Բյուրականի աստղադիտարանը դարձավ Գիտական միությունների միջազգային խորհրդի (ԳՄՄԽ, International Council of Scientific Unions – ICSU) համաշխարհային տվյալների համակարգի (World Data System – WDS, https://www.icsu-wds.org/) անդամ: Ներկայումս մի շարք գիտություններ և մարդկային գործունեության այլ ոլորտներ սկսել են լայնորեն օգտագործել բոլոր բնագավառներում կուտակված տվյալները և փոխանակվել դրանցով: Օրինակ, աստղագետներն օգտագործում են ատոմային սպեկտրադիտության տվյալները, հաղորդակցության միջոցները՝ օդերևութաբանության, տիեզերական թռիչքների համար օգտագործում են աստղաչափական տվյալները և այլն: Այդ առիթով գաղափար է առաջացել ստեղծել բոլոր տվյալների մի հսկայական շտեմարան, որտեղ հատուկ ձևաչափով կպահվեն և օգտագործման համար հարմար տեսքով մատչելի կլինեն տարբեր գիտություններից ստացված տվյալները: Հենց դրա համար էլ վերջերս վիրտուալ աստղադիտարանների օրինակով ստեղծվել է WDS-ը, որն իրենից ներկայացնում է հատուկ ծրագրային ապահովմամբ աշխատող ակտիվ տվյալների շտեմարան: Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) է իրականացվել Հայաստանում առաջին թվայնացման նախագիծը՝ Թվայնացված առաջին բյուրականյան շրջահայությունը (Digitized First Byurakan Survey – DFBS), այնուհետև դրա հիման վրա ստեղծվել է Հայկական վիրտուալ աստղադիտարանը (Armenian Virtual Observatory – ArVO): Այս աշխատանքների և Բյուրականում կուտակված այլ դիտողական տվյալների ներգրավման համար էլ ԲԱ ընդունվեց ICSU WDS, որի կազմում արդեն ներգրավվել են շուրջ 100 գիտական կազմակերպություններ, տվյալների կենտրոններ ու շտեմարաններ, գիտահետազոտական և այլ ինստիտուտներ:Տվյալների ինտեգրման շնորհիվ առավել հեշտ ու մատչելի է դառնում գիտական, հատկապես միջճյուղային հետազոտությունների իրականացումը, ինչը խթանում է համագործակցության նոր ծրագրերի և գիտական նոր ուղղությունների առաջացմանը:
Հայկական աստղագիտական ընկերություն