«Այս նստաշրջանի ընթացքում իշխանությունը տորպեդահարել է մեր բոլոր նախաձեռնությունները՝ հատկապես մարտի 1-ի դեպքերի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ամփոփելով հինգերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի աշխատանքներն, ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Վերջինիս խոսքով՝ մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծումը պառլամենտական գործունեության եւ հանդուժողականության ավելացման լայն հնարավորություն կտար, բայց իշխանությունը «գցեց» ընդդիմությանը՝ հիմնավորելով, որ մարտի 1-ը բացահայտելու ցանկություն ամենևին չունեն։ ՀԱԿ պատգամավորի կարծիքով խորհրդարանից դուրս տեղի են ունենում հանցագործություններ, որոնք կատարողները պատժի չեն ենթարկվում, ինչը բերում է հիասթափության, ապատիկ վիճակի և արտագաղթի։ Նրա համոզմամբ, եթե արտագաղթը չի կանխվում, ապա որևէ դրական գնահատական տալ հնարավոր չէ։
Անդրադառնալով նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանի այն դիտարկմանը, որ արտագաղթի հարցում մեղավոր է նաև ընդդիմությունը, քանի որ չի կարողանում այլընտրանք ստեղծել հասարակության համար՝ Մանուկյանն ասաց․«Եթե վարչապետն ասի, որ մարտի 1-ի զոհերը մենք ենք տվել, նա ճիշտ է, միգուցե ճիշտ կլիներ, որ նա մեծամասնությանը համոզեր, որ մարտի 1-ը պետք է բացահայտվի։ Մենք նրան առաջարկ ենք արել իր անձի հետ կապված հարցերը միասին քննարկել, և եթե տղամարդը մաքուր է, ապա ցանկացած տեղ կապացուցեր իր անմեղությունը։ Բայց նրանք բացահայտ կոծկում են հանցագործությունները՝ պետական հովանավորություն դրսևորելով հանցագործների նկատմամբ»։
Մանուկյանը ցինիզմի սուպեր դրսևորում է դիտարկում իշխանավորների այն հայտարարությունները, որ Հայաստանում ընդդիմություն չկա, և իրենք ինչպես իշխանություն են, այնպես էլ ընդդիմություն։ «Ես չեմ չարախնդում, ես պարզապես չեմ ուզում, որ այդպես լինի՝ ոչ թե նրա համար, որ ես իշխանություն լինեմ, այլ որ հայաստանցին մնա Հայաստանում։ Մեր այսօրվա անվերադարձ կորուստը հայաստանցու արտագաղթն է։ Եթե արտագաղթը մեծանում է, եթե հայը Հայաստանում չի ապրում, ուրեմն թքած և պառլամենտի, և իշխանության վրա»,- նշեց նա։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ