Այսօր Արմավիրի մարզում կառավարության արտագնա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարեց հաշվի առնել արմավիրցի ուսանողների ուսման վարձերի հարցը, քանի որ նրանք վճարելու խնդիր ունեն: Այս առնչությամբ կրթության եւ գիտության նախարարը վստահեցրեց, որ դիմել է պետական և մասնավոր բուհերի ռեկտորներին՝ առաջարկելով Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած գյուղերի ուսանողների համար կիրառել ուսման վարձերի մինչեւ 80% զեղչ: Բացի այդ, պարոն Աշոտյանն ասաց նաեւ, որ Արմավիրի մարզում աշակերտների թվի նվազում է արձանագրվել, ինչն էլ դպրոցների ֆինանսավորման հետ կապված խնդիրներ է առաջացրել: Ըստ նախարարի, Արմավիրում 100-ից պակաս աշակերտներով դպրոցների թիվն ավելացել է:
Կառավարության այսօրվա Արմավիրի մարզում արտագնա նիստին կարկտահարությունից տուժած գյուղացիների համար զբաղվածության 175 միլիոն դրամանոց ծրագիր հաստատեց: Ըստ այս ծրագրի, ինչպես ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, մարզում գործազրկության նպաստներն ուղղվելու են կոնկրետ աշխատանքների իրականացմանը. ծրագրի շրջանակներում մարզի հողօգտագործողներն աշխատատեղեր կստեղծեն կարկուտից տուժած համայնքների բնակիչների համար՝ օրական 4000 դրամ վարձատրությամբ: Այդ գումարի 80 տոկոսը կառավարությունը կփոխհատուցի գործատուին հենց գործազրկության նպաստի միջոցներից: Ըստ նախարարի, այս փորձնական ծրագրից կօգտվեն 500 ընտանիքներ, բացի այս, սոցիլապես անապահովներն էլ, որոնք եւս կարկուտից վնասներ են կրել՝ միանվագ դրամական օգնություն կստանան:
Նիստում նաեւ հաստատվեց՝ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նիստին ներկա պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ներկայացմամբ` օրենքների այս փոփոխությամբ կամրագրվի երկարապահ կամավորական ազատամարտիկների կարգավիճակ եւ նաեւ այն ազատամարտիկների, որոնք ԵԿՄ անդամ չեն. «Կան սահմանված համապատասխան չափորոշիչներ, այն ազատամարտկները, ովքեր համապատասխանում են չափանիշներին, առնվազն երեք ամիս մասնակցել են մարտերին, կհամարվեն երկրապահ կամավորներ»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով էլ`առաջին հերթին պետք է փոխվի մարդկանց մտածողությունն ազատամարտիկների նկատմամբ: Ըստ վարչապետի, հայկական սերիալներում պատերազմի մասնակիցների, ազատամարտիկների կերպարը բացասական է ներկայացվում, սա պետք է փոխվի:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Վերջին նախադասությունը՝ ինձ մինչև հոգուս խորքը ցնցեց,՝ վարչապետի հոգատարության խորը
մտահոգությունը,՝ սերյալներում ազատամարտիկների բացասական կերպարներ փոխելու մասին:
Իսկ եթե անկեղծ,՝ ինչպիսի ցինիզմ, ու անմարդկային ծաղրանք, այդ ազգի նվիրյալների նկատմամբ: