Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Մեզ չեն խնդրում ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, մեզ առաջարկում են»

Հունիս 13,2013 16:58

Շահնազարյանի կարծիքով` ՌԴ-ն է ճնշումներ գործադրում մեզ դեպի Եվրասիական միություն եւ Մաքսային միություն ուղղորդելու համար:

 

Այսօր «Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի կազմակերպած`«ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկմանը «Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը, նախ անդրադառնալով եվրոինտեգրման ճանապարհին Ադրբեջանի ու Բելառուսի քայլերին, նկատեց, որ այս երկրներն էլ են ներգրավված եվրոինտեգրման գործընթացում, բայց երկրորդ-երրորդ փուլում են գտնվում, մինչդեռ չորս երկրների` Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ու Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթ են:

Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ոչ միայն ստորագրել ԵՄ Ասոցացման պայմանագիրը, այլեւ անցնել այդ բավական դժվարին ուղին, հնարավո՞ր կլինի վարել այսպիսի քաղաքականություն` մնալով Ռուսաստանի հետ այսօրվա հարաբերությունների մակարդակին` պաշտպանության եւ անվտանգության հարցերում եւ տնտեսական ոլորտում, եւ մտնել եվրոպական շուկա եւ այդ շուկայում հնարարավորություն ստանալ գործելու, հարցեր բարձրացրեց Դավիթ Շահնազարյանը:

Քննարկման ընթացքում ելույթներ եղան ԵՄ Ասոցացման համաձայնագրի համար Հայաստանում օլիգարխիայի բացասական դերի վերաբերյալ: Այս առիթով Դավիթ Շահնազարյանը նկատեց. «Բայց չէ՞ որ նաեւ օլիգարխների համար բացվելու են նորանոր հնարավորություններ, քանի որ Հայաստանը հնարավորություն կունենա մուտք գործել եվրոպական կես միլիարդանոց շուկա: Այն ապրանքները, որոնք կարտադրվեն Հայաստանում` հնարավորություն կունենան վաճառվել եվրոպական շուկայում: Արդյո՞ք սա լուրջ խթան չէ ներդրումների համար, օլիգարխիկ կառույցների շահագրգռելու համար, որպեսզի նրանք արտադրական ներդրումներ իրականացնեն»:

Դ.Շահնազարյանը նշեց, որ ցավոք անվտանգության առումով Հայաստանն այսօր այլընտրանք չունի, թեկուզ այն պարզ պատճառով, որ նման առաջարկ չենք ստացել արեւմուտքից. «Վրաստանի ձգտումը դեպի ՆԱՏՕ` տեսանք, թե ինչով ավարտվեց: Վրաստանի իշխանությունները ծրագիր ունեն, որպեսզի 2014 թվականին Վրաստանը ստանա ՆԱՏՕ-ի MAP-ը` Membership action plan, կարծում եմ, որ չեն ստանալու, խնդիրները շատ-շատ են»:

Նա խորհուրդ տվեց ԵՄ Ասոցացման պայմանագիրը չկապել ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի դերի հետ այս տարածաշրջանում, դրանք տարբեր խնդիրներ համարելով: «Ի՞նչ է հիմա ասվում ԵՄ Ասոցացման ընդդիմախոսների կողմից… Ռուսաստանը արհամարհում է մեր կարծիքը, Ռուսաստանի համար անընդունելի է, որ Հայաստանը ստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, եւ եթե դա տեղի ունենա` 11-րդ բանակը գալու է, Հայաստանը օկուպացնի, փաստացի այս հարցադրումն է դրվում: Լիովին ընդունելի է այն քննադատությունը, որ Հայաստանի իշխանությունները չունեն քաղաքական այն բովանդակությունը, ինքնաբավությունը, որ հստակ կարողանան մեր շահերը ներկայացնել: Մենք ոչ մի տեղ չենք գնում, մենք ընդամենը հնարավորություն ենք ստանում իրականացնել այնպիսի ռեֆորմներ, որ կարողանանք մուտք գործել այդ ԵՄ շուկա: Մեզ չեն խնդրում ստորագրել ԵՄ Ասոցացման պայմանագիրը, մեզ չեն քշում դեպի ԵՄ, ինչպես Ռուսաստանն է ճնշումներ գործադրում`դեպի Եվրասիական միություն եւ Մաքսային միություն, ընդհակառակը մեզ առաջարկում են, ասում են` ծանր քննություն պետք է հանձնեք, որ կարողանաք մտնել ԵՄ շուկա: Ուզո՞ւմ եք` խնդրեմ, չե՞ք ուզում, ձերն է ընտրությունը»:

Դ.Շահնազարյանը նշեց, որ հեռու է այն մտքից, որ Հայաստանում ռուսական բազան Հայաստանի անվտանգության երաշխիքն է. «Գուցե հակառակը: Ես հեռու եմ այն մտքից, որ Աստված մի արասցե, Ղարաբաղում պատերազմ բռնկվի` այդ բազան կարող է ինչ-որ ձեւով ազդել իրավիճակի վրա… Ո՛չ: Լավագույն դեպքում, թող մեզ չխանգարեն, այդ փորձն էլ ունենք: Մենք հստակ գիտենք, որ Ռուսաստանը կողմնակից չէ, որպեսզի այս տարածաշրջանում լինի խաղաղություն, որքան էլ Լավրովը հայտարարի, թե ստատուս-քվոն ձեռնտու չէ… Շատ էլ լավ ձեռնտու է»,- նշեց նա:

Դ.Շահնազարյանը նշեց նաեւ, որ ԵՄ Ասոցացման գործընթացը չպետք է թողնել միայն իշխանությունների վրա. «Այս իշխանությունների հետ հույս ոչ ոք չի կապում, բայց հասարակությունը պետք է գիտակցի այս գործընթացի կարեւորությունը: Համեմայնդեպս, ԵՄ Ասոցացման պայմանագիրը մի ճանապարհ է, որտեղից կարելի է հետ գալ, եթե ցանկանանք: Մինչդեռ Ռուսաստանի ինտեգրացիոն պրոցեսը` անշրջելի գործընթաց է, եթե քայլն անում ես` հետդարձ ճանապարհ չունես: ԵՄ Ասոցացման ճանապարհը մի գործընթաց է, որը ամրապնդում է մեր պետականությունը: Մյուս ինտեգրացիոն պրոցեսները` ճիշտ հակառակը: Զարմալի է, որ այսօր քաղաքական դաշտի մի ստվար զանգված արհամարհանքով է վերաբերվում մեր պետականությանը»,- նկատեց բանախոսը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930