Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյանը Աբրահամ Մանուկյանին «պաշտպանեց» լրագրողներից

Հունիս 13,2013 16:00

ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը գոհ է կառավարության աշխատանքից: Այս մասին նա ասաց խորհրդարանում Aravot.am, Yerkir.am եւ Ա1+  կայքերի լրագրողների հետ զրույցում:

Ինչի՞ վրա եւ ո՞նց ծախսեն մարդիկ 45 հազար դրամ  նվազագույն աշխատավարձը՝ պարոն Մանուկյանից հետաքրքրվեցին լրագրողները: «Բնական է, իրանց կենսական մակարդակը պահպանելու համար»,-ասաց պարոն Մանուկյանը: Իսկ այդ գումարը բավակա՞ն է՝ այս հարցի պատասխանը եղավ.«Իհարկե, բավական չի դա»: Քանի՞  օր դուք կապրեք էդ գումարով՝ հետաքրքրվեցին լրագրողները. «Ես չեմ կարա ասեմ, բայց որ էդ վիճակում ըլնեի՝ կապրեի, ոնց որ մնացած ժողովուրդն ա»: Պատգամավորը գտնում է, որ ժողովուրդն այսօր լավ վիճակում չէ:
Այս ամբողջի ֆոնին ուշագրավ էր հետեւյալ հարցի պատասխանը՝ կառավարության այսօրվա գործունեությունից գո՞հ եք: Պարզվում է, այնուհանդերձ, ԲՀԿ-ական պատգամավորը գոհ է կառավարության աշխատանքից: Զարմացած լրագրողները հիշեցրեցին, որ ԲՀԿ-ականները քննադատում են վարչապետին, նրա վարած քաղաքականությունը: Պատգամավորը «տակից դուրս եկավ»՝ ասելով. «Ամեն մարդ իր կարծիքն ունի»: Հարցին՝ ի՞նչն է այդքան գոհացնում վարչապետի եւ կառավարության աշխատանքում, ԲՀԿ-ական պատգամավորը ասաց. «Խնդիրն այսպես է, նախ պետք է վերլուծել, թե ինչպես է երկրի իրավիճակը, քաղաքական վիճակը, ներտնտեսական վիճակը, հնարավորությունները,  նոր դնել եւ մարդկանց ասել, որ սխալ են: Իհարկե, գոհունակությունը չի կարող լինել հարյուր տոկոս, բայց նայեք ընդհանուր վիճակը»: Ուշագրավ է, որ ԲՀԿ-ական պատգամավորի այս հայտարարություններից նեղսրտած ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Գուրգեն Արսենյանը, ով հեռվից լսում էր խոսակցությունը, միջամտեց՝ ասելով, որ Մանուկյանը եւս մեկ հարցազրույց տա, հավանաբար սխալ ձեւակերպումներն ուղղելու ակնակալիքով:
Այս անգամ լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիքի է Աբրահամ Մանուկյանը նախագահի գործունեության մասին: Պարզվում է, ԲՀԿ-ական պատգամավորը Սերժ Սարգսյանի գործունեությունից էլ է գոհ: «Նախագահին չի կարելի ընդհանրապես քննադատել: Այս ամբողջ հանրապետության հոգսն ու բեռը Սերժ Սարգսյանի ուսերին է: Նախագահը սիմվոլ է, չի կարելի ամեն վայրկյան մարդուն միշտ քննադատել ու քննադատել»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Լրագրողների դիտարկմանը, բայց չէ՞ որ դուք դեմ եք քվերակել բյուջեի կատարողականին, նաեւ բյուջեին, Մանուկյանը հակադարձեց`«բայց դուք լա՞վ եք նայել՝ ես դե՞մ եմ քվեարկել»: Նկատեցին, որ ԲՀԿ խմբակցությունն անբավարար գնահատեց կառավարության գործունեությունը, նաեւ՝ իր քվեարկությամբ: Մանուկյանն ասաց, որ որպես խմբակցության անդամ ինքն էդպես էլ իր կարծիքն արտահայտել է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սարսափելի իրավիճակ է, երբ միջակության շեմը անցել է տգիտության

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930