Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրում բացի կարկուտից, առողջապահական խնդիրներ էլ կան

Հունիս 13,2013 16:48

Այսօր Արմավիրում տեղի ունեցող կառավարության նիստի ժամանակ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մի շարք խնդրների անդրադառնալով, դիմեց նաեւ առողջապահության նախարարությանը, որպեսզի բուժհաստատությունների օպտիմալացման ծրագրի շրջանակներում ուշադրություն դարձնեն նաեւ Արմավիրին:

Այս առնչությամբ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց, որ Արմավիրի բժշկական կենտրոնը հիմնանորոգվել է 2,5 մլն դոլարին համարժեք դոլարով, 42 ամբուլատորիաներ վերակառուցվել են կամ վերանորոգվել: Ծախսվել է շուրջ 35 մլն դոլար, բայց դեռեւս մնում է 10 ամբուլատորիաների վերանորոգման խնդիրը:  Պարոն Դումանյանի խոսքերով՝  «Դեռեւս խնդիր է Վաղարշապատի ծննդատունը»: Այստեղ, ինչպես նշեց նախարարը, կան հրաշալի մասնագետներ, բայց շենքային պայմանները բավարար չեն: Այստեղից հղիները հիմնականում գալիս են Երեւան ծննդաբերելու: Պարոն Դումանյանի խոսքերով՝ այս տարվա առաջին 6 ամսում 1356 արմավիրցի կանայք են ծննդաբերել, որոնցից 723-ը՝ մարզում:

Պարոն Դումանյանը հիշեցրեց, որ մայիսի 1-ի իր հրամանով մարզերի  հղիները, եթե չունեն պաթոլոգիական կամ այլ ծառայությունների խնդիր, պետք է իրենց համայնքում ծննդաբերեն  Իսկ նրանք, ովքեր ունեն պաթոլոգիական խնդիրներ, ուղեգրով իրավունք ունեն անվճար ծննդաբերել նաեւ Երեւանի կլինիկաներում: Այն հղիները, որոնք խնդիր չունեն, բայց ցանկություն ունեն մայրաքաղաքում սպասարկվել, պետք է վճարեն: Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, որ իր այս հրամանից հետո,, 15 տոկոսով կրճատվել է մարզերից Երեւան եկող հղիների քանակը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե ի՞նչ փուլում է Մեծամորի պոլիկլինիկայի խնդիրը, քանի որ մեծամորցիները հիմնականում այդ հարցն են բարձրացնում, նախարարը վստահեցրեց, որ այս տարի արդեն կսկսվեն Մեծամորի պոլիկլինիկայի վերակառուցման աշխատանքները:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նիստին իր զեկույցի ընթացքում ասաց, որ «հետագայում կարկտահարության դեպքերը նվազեցնելու նպատակով մարզում կառուցվելու է եւս 50 հակակարկտային կայան եւ 15 համայնքներում գործող 30 համայնքային սեփականություն հանդիսացող կայանները հանձնվելու են  արտակարգ իրավիճակների նախարարությանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930