Այսօրվա ասուլիսում հնչած հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք դանիացի մարզիչ Յան Պոուլսենի այն հայտարարությունը, թե իր` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ աշխատելու ժամանակ, միջամտել եք հավաքականի կազմի ձեւավորմանը, եւ դրա համար է ինքն ազատվել աշխատանքից, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Յան Պոուլսենը մեծ ստախոս է: Մոլդովայի հետ խաղից հետո ես նրան հարցրել եմ, թե ինչո՞ւ է վնասվածք ունեցող Արթուր Ոսկանյանին խաղացնում, երբ ֆուտբոլիստի ոտքը ցավում է, եւ նա չի կարողանում խաղալ: Նրա պատասխանը եղել է, թե ֆուտբոլիստն ասել է, թե ինքը կարող է խաղալ: Ես էլ պատասխանել եմ. եթե մարզիչը ֆուտբոլիստի ցանկությունով է որոշում հավաքականի կազմը, ուրեմն դուք հեռացված եք հավաքականի մարզչի պարտականությունից: Իսկ եթե ֆուտբոլիստի ոտքի մկանը կտրվե՞ր…: Ես երբեւէ չեմ միջամտում հավաքականի կազմն ընտրելուն: Բայց խաղից հետո իմ կարծիքը հայտնում եմ: Ես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եմ եւ թիվ մեկ պատասխանատուն: Այո, ճիշտ եք անում, որ պահանջում եք ինձնից: Բայց ես էլ պետք է պահանջե՞մ իմ ենթականերից: Ես դա պարտավոր եմ անել: Պոուլսենին նշանակելն իմ սխալներից մեկն էր: Ես դա ժամանակին էլ եմ ասել: Բայց որ նրա տարիքում սուտ են խոսում, դա շատ վատ է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախ հայտարարվում է, թե դանիացի մարզիչ Յան Պոուլսենը մեծ ստախոս է, երբ նշում է, որ ինքն ազատվել է աշխատանքից ֆեդերացիայի նախագահի կողմից հավաքականի կազմի ձևավորման աշխատանքներին միջամտելու պատճառով, հետո էլ տրված բացատրություններից պարզ է դառնում, որ այդ միջամտությունը խաղից հետո այնուամենայնիվ արվում է: Թեկուզ այն քննարկումը, թե ինչու է մարզիչը ոտքը ցավող ֆուտբոլիստին խաղացնում (բա որ մկանը կտրվեր), դա էլ է միջամտություն: Բացատրվում է, որ դա արվում է, քանի որ ինքը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է և թիվ մեկ պատասխանատուն:
Թիվ մեկ պատասխանատու լինելը դեռ չի նշանակում հավաքականի մարզիչից ավելի շատ ֆուտբոլ իմանալ կամ էլ ավելի շատ մարզչական փորձ և հմտություն ունենալ: Եթե մարզիչ ես ընտրում և աշխատանքի նշանակում, ապա երկար ժամանակ նրան պետք է թողնես ինքնուրույն աշխատի, ոչ թե ամեն խաղից հետո շնչի վրա նստես ու նկատողություն անես այն հարցերում, որը գտնվում է բացառապես մարզիչի իրավասության տիրույթում: