Լրահոս
Օրվա լրահոսը

Մնանք Իշխան Զաքարյանի «սյուրպրիզներին» սպասելով

Հունիս 13,2013 17:52

Այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո, բավականին զավեշտալի իրավիճակ ստեղծվեց: Իրենց զայրույթը, զարմանքը եւ վրդովմունքն առավել շատ չէին կարողանում թաքցնել հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորները՝ հերթ չտալով անգամ ընդդիմադիրներին:

Անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բավականին կոշտ ելույթ ունեցավ՝ զարմանալով, թե նման աղաղակոտ բացահայտումներից հետո ինչո՞ւ վարչապետն ու կառավարությունը համապատասխան հետեւություններ չեն անում եւ քայլեր չեն ձեռնարկում: Լրագրողները ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեցին՝ անկանկալ չէ՞ր հատկապես իշխանությունների բարկությունը: ՀՀԿ-ականների եւ ՕԵԿ-ականների ելույթները, պարզվում է, անակնկալ չէին ՎՊ նախագահի համար: Ավելին, այդ ելույթները, ըստ նրա, խոսում են իշխանությունների համարձակության մասին, որ մտնում են այդ դաշտ:
«Մենք չորս տարի շարունակ խոսում էինք տնտեսության բոլոր ոլորտների մասին եւ հստակ ընդգծում էինք երեք ուղղություն, որտեղ կան լուրջ կոռուպցիոն ռիսկեր՝ սոցիալական ոլորտ, շինարարություն եւ գնումներ: Իշխանությունը համարձակ մտավ եւ սոցիալական ոլորտը շտկեց, այսօր որեւէ մեկը չի կարող ասել, որ այդպես չէ, դա նշանակում է պետական բյուջեի ծախսային մասի երեսուն տոկոս: Հիմա մենք մտնում ենք մնացած յոթանասուն տոկոսով, որը վերաբերվում է քաղաքաշինությանն ու գնումներին: Ես սա շատ համարձակ քայլ եմ համարում իշխանության կողմից, մտնել այդ դաշտ, շտկել, փոխել, ձեւափոխել եւ հասնել նրան, ինչին մենք հասանք թոշակների մասով»,-ասաց Իշխան Զաքարյանը:
Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունների համարձակությունը թույլ չի տալիս բռնել ԱԺ նախագահի մատնանշած «թալանչու» ձեռքը, Զաքարյանն ասաց, որ պետք է մինչեւ վերջ բացահայտվի կոռուպցիոն ցանցը: Զաքարյանը հայտարարեց, որ շատ հաճախ պատճառն օրենքի անկատարությունն է, եւ որպես օրինակ բերեց տարիներ առաջ Արգավանդի հողերը կահույքի հանութներին եւ կազինոներին հինգ- վեց դրամով վաճառելը, մինչդեռ դրա շուկայանական գինը եղել է 800-1000 դոլար. «Բայց ո՞ւմ մեղադրել, երբ որ օրենքի մեջ հստակ գրված է եղել, որ ավագանին կարող է որոշում կայացնել եւ վաճառել, ավագանին էլ որոշում է կայացրել եւ վաճառել»:
Aravot.am-ի հարցին՝ հիմա կոնկրետ ի՞նչն է խանգարում իշխանություններին բռնել թալանչու ձեռքը, ՎՊ նախագահն այնպես էլ հստակ պատասխան չտվեց: Ասաց. «Ես չեմ կարծում որ հիմա որեւէ բան խանգարում է, ես ընդհակառակը, համոզված եմ, որ կլինեն պատիժներ: Ես կարծում եմ կարեւորը, որ համարձակ մտել ենք այս դաշտ, մնացածը, համոզված եմ, որ մի օր այս ամբիոնում կանգնելու եւ ասելու ենք, որ այս երկու բնագավառն էլ կոռուպցիոն ռիսկերից ազատվել են»:

Մեր հաջորդ հարցին` ինչո՞ւ են մեղավորներին չպատժելու համար միշտ իրեն մեղադրում, գուցե դատախազություն ուղարկվող գործերն ընտրողաբա՞ր են կամ դատախազությո՞ւնն է ընտրողաբար մոտենում ՎՊ-ի ուղղարկած գործերին, Զաքարյանն ասաց, որ իրեն չեն մեղադրում, պարզապես վրդովվում են, ջղայնանում եւ մտահոգվում:
Yerkir.am-ի դիտարկմանը՝ ո՞ւմ վրա է ջղայնանում իշխանությունը, ինքն ի՞ր, ՎՊ նախագահը նշեց, որ օրինակ ինքն անձամբ միշտ փորձում է խոսել բացերի մասին, բայց դա չի նշանակում, որ շտկված իրավիճակ չունենք:  Aravot.am-ը խնդրեց կոնկրետ մեղավոր պաշտոնյաների անուններով խոսել: ՎՊ նախագահը ձեռնպահ մնաց:  Ասաց, որ ինքն անձնավորելու դաշտ չի ուզում մտնել: Խնդիրը մոտեցումների եւ համակարգերի մեջ է համարում:
Yerkir.am-ի դիտարկմանն էլ, թե այսօրվա ՀՀԿ-ականների ելույթներից, զարմանքից եւ զայրույթից կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջընթաց է գրանցվելու պատժելու տեսանկյունից, սպասե՞նք անակնկալներ, ՎՊ նախագահն ասաց.«Այո, երկուսուկես տարի ես խոսում էի թոշակների մասին, կար հեգնանք, անվստահություն, անհավատություն, ընդհուպ մինչեւ ՎՊ նախագահի զեկույցները համարում էին բեմականացված շոուներ, ինչ ասես ինձ չէին ասում, հիմա ինչո՞ւ չեն գրում:Հիմա բոլորը հասկացան, որ շուու չէր, ոչ էլ թատերականացված միջոցառում: Դա դաշտը մտնել շտկելու համարձակ քայլ էր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Այս պարագայում զարմանալ կարելի է միայն ԱԺ-ի նախագահի,նրա տեղակալի և մյուս ՀՀԿ-ականների ,,զարմանալու,, ու ,,վրդովվելու,, վրա: Հետաքրքիր է, ում? են (հազար ներողություն) հայտնի կենդանու տեղ դնում` մարդկանց?,թե? իրենց:Հավանաբար ,,վրդովվել,, են այն բանից,որ որոշ գումարներ իրենց ,,կողքով են անցել,,:Այս դեպքում նրանց հասկանալ կարելի է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930