«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը առայժմ չի ցանկանում մեկնաբանել իր հայցով Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի այսօր հրապարակած վճիռը: Միայն ասաց, որ վճիռը բողոքարկելու է:
Հիշեցնենք, որ դատարանը մերժել է Դ. Սանասարյանի հայցն ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով:
Այսօր նույն դատարանում մերժվել է նաեւ Ռուբեն Հայրապետյանի հայցը ընդդեմ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի՝ իր պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով:
Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժելու դատարանի որոշումը Հ. Խառատյանի համոզմամբ, հավասարակշռություն ստեղծելու նպատակ ունի:
Կարդացեք նաև
«Ես իսկապես Ռուբեն Հայրապետյանին չեմ վիրավորել, դատարանի կողմից ճիշտ որոշում էր, ես իսկապես ոչ վիրավորել եմ, ոչ էլ մտադրություն եմ ունեցել վիրավորել: Միաժամանակ համոզմունք ունեմ, որ դատարանը ոչ թե ճիշտ որոշում է կայացրել ճիշտ որոշում կայացրած լինելու համար, այլ որովհետեւ առաջիկայում կմերժեն նաեւ իմ, Գարեգին Չուգասզյանի ներկայացրած նույն պահանջով հայցը ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի: Ու Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժելով դատարանը փորձեց այսպես հավասարակշռություն ստեղծել», – Aravot.am-ին ասաց տիկին Խառատյանը:
Տիկին Խառատյանի խոսքերով. «Դատարանը գնացել է ֆորմալ ճանապարհով: Դավիթ Սանասարյանի հայցը մերժել են այն հիմքով, իբրեւ թե Սանասարյանը ուշացրել է դիմումը դատարան: Մինչդեռ Դավիթը ժամանակին էր ներկայացրել… ամբողջ դատաքննությունը տարօրինակ էր, որովհետեւ եթե մերժելի էր, ապա պետք է մերժեին հենց սկզբից եւ այդքան ամիսներ դատական օրեր չնշանակեին, փաստաբան չփոխեին եւ գործի քննությամբ չզբաղվեին: Արդյունքում գործի քննությունը իր մեջ չի պարունակել այդ բաղադիրչը, չի քննվել այդ հարցը, թե դիմումը ուշացվել է, բայց որոշումը կայացվել է այդ մասով: Ինձ համար տարօրինակ է այդ վճիռը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ