անցկացնում,  և  նրանց  այս  պարբերական  մինի  հանրահավաքներն  էլ  հիշեցնում  են  երբեմնի  Նիկոլի  երբեմնի  «1+1+1»  նախաձեռնությունը:  Այսինքն,  նախախորհրդարանի  ժողովուրդն   էլ  է  փորձում  ամեն  ինչ  զրոյից  սկսել,  և  գովելի  է,  որ  հընթացս  նաև  նախորդների  փորձից  է  օգտվում,  ընդ  որում`  իր  անվանումից  սկսած:

Համենայն  դեպս,  ի  տարբերություն  ուրիշների,  տեղները  պարապ  նստած  չեն  և  միայն  խոսելով  չեն  սահմանափակվում,  ընդ  որում`  հարկ  եղած  դեպքերում  կուսակցականներից  պակաս  չեն  խոսում  և  առիթից  առիթ  հայտարարում  են,  որ  Հայաստանի  կուսակցություններն  ու  կուսակցականները  սպառել  են  իրենց:

Ինչպես  տեսնում  եք,  կոմպլեմենտարիզմը  ոչ  միայն  մեր  արտաքին  քաղաքականության  մեջ  է  իրեն  սպառել,  այլև`  ներքաղաքական  հարաբերություններում:

Բայց  ինչ  էլ  հայտարարեն,  մի  գեղեցիկ  օր  իրենք  էլ  են  կուսակցություն  ու  կուսակցական  դառնալու.  եթե,  իհարկե,  իսկապես  որոշել  են  մեր  երկրում  ինչ-որ  բան  փոխել:

Սա,  իհարկե,  իմ  անձնական  կարծիքն  է,  և  իմ  անձնական  կարծիքով` նախախորհրդարանը  կարելի  է  վերանվանել  նախակուսակցություն:

Ինչ  վերաբերում  է  մեր  երկրում  ինչ-որ  բան  փոխելուն:  Ոչ  թե  հարկավոր  է  մեր  երկրում  ինչ-որ  բան  փոխել,  այլ  հարկավոր  է  մեր  երկրում  ինչ-որ  բան  դեպի  լավը  փոխել:

Թե  չէ`  փոխելու  գործը  մեր  իշխանություններն  էլ  են  շատ  լավ  անում:  Գազի  ու  ամեն  ինչի  գները  լավ  էլ  փոխում  են:

 ՈՍԿԱՆ  ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930