«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի եւ Իջեւանի հեռուստաընկերության, այդ ՀԸ լրագրող Նաիրա Խաչիկյանի միջեւ դատական վեճը շարունակվում է շուրջ 2 տարի: Գործի պատմությունը հետեւյալն է: 2011թ. հուլիսի 15-ին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել լրագրող Նաիրա Խաչիկյանի եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի դեմ, հայտնելով, որ 2011թ. հունիսի 21-ին Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվել է տեսանյութ, որի մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ: Հայցվորը դատարանին խնդրել է Ն. Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիային» պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել եւ պատասխանողներից համապարտության կարգով որպես փոխհատուցում բռնագանձել 3 միլիոն դրամ: Հայցը վերաբերում է պետբյուջեի միջոցներով «Իջեւանի ճՇՇ»-ի կողմից Իջեւանի մի քանի փողոցների նորոգման հանգամանքներին: 2012թ. ապրիլի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը հայցը բավարարել է մասնակի եւ վճռել Ն. Խաչիկյանից հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 50 հազար դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար եւ մնացած մասով հայցը մերժել: Դատարանը վճռել է Ն. Խաչիկյանից հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 20 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար եւ 1500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: 2012թ. հուլիսի 7-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում գործի քննությունը սկսվել է 2012թ. սեպտեմբերի 26-ին:
2013թ. մարտի 22-ին դատավոր Աշոտ Խաչիկյանը հրապարակելով վճիռը՝ համարել է, որ գործի քննությամբ չի հիմնավորվել «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին վիրավորանք հասցնելու հանգամանքը: Այդ հիմքով դատարանը մերժել է «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ին եւ Ն. Խաչիկյանին ներողություն խնդրելուն եւ համապարտության կարգով 1 միլիոն դրամ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու հայցվորի պահանջը:
Դատարանը որոշել է, որ զրպարտության առկայության պարագայում 2 միլիոն դրամ փոխհատուցումը պարտավորեցնելու պահանջը պետք է մերժել ՝հիմք ընդունելով պատասխանողների գույքային դրությունը: Դատարանը վճռել է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ Նաիրա Խաչիկյանի (ներողություն խնդրելուն եւ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին) մերժել: Դատարանը վճռել է «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից եւ Ն. Խաչիկյանից համապարտության կարգով հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 100 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար եւ 40 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Կարդացեք նաև
Ն. Խաչիկյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել այս վճռի դեմ: Քաղաքացիական վերաքննիչ դատարանում գործի քննությունը կայացել է հունիսի 12-ին,դատարանի որոշումը նախատեսված է հունիսի 26-ին: Վերաքննիչ դատարանում Ն. Խաչիկյանի շահերը պաշտպանել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանը: Վերջինս ասաց, որ վերաքննիչ բողոքն ուղղված էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի այն կետի դեմ, որով «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից եւ Ն. Խաչիկյանից համապարտորեն պետք է բռնագանձվեն փաստաբանի վարձատրության եւ պետական տուրքի գումարները: Օ. Սաֆարյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվում է , որ փաստաբանի վարձատրության գումարը եւ պետտուրքի վճարը պատասխանող կողմից գանձվում են, երբ հայցը բավարարվում է, մինչդեռ այս դեպքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի հայցը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ